Կիրակի, 2 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ն 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի

ԱՄՆ-ն վաղվանից՝ օգոստոսի 3-ից, 50 երկրի քաղաքացիների համար նոր պահանջ է սահմանում, մասնավորապես՝ գործնական և զբոսաշրջային (B-1/B-2) վիզա ստանալու դեպքում որոշ դիմորդներից կարող է պահանջվել մինչև 20 հազար դոլարի գրավ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության՝ յուրաքանչյուր դիմումի դեպքում գրավի չափը կորոշի հյուպատոսական աշխատակիցը՝ ելնելով կոնկրետ հանգամանքներից։

Գրավը կվերադարձվի, եթե վիզայի տերը լքի ԱՄՆ-ը սահմանված ժամկետում, չօգտագործի վիզան, կամ նրան մերժվի մուտքը երկիր։ Եթե խախտվեն երկրում գտնվելու պայմանները, գումարը չի վերադարձվի։

Նոր կարգավորումը վերաբերում է, մասնավորապես, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ալժիրի, Անգոլայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության, Մոնղոլիայի, Նեպալի, Նիկարագուայի, Թունիսի, Ուգանդայի, Վենեսուելայի, Զիմբաբվեի և Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի ու Լատինական Ամերիկայի մի շարք այլ երկրների քաղաքացիներին։

Պետքարտուղարությունը պարզաբանել է, որ ցանկում ընդգրկվել են այն երկրները, որոնց քաղաքացիներն առավել հաճախ են խախտել ԱՄՆ-ի վիզային ռեժիմը։ Գերատեսչության գնահատմամբ՝ այս միջոցը կօգնի նվազեցնել վիզաների չարաշահման և երկրում թույլատրելի ժամկետից ավելի երկար մնալու դեպքերը։