Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Հայաստանի վայ-իշխանությունների ուշադրությունը դարձյալ կենտրոնացած է երկրի ներսում աղմուկ-աղաղակ ու կռիվ գցելու վրա. Արմեն Այվազյան

Մեծ հավանականությամբ՝ առաջիկա օրերին, գուցե նույնիսկ հենց այս գիշեր, ԱՄՆ-ն և Իսրայելը հերթական խոշորածավալ օդային հարձակումն են գործելու Իրանի դեմ։ Այս անգամ հարվածների հիմնական թիրախ կարող են դառնալ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, վառելիքաէներգետիկ հանգույցները, ինչպես նաև ռազմավարական նշանակության մի շարք կամուրջներ և այլ օբյեկտներ։ Նման հարվածները նպատակ ունեն խաթարելու Իրանի տնտեսական և տրանսպորտային համակարգը և կազմալուծելու երկրի պետական կառավարումը։

Ի պատասխան՝ Իրանը, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարել և նախազգուշացրել է, կարող է հարվածներ հասցնել Պարսից ծոցի արաբական միապետությունների և Իսրայելի ռազմավարական ենթակառուցվածքներին, ինչպես նաև այդ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Եթե իրադարձություններն ընթանան այս սցենարով, հակամարտությունը կարող է արագորեն վերաճել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի՝ ընդգրկելով Իրանի արևմտյան, հյուսիսային և արևելյան սահմանների երկայնքով գտնվող պետությունները, այդ թվում՝ Այսրկովկասը։

Նման զարգացումների քաղաքական, տնտեսական և ռազմական հետևանքներն անխուսափելիորեն անդրադառնալու են մեր երկրի վրա։ Հետևաբար, առաջիկա օրերն ու շաբաթները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հայաստանի անվտանգության և ապագայի համար։

Ցավոք, այս պայմաններում Հայաստանի վայ-իշխանությունների ուշադրությունը դարձյալ կենտրոնացած է երկրի ներսում աղմուկ-աղաղակ ու կռիվ գցելու վրա…

Արմեն Այվազյան, ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր