Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

5 տարի առաջ հոդվածում գրածս այսօր հաստատում են հենց ադրբեջանցիները․․․ Տաթևիկ Հայրապետյան

5 տարի առաջ՝ 2021-ի սեպտեմբերին, հոդված էի գրել (անգլերեն) հետևյալ վերնագրով․

«Ինչպե՞ս է Իլհամ Ալիևը «անձնավորում» 2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքները»։

Հոդվածի ամփոփիչ մասում նշել էի․

«2020 թվականի Արցախյան պատերազմը «անձնավորելով» և դրա նկատմամբ «սեփականության իրավունք» հաստատելով՝ Իլհամ Ալիևը՝

  • բացառում է այն հնարավորությունը, որ Ադրբեջանի զինված ուժերի որևէ ներկայացուցիչ ընկալվի որպես ռազմական հաջողության խորհրդանիշ, որպեսզի ապագայում քաղաքական մարտահրավեր նետելու ներուժ ունեցող որևէ անձ չկարողանա հանրային ճանաչում ձեռք բերել և ազդեցիկ դիրք զբաղեցնել։

Փոխարենը՝ հանրային դաշտում ընդգծվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը։

  • հաստատում է, որ հաղթանակի «ավարը» բացառապես իշխող ընտանիքին է պատկանում։ Տեղական օլիգարխները չպետք է համարձակվեն քաղաքական հավակնություններ ունենալ։ Սա ամրապնդում է Ալիևների դինաստիայի իշխանությունը և միաժամանակ կանխում իշխանության համար հնարավոր ապագա պայքարները։
  • արդարացնում է պատերազմը և հիմք է նախապատրաստում սեփական անձի պաշտամունքը հոր՝ Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի փոխարեն կամ գուցե դրան զուգահեռ առաջ մղելու համար։

Եթե Հեյդար Ալիևը ներկայացվում էր որպես կայունություն բերած առաջնորդ, ապա Իլհամը պետք է ընկալվի որպես «հաղթանակ» բերած առաջնորդ։ Ադրբեջանի նախագահը զգուշորեն թաքցնում է այն փաստը, որ ինքը մերժել էր խաղաղ և համապարփակ կարգավորման հնարավորությունը, որը կարող էր կանխել պատերազմն ու մարդկային կորուստները։

Ռազմավարի պուրակը բացելով, ծառեր գրկելով և ելույթներում հայերին «շներ» ու «սատանայի որջ» անվանելով՝ Ալիևն ավելի է խթանում հակահայկական ատելությունն ու շարունակական հակամարտությունը։ Այս գործընթացը, անկասկած, ավելի է խորացնում Ադրբեջանում ձևավորված ավտորիտար և դինաստիական կառավարման համակարգը․․․»։

  • Երեկ իմ թարգմանած նյութում այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում տանջում և բանտերում փակում պատերազմի մասնակիցներին, նրանցից մեկն ասել էր․ «Բոլորը հավատում էին, որ երկրի գլխավոր, մեծագույն խնդիրը Ղարաբաղն է, և երբ այն լուծվի, մենք այլ Ադրբեջանում ենք ապրելու։ Բայց ոչինչ դեպի լավը չփոխվեց, և երկիրը միայն վատից վատթարացավ։ Արդյունքում հաղթանակի հերոսների դեմ գործեր սարքեցին նրանք, ովքեր օգտվեցին ու հարստացան այդ հաղթանակից։ Այնտեղ, որտեղ թափվել է մեր նահատակների արյունը, Իլհամ Ալիևը ծաղկեցրեց իր ընտանիքի բիզնեսը»։

Հետևությունները թողնում եմ ձեզ․․․

Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ