Ի՞նչ արեց Մոսկվան, այդ թվում նաեւ սեւեռուն «արեւմտամոլների» ուղղակի, թե անուղղակի ներգրավմամբ: Սկսեց նրանց միջոցով հավաստիացնել հանրության մի զգալի մասին, թե ընդդիմության առաջատար ուժերը ՌԴ-ի դրածոներ են, ուղիղ Կրեմլի պատվերով աշխատողներ, որոնք եկել են Հայաստանը «գուբերնիա» դարձնելու:
Բայց այդ քարոզչության էֆեկտը կարծես թե չէր ստացվում բավարար ծավալի, որովհհետեւ ընդդիմության այդ ուժերը հանրության հետ իրենց խոսույթը կառուցել էին Հայաստանի համար Ադրբեջանից եկող էքզիստենցիալ մարտահրավերները բացահայտելու, փաստարկելու, ներկայացնելու վրա, զուգահեռ նաեւ՝ ներկայիս կառավարող համակարգի կոռուպցիոն յուրօրինակ մեխանիզմները ներկայացնելու: Եվ դա հաջողվում էր, ու՝ «գուբերնիայի» մասին մեղադրանքները չէին տալիս բավարար հանրային էֆեկտ:
Ու առաջացավ անմիջականորեն ավելի համոզիչ գործողությունների անհրաժեշտություն: Ու անմիջականորեն խաղի մեջ մտավ Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ 2026 թվականի ապրիլի 1-ին, Մոսկվայում Փաշինյանի հանդեպ հայտնի կոշտությամբ եւ ընդդիմության հանդեպ հայտնի «հոգատարությամբ»:
Էֆեկտը շատ սպասեցնել չտվեց: «Ահա,տեսա՞ք,որ ասում էի», սկսեց իշխանությունը: Ու հետո, որ մեխանիզմը հանկարծ կրկին չունենա էֆեկտիվության եւ համոզչության պակաս, գործին միացավ Ռոսսելխոզնադզորը: Եվ հունիսի 1-ին, ապրիլի 1-ից ուղիղ երկու ամիս անց, Նիկոլ Փաշինյանը աջակցության համար շնորհակալություն հայտնեց տարեդարձի համար իրեն զանգահարած Պուտինին:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան











