Թե ինչպես են հայերը միջնադարում արտագաղթի փոխարեն բերդեր կառուցել և բոլոր թելերով կապված մնացել մայր հայրենիքին:
«Ես չգիտեմ, թե ով է եղել Կաքավաբերդի ստեղծող իշխանը, բայց պարզ է արդեն, որ նա չի մտածել, մտքովն իսկ չի անցկացրել հավաքել ունեցած-չունեցածը, կապել-կապկպել տուն-տեղ, առաջ գցել երեխաներին, ընտանիքը ու կորչել, հեռանալ այս ավերված երկրից և փնտրել հանգստություն, ապահովություն օտար հողի վրա…
Այդպես վարվողներ, իհարկե, եղել են, ինչի վկայությունը կարող է լինել բոլոր ժամանակներում աշխարհասփյուռ բարձրատոհմիկ հայ ընտանիքների օրինակը, ընտանիքներ ու զարմեր, այո՛, բարեկեցության և համբավի հասած: Բայց դրանք եղել են հատուկենտ, ինքը՝ երևույթը՝
երկիրը թողնել և հեռանալու քայլը, չի կրել զանգվածային բնույթ: Ժողովուրդը՝ հարուստ իշխանից մինչև ընչազուրկ գյուղացին, չի լքել իր հողը, չի մտածել օտար անկյունների մասին: Ակամա մտածում ես՝ ինչ գնով է հատուցվել ու ձեռք բերվել մեր ժողովրդի գոյատևումը, ինչպիսի մաքառումներ ու զրկանքներ… Ամենուր ու դարեր շարունակ:
Արդեն այն, որ այսօր կա, ունենք մեր պատմական տարածքի բոլոր ծայրերում սփռված էն քիչը՝ 700 բերդի գիտական նկարագրությունը, շատ բան է ասում: Դա նշանակում է, որ առնվազն այդ 700 բերդերը ստեղծող իշխանը, ավելացրած այդ նույն բերդերում հետագայում ծվարած նրանց ժառանգները, չեն մտածել, չեն փորձել հանգստություն և ապահովություն փնտրել օտար ափերում…
Ազգ լինելու, ժողովուրդ լինելու, պետություն լինելու պայմանը դա է՝ կառչած մնալ մայր հողին: Եթե անգամ այն քարակույտ է ծայրից ծայր…»:
Հատված՝ Գրիգոր Գուրզադյանի «Կաքավաբերդի առեղծվածը» էսսեից
Ակադեմիկոս Գրիգոր ԳՈՒՐԶԱԴՅԱՆ (1922-2014)
Լուսանկարում՝ Հովհաննես Զարդարյան, Վիկտոր Համբարձումյան և Գրիգոր Գուրզադյան