Իմ տպավորությամբ՝ նյարդային վիճակ է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև նրա թիմի մոտ։ Այդ մարդիկ, որքան էլ իրականությունից կտրված լինեն, ազդակներ են ստանում, որ հասարակության զգալի մասը, մեղմ ասած, իրենց տանել չի կարողանում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանը։
Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ Փաշինյանն անցում է կատարել փողոցային հաշվեհարդարի լեզվին։
«Սա ենթադրում է, որ նա շարունակելու է ամբողջ թափով գործի դնել ռեպրեսիվ մեքենան, բայց ԲՀԿ առաջնորդը չի ընկրկելու։ Ավելին ասեմ՝ սադրանքին չենք տրվելու, շարունակելու ենք մեր հետևողական ընթացքը՝ մտքում ունենալով, որ հունիսի 7-ն իշխանափոխության օր է լինելու։
Նիկոլ Փաշինյանը զրո քաղաքական ասելիք ունի։ Նա զգացել է, որ պատրանքային խաղաղությանը չեն հավատում։ Հիմա Փաշինյանը փորձում է հայհոյանք ու ատելություն վաճառել ժողովրդի վրա։ Նա թատրոն է սարքում։ Նրա քաղաքական ընդդիմախոսները, իր հետ չհամաձայնող քաղաքացիները, ռեպլիկ անող մարդիկ դառնում են նրա թշնամին»,- ասաց Սուրենյանցը։
Բանախոսն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանությունն այսօր զբաղված է հասարակությանը խոստումներ տալով և «մարդ վերբովկա անելով»։
«Նիկոլ Փաշինյանը երկիրը դարձրել է «պռախադնոյ դվոռ». ով հնարավորություն և ցանկություն ունի՝ անխոչընդոտ միջամտում է ՀՀ ներքին գործերին։ Սրա հետևանքով Լիբանանի ենք վերածելու, երբ ներքին հարցերը կարգավորվելու են դրսի հրահանգով»,- ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց՝ ակնհայտ է, որ դատելով Վլադիմիր Պուտինի հայտարարություններից՝ Ռուսաստանն այս ընտրություններում չի աջակցում ՀՀ գործող իշխանություններին։
«Նիկոլ Փաշինյանը չի փոխվելու. հույս ունենալ, որ նա դասեր է քաղելու… Նա անհուսալի և անսկզբունքային մարդ է։ Եթե հասարակությունն ուզում է ռիսկերից ձերբազատված լինի, կայունություն ու զարգացում է ուզում երկրի ներսում և ռիսկերի չեզոքացում՝ ՀՀ սահմաններից դուրս, հունիսի 7-ին պետք է մերժի այս իշխանությունը։ Պատերազմի կուսակցությունը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Առնվազն տեսանելի է, որ նրա հնարավոր վերընտրությունը հայ-ռուսական հարաբերությունները հռետորաբանության մակարդակի առճակատումից տանելու է առևտրային պատերազմի մակարդակի, տնտեսական հակադրության մակարդակի, մենք սկսելու ենք անվտանգային ավելի մեծ վակուում ունենալ։
Նիկոլ Փաշինյանը երկու անգամ արդեն փորձադաշտ է սարքել Հայաստանը. առաջին անգամ 2018-2020 թվականներին։ Իր արկածախնդրությամբ նա դուռ բացեց 44-օրյա պատերազմի և մեր պարտության համար։ Հետպատերազմյան փուլում իրեն իր արևմտյան տերերը հուշեցին, որ Ռուսաստանի «պանիխիդան» մոտենում է։ Նա սխալ հաշվարկ կատարեց. նոյեմբերի 9-ին համատեքստից դուրս եկավ, արևմտյան արոտավայրերում կորցրեց Արցախը։
Հիմա երրորդ արկածախնդրության շեմին ենք. դա երկրի ստրատեգիական կուրսի փոփոխությունն է։ Եթե այս իշխանությունը վերընտրվի, Արցախի ճակատագրին կարժանանա նաև Հայաստանը»,- ամփոփեց Սուրեն Սուրենյանցը։









