Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել Թուքիայի արտգործնախարարությունը՝ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններից պահանջելով պարզաբանում տալ միջադեպի առնչությամբ:Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն նշել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության կողմից ցուցադրված նամականիշների վրա քարտեզի պատկերումը, որում ընդգրկված են տարածաշրջանային երկրները, հակասում է միջազգային իրավունքին:
«Իրան թեմայի շուրջ իր առարկություններն է ներկայացրել Իրաքի կառավարությանը և կոչ արել անմիջապես շտկել այս ոչ բարեկամական գործողությունը, ասել է Խաթիբզադեն:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին մեկնարկել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Պապի հովվապետական այցն Իրաք։ Պապը եղել էր Էրբիլում և հանդիպում ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարության հետ:
Հռոմի պապի այցելության առթիվ թողարկված նամականիշի վրա պատկերված էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ գլխավերևում՝ «Մեծ Քուրդիստան» աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկը:
Հիշյալ քարտեզում ընդգրկված են ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավային ու հարավ-արևելյան նահանգները, որոնց զգալի մասը պատմական Հայաստանի տարածքներն են, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմտյան տարածքների մի մասը: