Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի հայտարարություններին Արցախի վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որով նա անդրադարձել էր այն պատճառներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտել արցախյան հակամարտությանը։
Զախարովան նշել էր, որ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կիրառումն անհնար էր, քանի որ Հայաստանը չէր ճանաչում Արցախը ո՛չ որպես իր տարածք, ո՛չ էլ որպես անկախ պետություն։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ մեկնաբանությունն անվանել է «անհիմն»։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Ղարաբաղը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, մշտապես ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»։
Բաքվում նաև ընդգծել են, որ «ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակով պայմանավորելու փորձերը հակասում են հենց Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմանը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իսկ ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես ավարտված է։
Գերատեսչությունը ռուսական կողմին կոչ է արել Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում առկա խնդիրները չկապել Ադրբեջանի հետ։
