Տեսանյութ. Մեքքայի պակտը կրկնում է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, որը ենթադրում է «մեկի վրա հարձակումը՝ հարձակում մյուսների վրա». քաղաքագետ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայում կնքված պաշտպանական պակտը կարող է էապես փոխել Մերձավոր Արևելքի ողջ անվտանգային կոնֆիգուրացիան։
Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան ունի ֆինանսական և էներգետիկ մեծ ռեսուրսներ, Պակիստանը` մարդկային ուժ, ռազմական տեխնոլոգիաներ, միջուկային զինանոց, իսկ Թուրքիան զարգացած ռազմական տնտեսություն, ժամանակակից բանակ և ռազմավարական նշանակության դիրքեր, կրոնական և մշակութային ազդեցություն Միջին Ասիայում, մերձկասպյան տարածաշրջանում, Աֆրիկայում, ապա այս միություն ո’չ միայն պարզապես փոխօգնության միություն կարող է լինել, այլև աշխարհաքաղաքական նոր բանաձևումների հիմք։
Մեքքայում ստորագրված պակտը (Մեքքայի պակտ) իր էությամբ նման է և կրկնում է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, որը ենթադրում է «մեկի վրա հարձակումը հարձակում մյուսների վրա»:
Ժամանակին շատ էին խոսում արաբական մինի ՆԱՏՕ-ստեղծելու հնարավորություն, նաև աֆրիկյան, սակայն կարծես թե ավելի անկանխատեսելի գործընթաց կարող է լինել Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա եռանկյունու հետագա ընդլայնումը։
Իսկ ՆԱՏՕ-յի կանոնադրության 5-րդ հոդվածը դաշինքի ամենազսպիչ կետն է։ Այն ենթադրում էր, որ ՆԱՏՕ-ի որևէ անդամ պետության վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների դեմ, և յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է օգնել հարձակման ենթարկված երկրին՝ իր գնահատմամբ անհրաժեշտ միջոցներով (այդ թվում՝ ռազմական ուժով)։
Տարածաշրջանը փոխվում է, ընդ որում` սրընթաց և այդ փոփոխությունները հնարավոր չէ կանգնեցնել։ Մի բան փաստ է` նոր եռանկյունին միաժամանակ հակասելու է թե‘ Իրանի, թե‘ Հնդկաստանի և թե‘ Իսրաելի ռազմավարական շահերին։
Հատկապես խորհրդանշական է պակտը Մեքքայում ստորագրելը։ Հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ Պակիստանում պետական քաղաքականության մեջ մեծ դեր ունի իսլամի գործոնը, իսկ Թուրքիան նեոօսմանիզմի հետ միասին աշխատում է նաև համաիսլամականության և պանթուրքիզմի ուղղությամբ, որպես ազդեցություն գեներացրնելու միջոց։
Եվ այս նոր հանգամանքը հնարավոր չի լինելու հաշվի չառնել հատկապես տարածաշրջանային քաղաքականության մեջ, եթե այս եռակողմ պակտը վերածվի իրական ազդեցության։
Արա Պողոսյան, քաղաքագետ
