Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում. գրում է ՌԻԱ Նովոստին:
Հանդիպումից առաջ Լավրովը նշել էր, որ մտադիր է Ռուբիոյի հետ քննարկել Վաշինգտոնի ներկայիս դիրքորոշումը ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ ընդգծելով, որ երկխոսությունը ցանկացած դեպքում օգտակար կլինի։ Իր հերթին, Ռուբիոն հայտարարել էր, որ ցանկանում է պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգները ներկայումս կարող է կառուցողական դեր ունենալ ճգնաժամի կարգավորման գործընթացում։
Սա Լավրովի և Ռուբիոյի չորրորդ անձնական հանդիպումն է։ Վերջին անգամ նրանք բանակցել էին անցյալ տարվա սեպտեմբերի վերջին՝ Նյու Յորքում։
Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև հանդիպումն ավարտվել է, այն տևել է 37 րոպե. հայտնում է TASS-ը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Լավրովը Ռուբիոյին ներկայացրել է շփման գծում տիրող իրական իրավիճակը և ընդգծել Ուկրաինայի հետագա զինման անընդունելիությունը։ Ավելին, արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների կարգավորման հարցը։
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը նախաձեռնել է ամերիկյան կողմը։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, արտաքին քաղաքականության պլանավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը և ԱՍԵԱՆ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Եվգենի Զագայնովը։
Ամերիկյան կողմից մասնակցել են քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը և նախագահի հատուկ դեսպանորդ Սերջիո Գորը։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլատրվել է նկարահանել հանդիպման առաջին կադրերը։
Ամերիկացի լրագրողներից մեկը հարցրել է Ռուբիոյին, թե արդյոք նա հանդիպման ժամանակ Լավրովին կհարցնի՝ Ռուսաստանն օգնո՞ւմ է Իրանին թիրախավորել։
ԱՄՆ պետքարտուղարը լռել է։
Տեսանյութը՝ այստեղ։











