Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱԺ-ում ստեղծվեց պատգամավորական էթիկայի հանձնաժողով

ԱԺ-ում կգործի պատգամավորական էթիկայի հանձնաժողով․ ՔՊ-ն կունենա 5 անդամ։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել 10 անդամից կազմված՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ երկու տարի գործունեության ժամկետով։

«Հանձնաժողովում տեղերը բաշխվելու են խորհրդարանական խմբակցությունների պատգամավորների թվի համամասնությամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովում կունենա 5 անդամ նշանակելու իրավունք, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 3 անդամ, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ»,- ասաց Ջուլհակյանը։

Նախագծով հանձնաժողովի ղեկավար պաշտոնների բաշխման հատուկ մեխանիզմ է նախատեսվում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վերապահվում է հանձնաժողովի առաջին նախագահի նշանակման իրավունքը, իսկ մյուս խմբակցությունները համապատասխանաբար ստանում են նախագահի կամ տեղակալի պաշտոն զբաղեցնելու իրավունք՝ սահմանված հերթականությամբ։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում ղեկավար պաշտոնները պետք է ռոտացիայի ենթարկվեն։

«Պատգամավորական էթիկայի բարձր չափանիշների սահմանումը և դրանց պահպանման արդյունավետ մեխանիզմների առկայությունը խորհրդարանական ժողովրդավարության կարևոր բաղադրիչներ են։

Նախաձեռնության նպատակն է ձևավորել պատգամավորական էթիկային վերաբերող հարցերի քննության արդյունավետ, թափանցիկ և հաշվետու խորհրդարանական համակարգ և բարձրացնել Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահությունը»,– հավելել էր Ջուլհակյանը։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կարող է պատգամավորների նկատմամբ կիրառել կարգապահական սանկցիա։

Աղբյուր՝ 168.am