ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ
Արեւմուտքի չմիջամտելն Արցախի կործանիչ պատերազմում ընկալվեց որպես 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի կրկնություն: Արցախն ու հայերին ռեալպոլիտիկի զոհասեղանին ակնհայտորեն թողնելուց հետո, հայերին կոչ է արվում անհրաժեշտ դասեր քաղել եւ վերանայել իրենց կապը պատրանքային քրիստոնյա Արեւմուտքի հետ, ինչպեսեւ իրենց դառնալիքըՙ որպես ազգ:
Այս անգամ, ինչպես սովորաբար, Հայաստանըՙ այդ «խիզախ փոքրիկ դաշնակիցը», ինչպես կասեր Կլեմանսոն, Ֆրանսիայից ստացավ միայն կարեկցանքի ժեստերՙ խառնված նվաստացնող մարդասիրական օգնությանը, որպեսզի «տարածաշրջանում չմեռնի հայկական երազանքը»ՙ ըստ Էմանուել Մակրոնի:
Մակրոնյան հայտնի «միեւնույն ժամանակը» կիրառվեց բազմիցսՙ թե՛ Բաքվի ու Երեւանի դեսպանների թվիթերային մրցավազքի մեջ, որտեղ երկուստեք առաջարկվում էր Ֆրանսիայի բժշկական օգնությունը, թե՛ ԱԳՆ-ի հայտարարագրերում: ՄԱԿ-ում անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան ցուցաբերեց քաղաքական խիզախությունՙ մատնանշելով հարձակվողին ու հարձակվածին, ինչն ամենեւին չխանգարեց դիվանագիտության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանին ստանձնել Էդուար Դալադիեի դերը, երբ, Ժան Ժորեսին վայել ճառով, պետք եղավ արձագանքել պատգամավոր Վալերի Բուայեիՙ օգնության հասնելու կոչին *) Այդ կոչը, նույնպես Տ. Եկավյանի գրչով, «Ազգ»ը թարգմանաբար ներկայացրել է: Ֆրանսիայի հայ համայնքի հետ բոլոր հանդիպումների ժամանակ քաղաքական գործիչները չեն մոռանում բարձրաձայն ու հպարտորեն հիշատակել բարեկամության խորհրդանիշերըՙ ամրապնդված հայերի ավանդական ֆրանսասիրությամբՙ սկսած դեռ Կիլիկիայի թագավորությունից, Մանուշյանի, Ազնավուրի կերպարներով, Հայ դատի օգտին ֆրանսիական հայասիրական շարժման անհերքելի սատարումով… Մոռանալով, որ բարեկամության գաղափարը ոչ մի ազդեցություն չունի միջազգային հարաբերությունների վրա:
Իհարկե, ատենագրությունները, որոնց տակ ստորագրում էին հայտնի մտավորականներ ու բազմաթիվ քաղաքական գործիչներ, հետեւեցին մեկը մյուսին, սակայն հայկական ազգանուններով փորձագետներ հաճախ չհրավիրվեցին հեռուստահարթակներ կամ ռադիոստուդիաներ: Աջամետ թե ձախամետ որոշ ֆրանսիացի վերլուծաբաններից կհիշվեն միայն կարծրատիպեր կրկնելու ունակությունըՙ խառնելով խղճահարություն հայերի նկատմամբ, եւ հազիվ քողարկված հիացմունք ադրբեջանցիներիՙ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով իրենց տարածքային ամբողջությունը վերականգնելու հանդեպ, որն իրականացվում էր ամենաարդիական այնքան ուժեղ իսրայելական զենքերով եւ կրկնակի ստանդարտների կրող միջազգային իրավունքով:
Որեւէ կասկածից դուրս Շվեյցարիան
Թեեւ Հելվեթական կոնֆեդերացիան պարծենում է 19-րդ դարում Հայ դատի հարցում նշանակալի դեր խաղալու համար, ինչպես եւ համիդյան ջարդերի ժամանակ, Եղեռնի մազապուրծների օգնության ու աջակցության գործում իր միսիոներների հսկայական դերակատարությամբ, պետք է նկատել, որ շվեյցարական դիվանագիտությունը համեստաբար, սակայն վստահաբար ընտրեց իր դիրքը: «Լը Մատեն» (Առավոտ) Ռոմանշական թերթում նոյեմբերի 12-ին լույս տեսած մի հոդվածում ավելի հստակորեն հնարավոր չէր նկարագրել հելվեթիկո-ադրբեջանական հարաբերությունների ամրությունը դեռ 1991 եւ հատկապես 2000 թվականներից, երբ Հեյդար Ալիեւըՙ այսօրվա նախագահի հայրը, մեկնեց Դավոսի ֆորումին մասնակցելու (https://www.lematin.ch/story/victoire-de-lazerbaidjan-le-role-trouble-de-la-suisse-600994745729):
2003 թվականից Բաքուն ու Բեռնը ստեղծեցին միասնական առեւտրի եւ տնտեսական համագործակցության հանձնախումբ: 2011 թվականին երեք ֆեդերալ խորհրդականներՙ Միշլին Կալմի-Ռեյը, Էվելին Վիդմեր-Շլումպֆը եւ Դորիս Լյոտարը, մեկնեցին Բաքու, ինչը եւ դարձավ գրեթե ամենամյա ուխտագնացություն ֆեդերալ Խորհրդի համար: 2012-ին էլ Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեն է այցելության գնում այնտեղՙ Ադրբեջանի ու Շվեյցարիայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ համագործակցության, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտության շուրջ քննարկումների: Նույն տարում Ցյուրիխում բացվեց առաջին SOCAR բենզալցակայանը: SOCAR ադրբեջանական պետական ձեռնարկությունը, որն առեւտրային ընկերություն ունի Ժնեւում, կարողացավ ձեռք բերել 190-ից ոչ պակաս լցակայաններ Շվեյցարիայում: Ավելինՙ ադրբեջանցիները վառելիք են մատակարարում Ժնեւի եւ Ցյուրիխի ինքնաթիռների համար : Ըստ «Լը Մատեն»-ում մեջբերված SOCAR-ի 2019 թվականի Ernst & Young Holdings-ի կատարած գործունեության հաշվետվության, նրա ֆինանսական հոսքերի հիմնական մասը (84%) գալիս են Շվեյցարիայիցՙ երկու տարում մոտ 75 միլիարդ ֆրանկՙ Շվեյցարիան ռեկորդային ժամանակահատվածում դարձնելով շահույթի հզոր գեներատոր Ադրբեջանի համար:
Այսպիսով կարող ենք նկատել, որ Շվեյցարիան դարձել է շահի խիստ կարեւոր աղբյուր Ադրբեջանի համարՙ մի քանի տարում: Եվ վերջապես, Շվեյցարիան մասնակցել է Trans Adriatic Pipeline (TAP) գազատարի ծրագրի ֆինանսավորմանը, որն Ադրբեջանի Կասպից ծովի բնական գազը Ադրիատիկ ծովի տակով պիտի հասցնի Իտալիաՙ եվրոպական շուկայի համար : SOCAR-ին են պատկանում այս գազատարի 20%-ը, իսկ էներգամատակարարման շվեյցարական Axpo ընկերությանըՙ 5% -ը: Եվ պատահական չէ, որ TAP AG ընկերությունը գրանցված է Ցուգ կանտոնի Բաար քաղաքում: Նացիզմից տուժած հրեաների փողերը լվացողի անփառունակ դերը ստանձնելուց հետո, Շվեյցարիան կրկին քաղցր առեւտուր է զարգացնում պատերազմական հանցագործության (եթե ոչՙ մարդկության դեմ հանցագործության) մեջ հանցավոր պետության հետ:
Լոնդոնը, Բեռլինը եւ ՆԱՏՕ–ն սատարում են Անկարային
Եթե հայերը գիտակցում են մահացու թշնամիներով շրջապատված լինելը, քաղաքական մտքի եւ առավել եւս պետական մտքի բացակայությունը մեզ թույլ չի տալիս վերլուծել մեր կապն աշխարհի հետ, քանզի այնքան կուրացած ենք «բարեկամ-թշնամի» երկփեղկվածության պատճառով: Անշուշտ, ժամանակավրեպ չէ նորից կարդալ Ֆրիդրիխ Նիցշեին վերագրվող հետեւյալ մեջբերումը. «Պետությունը սառը հրեշներից ամենասառն է: Նա սառնորեն ստում է, եւ ահա այն սուտը, որ դուրս է գալիս նրա բերանից. «Եսՙ Պետությունս, ժողովուրդն եմ»: Հայաստանի, ինչպես եւ Սփյուռքի որոշ հայեր միամտաբար հավատացին Արեւմուտքի բարեկամությանը: Այլ կերպ ասածՙ ռեալպոլիտիկը մնում է այն կայուն բանը, որի վրա չեն ազդում ժամանակի կամայականությունները:
Հոկտեմբեր ամսվա վերջին Հունաստանի կառավարությունը նամակ ուղարկեց Բեռլինՙ խնդրելով դադարեցնել ռազմական ապրանքների արտահանումը Թուրքիաՙ Էրդողանի սպառնալիքների պատճառով: Դա, սակայն, չխանգարեց Գերմանիային շարունակել սուզանավերի առաքումը: Գերմանիան փոխարենը երբեք չպահանջեց դադարեցնել սադրանքները Հունաստանի ու Կիպրոսի նկատմամբ, ոչ էլ ագրեսիանՙ հայերի դեմ: Որոշակի ցինիզմով Գերմանիան իր ԵՄ գործակից հույներին պատասխանեց, որ բիզնեսը օգնությունից առաջնային է:
Ղարաբաղի հարցում, գերմանական դիրքորոշումն արտահայտվեց արդեն գիտակցված ցինիզմով: Չբավարարվելով կարգավորման բազմակողմանի որեւէ տարբերակ շրջանցելուցՙ նա նախընտրեց բանակցել թույլի դիրքերից բացառապես գերմանա-թուրքական շրջանակներում: Գերմանիայում մոտ երեք միլիոն թուրք քաղաքացի հավաքագրած Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կայացնել չցանկանալը, նախագահ Մակրոնի ողջամիտ խոսքին միանալու մերժումը, Թուրքիայիՙ ԵՄ կազմի մեջ մտնելու ենթադրական ծրագրի ֆինանսավորման ծորակները փակելու մերժումը, Թուրքիայի կողմից ներգաղթյալների գարշելի շանտաժը դադրեցնելու մերժումը ցույց են տալիս, որ Բեռլինը հանդիսանում է եվրոպական իդեալի գերեզմանափորըՙ գիտակցաբար ընտրելով 2.5 միլիարդ եվրոյի իր առեւտրային հավելուրդը: Եվ ի՛նչ ասել խավիարային դիվանագիտության մասին, որ ձեռքի հետ լավ սնուցել է անդրհռենոսյան քաղաքական դասին: Ըստ «Ֆիգարոյի» մեր գործընկերների, կանցլեր Անգելա Մերկելիՙ Քրիստոնեական-դեմոկրատական միություն կուսակցության երկու պատգամավորներ մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջՙ վերջինիս խայտառակ իմիջը ուղղելու համար (https://www.lefigaro.fr/international/2017/11/07/01003%2020171107ARTFIG00265-l-argent-azeri-corrompt-l-allemagne-et-l-ue):
Last but not least (վերջինը, բայց ոչ փոքրագույնը). կա եւս մեկն, ում մասին քիչ է խոսվում, որը, սակայն, կրակից ուրիշի ձեռքով շագանակներ հանեց այս պատերազմումՙ Մեծ Բրիտանիան: Լոնդոնը, սկսած լորդ Դիզրայելիից, երբեք չի թաքցրել իր ավանդական թուրքասիրությունըՙ ռուսական արջին զսպելու համար: Միացյալ Թագավորությունըՙ Եվրոպայում ատլանտականների Տրոյական ձին, Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում հրաժարվեց սատարել Ֆրանսիային: Նա երբեք չդատապարտեց Թուրքիային, ոչ էլ Ադրբեջանին: Մի ժամանակ բրիտանացիները հիշեցնում էին, որ եթե անգլիական նավատորմը կարող էր մագլցել Հիմալայների գագաթները, այն ցավոք, չի կարող մագլցել Արարատը: Այսօր Կասպից ծով տանող մայրուղիներին են աչք գցում Լոնդոնն ու նրա ատլանտական դաշնակիցները: Նոյեմբերի 12-ին, թուրքական նախագահության խիստ նախանձախնդիր խոսնակ Իբրահիմ Քալինն ընդունել է Բրիտանական արտաքին հետախուզություն ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին, որտեղ քննարկվել են Ղարաբաղի շուրջ հարցեր, ինչպես նաեւ Մեղրիի տարածքով անցնողՙ Թուրքիան Կասպից ծովին կապող միջանցքի ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի առաջ բացվող հեռանկարների շուրջ (https://www.trt.net.tr/francais/turquie/2020/11/12/le-porte-parole-de-la-presidence-ibrahim-kalin-rencontre-le-chef-des-services-de renseignements-exterieures-britannique-richard-moore-a-ankara-1526318):
Զարմանալու ոչինչ չկա այն բանում, որ Հայաստանի պարտությունը նաեւ Արեւմուտքի պարտությունն է, գրել է Քրիստիան Մակարյանը «Ֆիգարոյում» (https://www.lefigaro.fr/vox/monde/la-defaite-de-l-armenie-est-aussi-celle-de-l-occident-20201111): Հաշվի առնելով արեւմտյան հանրային կարծիքի մեջ արթնացրած շատ փոքր հուզմունքըՙ էսսեիստ լրագրողը ցավում է «համաշխարհային դիրեկտորիայի փոշիացման հսկայական ախտանշանի» համար, որն առաջացավ Էրդողանի մտերիմ համարվող Դոնալդ Թրամփի անկանոն նախագահությունից:
France Armenie-ից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա