Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին. Միխայիլ Գալուզին

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Գալուզինը։

«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ վերաբերում է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանը (դրա կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները), որը իրավասու է նման որոշումներ ընդունել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա (ձեր հարցի առնչությամբ կիրառելի նորմերը, մասնավորապես, պարունակվում են դրա 20-րդ և 25-րդ հոդվածներում)»,- նշել է Գալուզինը՝ պատասխանելով պարտավորությունները չկատարելու վերաբերյալ կանոնադրության համապատասխան հոդվածը գործադրելու մասին հարցին։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերի կողմից, այդ թվում՝ ՀԱՊԿ մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ յուրաքանչյուր անդամ պետության պարտականությունը։ «Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքին մասնակցելուց և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները՝ ազգային վճարը ժամանակին փոխանցելու հարցում»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը։

«Հիմնվելով ինստիտուցիոնալ արդյունավետության պահպանման սկզբունքի վրա՝ ցանկացած միջազգային կազմակերպությունում նման դեպքերի համար կան հիմնարար փաստաթղթերով նախատեսված ընթացակարգեր։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։