Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը:
Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի «պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել»։
Դատական նիստն ընդմիջվել է, որպեսզի «մեղադրյալներն իրենց պաշտպանների հետ փակ, գաղտնի հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենան»։
Դավիթ Իշխանյանը նախ միջնորդություն է ներկայացրել՝ դատարանին խնդրելով քրեական գործի նյութերին կցել իր կողմից պատրաստված վերաքննիչ բողոքի և դիմումի կրկնօրինակները: Նա նաև նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին։
Իսկ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և Մադաթ Բաբայանի «պաշտպանները» փոխվել են, քանի որ փաստաբանները չէին կարողացել մասնակցել նիստին առողջական խնդիրների պատճառով։










