III մաս
Մի անգամ երկաթգծերը սպասարկող ինժեներին, որն աշխատում էր այդ ոլորտում 40 տարի, հարցրին, թե ի՞նչ է մտածում նա իր մասնագիտության մասին: Պատասխանը հնչեց խորին համոզվածությամբ. «Այս մասնագիտության մեջ ոչ մի հետաքրքրական բան չկա, եթե ձեզ դուր չի գալիս երկաթուղին»: Մոտավորապես նույն պատասխանը կարելի է լսել արհեստավարժ հետախույզից:
Միտրոխինի դոսյեներում (փաստաթղթերի ամբողջություն) անգլիացի հետախույզներին չհաջողվեց գտնել հիմնականըՙ ինչ սկզբունքներով էին հավաքագրվում հայազգի «օգնականները», որովհետեւ նրանք համակրում էին կոմունիստական գաղփարախոսությանը, թե՞ ընդունում էին Խորհրդային Հայաստանը որպես համայն հայության հայրենիք, թե՞ համագործակցության հիմքում ընկած էր նյութական շահը: Հստակ չէր երեւում նաեւ մի ուրիշ կարեւոր հանգամանք: «Օգնականը» գիտե՞ր, թե ում է փոխանցում տեղեկատվությունըՙ հետախույզի՞ն, թե՞ պարզապես Խորհրդային Միությանը համակրող մի անձնավորության, թե՞ «օտար դրոշի» տակ հանդես եկող անձի:
Հետաքրքրական էր դոսյեներում հայտնաբերված օբյեկտների ծածկագրված (պայմանական) անունները, որոնք օգտագործվել են նաեւ հայ «աղբյուրների» կողմից:
Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանատան պայմանական անունը ( Whirlpool ) «ջրապտույտ» էր (ամենայն հավանականությամբ անունը ընտրելիս նկատի են ունեցել խառնաշփոթությունը կամ իրարանցումը որոշակի իրավիճակներում), Մեծ Բրիտանիայի դեսպանատան ծածկանունը ( Ravine ) – «կիրճ»: ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) – ծածկանունը «Կազինո»:
Միտրոխինի գրառումներում չէր երեւում նաեւ, թե արդյո՞ք հայ «օգնականներից» եղել են տուժածներ, այսինքն բացահայտված եւ ձերբակալված անձինք: Ըստ երեւույթին, արխիվային նյութերում այդ նշումները չեն եղել: Սակայն դա չի թեթեւացնում այդ մարդկանց ճակատագիրը, քանի որ արխիվը հայտնվել էր հակառակ «ճամբարի» ձեռքերում եւ իհարկե նրանք կթիրախավորվեին:
Ահա ուշադրության արժանի մի փաստ Միտրոխինի պահոցիցՙ 1944թ. հոկտեմբերի 11-ին (Փարիզից նացիստական զորքերը դուրս քշելուց ուղիղ 7 շաբաթ հետո) խորհրդային հետախուզության կայանը Փարիզում ստացավ կենտրոնից իր աշխատանքային ծրագիրը եւ առաջարանքներ տվեց «օգնականներին»ՙ ուսումնասիրել կառավարության անդամների քաղաքական կողմնորոշումը, պարզաբանել ներքին եւ արտաքին քաղաքականության ուղենիշները, եւ ամենահետաքրքրականըՙ ուսումնասիրել ռուսական, ուկրաինական, հայկական եւ վրացական էմիգրանտների կարգավիճակը Ֆրանսիայում:
Մեկ ուրիշ էպիզոդ Միտրոխնի արխիվիցՙ
«Հայկական Խորհրդային Հանրապետությունում մի խումբ հայաստանցի քաղաքացիներ դատապարտվել էին որպես հայրենիքի դավաճաններ: Այդ քաղաքացիները հայրենադարձվել էին 1947թ. Սիրիայից, ընդունել էին Խորհրդային Միության քաղաքացիությունը, բայց չէին հարմարվել Հայաստանի կյանքին (հատկապես նյութականին) եւ որոշել էին ետ վերադառնալ Սիրիա: Եվ ահա 39 սիրիահայերից բաղկացած խումբը (այդ թվում եւ 20 երեխա) փորձում են գաղտնի եւ ապօրինի հատել պետական սահմանը: Բոլորը ձերբակալվում են:
Մեկ այլ փոքրաթիվ, հայերից բաղկացած խումբ 1962թ. օգոստոսի 11-ին փորձել է հատել սահմանը եւ անցնել Իրանի տարածք Արաքս գետով: Այս խմբի անդամները հայրենադարձվել էին Ֆրանսիայից եւ Լիբանանից: Նրանցից ոմանք համաձայնվել էին համագործակցել Հայաստանի հետախուզության հետ, բայց նպատակը մեկն էրՙ վստահություն ներշնչել, բայց ցանկացած գնով փախչել Խորհրդային Հայաստանից: Իսկ մեկը (ազգանունը չեմ նշում եւ ընդհանրապես հոդվածում ոչ մի «օգնականի» ազգանուն չեմ նշում) այնքան էր հիասթափվել խորհրդային իրականությունից, որ դիմել էր (1960թ.) Ֆրանսիայի նախագահ Դե Գոլին խնդրանքով պետիցիա (հանրագիր, խնդրագիր) ստորագրել հայ հայրենադարձներին Ֆրանսիա ետ թողնելու նպատակով:
Մեկ ուրիշ դիպված:
1970թ. հոկտեմբերին Լիբանանում Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի մարտիկները փախցրեցին ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի «ԱԴ»-ին, որը կասկածվում էր Ամերիկայի Կենտրոնական հետախուզության վարչության հետ կապերի մեջ: Փախցնելուց հետո նրան տեղափոխեցին Տրիպոլի (Լիբիա): Մարտիկները համագործակցում էին ԽՍՀՄ հետախուզության հետ եւ առեւանգումից հետո «ԱԴ»-ից առգրավված շատ հետաքրքրական փաստաթղթեր փոխանցվցել էին Մոսկվա, բայց «ԱԴ»-ին հաջողվեց փախչել եւ ապաստան գտնել Տրիպոլիում ԱՄՆ դեսպանատանը:
Միտրոխինի արխիվի վերաբերյալ փաստաթղթի վերջում, որը պատրաստել է «News Forum» «News Service» գործակալության խմբագիր, ոմն Ֆելիքս Կորլին (Felix Corley), նշված են ավելի քան 130 ծագումով հայ հետախույզների (խորհրդային էպոխայի), այդ թվում եւ նելեգալների, գործակալների, վստահելի անձանց, «օգականների» անուններ: Այդ օգնականները զբաղեցրել են ամենատարբեր պաշտոններ ամենատարբեր երկրներում (ԱՄՆ, Եվրոպա, Ճապոնիա, Մերձավոր Արեւելք եւ այլն):
Չգիտեմ, ո՞վ ինչպե՞ս կարձագանքի այդ փաստերին (իհարկե Միտրոխինը դավաճան է), բայց անձամբ ես գտնում եմ, որ կարելի է հպարտանալ ծագումով հայ հետախույզներով, որոնք կարողացել են համագործակցության դաշտ բերել հայտնի, անվանի մարդկանց եւ օգտագործել նրանց պաշտոնական դիրքերը եւ հնարավորությունները ի բարօրություն իրենց Հայրենիքի: Նույնիսկ եթե այդ Հայրենիքը անհաջող, սխալ գաղափարախոսություն ուներ եւ 70 տարի հետո փլուզվեց: Այդ գաղափարախոսությունը եւ տնտեսական համակարգը հետախույզները չէին մշակել, նրանք անտեսանելի ֆրոնտի մարտիկներ էին եւ չխնայելով իրենցՙ կատարել են իրենց պարտքը: Նրանց ընտանիքները ոչ մի արտոնություն չեն ունեցել, ապրել են համեստ, ինչպես եւ հետախույզները հասարակության «ստվերում»:
Ինչպես վերեւում նշել եմ, կարդալով Ֆելիքս Կորլեի հոդվածը, որը որեւէ պատճառ չուներ անունները չհրապարակելու, ես չեմ ուզում անուններ գրել, սենսացիոն պայթյուններ առաջացնել, մեղադրանքներ առաջ քաշել, ամոթանք տալ, համեմատություններ անել, ո՛չ, պարզապես իմ դիրքերից ուզում եմ նշել, որ այսօր էլ վատ չէր լինի, եթե մեր հետախուզությունը ունենար Գեորգ Վարտանյան, Իվան Աղայանց, Աշոտ Հակոբյան («Եֆրատ»), Հրայր Հովակիմյան եւ այլք:
Այսօր իհարկե շատ դժվար է, պայմանները այլ են, այլ է օպերատիվ-քաղաքական իրավիճակը ամբողջ աշխարհում, փողն է իշխում ամենուրեք, սակայն այսօր էլ պետք են նվիրյալ հետախույզներ, որոնք անմնացորդ կծառայեն Հայրենիքին, առանց բիզնեսներ հիմադրելու (իսկ եթե հիմնադրում են, ապա պետության համար) ձեռք կբերեն օգնականներ, որոնք կօժանդակեն Հայաստանի տնտեսությանը, պետականաշինությանը, անվտանգության ապահովմանը:
(Շար. 3 եւ վերջ)
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անվտանգության հարցերով փորձագետ