«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն անգամ պատերազմական օրերին շարունակել է պահել մշակութային խրամատը: Փառատոնի շնորհիվ՝ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» (խակ պտուղ) ֆիլմը Հայաստանից կմասնակցի «Անեսսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։
2021 թվականի հունիսին հայկական ֆիլմը կփորձի ֆինանսավորման, ինչպես նաև միջազգային գործընկերների ձեռքբերման հնարավորություններ գտնել։
«ՌեԱնիմանիա»-ի շնորհիվ ֆիլմն այս օրերին, ի թիվս այլ նախագծերի, մասնակցել էր «Անեսսի» միջազգային անիմացիոն կինոփառատոնի, Saqanima Georgian Animators Association-ի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի կազմակերպած անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանին։
6-րդ անգամ իրականացվող աշխատարանը բացառիկ հնարավորություն էր ընձեռնում Հայաստանի անիմացիոն ֆիլմարտադրողներին ներկայացնել իրենց նախագիծը՝ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանի շրջանակում։ Աշխատարանը իրականացվել էր առցանց ձևաչափով, և ճանաչվելով լավագույնը, հնարավորություն էր ստացել մասնակցելու հաջորդ տարվա կինոշուկային։
«Անեսսի» փառատոնի կողմից լավագույն նախագծի հեղինակը ստացել է անվճար հավատարմագրման հնարավորություն, իսկ «ՌեԱնիմանիա»-ն կփորձի գտնել աջակիցներ, որպեսզի հաղթող մասնակիցը կարողանա մեկնել «Անեսսի»: Պատերազմական իրավիճակում հայ մշակույթը ներկայացնող արվեստագետն իր ֆիլմով հաղթանակ գրանցեց։
«Զակո»-ն (խակ պտուղ) ONoff.studio-ի անիմացիոն ֆիլմն է, որը պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի (Zako) իրական կյանքի պատմության մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել համակենտրոնացման ճամբար։ Նկարիչ «Զակո»-ն կենդանի է մնում ճամբարներում շնորհիվ իր բացառիկ տաղանդի։ Սա մի հուզիչ պատմություն է նկարչի մասին, ով ստիպված էր նկարել իրեն կտտանքների ենթարկողների դիմանկարները։ Ֆիլմը հիմնված է համանուն գրաֆիկ նովելի վրա, որի հեղինակն է Տիգրան Մանգասարյանը։ Վերջինս նաև «Զակո»-ի բեմադրող նկարիչն է։ Ֆիլմի պրոդյուսերն է Սուսաննա Խաչատրյանը, սցենարիստը՝ Էդգար Բաղդասարյանը։