2026թ. ապրիլի 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները, ի մասնավորի, հայտարարել է՝
• «Որևէ մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետև ես ասում եմ այո՛, մենք պետք ա փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով»:
Մեջբերվածի առնչությամբ հարկ է նշել հետևյալը:
Արցախի հայության, որպես բռնի տեղահանվածների, վերադարձի իրավունքը սահմանված է միջազգային իրավական ակտերով, մասնավորապես՝
• 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով,
• 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևում պատերազմի զոհերի պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա կազմող դիվանագիտական կոնֆերանսի կողմից ընդունված «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» կոնվենցիայիով,
• 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով:
Արցախի հայության վերադարձի իրավունքն արձանագրված է նաև՝
• Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2023թ. հոկտեմբերի 12-ին ընդունված բանաձևի մեջ,
• ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշման մեջ,
• Եվրոպական խորհրդարանի 2024թ. մարտի 12-ի և հոկտեմբերի 24-ի բանաձևերում:
• Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին (Ազգային Խորհուրդ) և վերին (Կանտոնների Խորհուրդը) պալատների կողմից 2024թ. դեկտեմբերի 17-ին և 2025թ. մարտի 18-ին ընդունված առաջարկություններում,
• Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից 2025թ. հուլիսի 17-ին ընդունված ռեզոլյուցիայում,
• Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից 2026թ. ապրիլի 16-ին ընդունված ռեզոլյուցիայում:
Արցախից բռնի տեղահանված հայության լավագույն շահն իրենց տներ վերադառնալն է տիրոջ իրավունքով և կարգավիճակով: Իսկ տվյալ հարցի լուծումը մեկ մարդու որոշելիքը չէ, նույնիսկ եթե այդ մեկ մարդը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը:
Հետևաբար, Արցախի հայությունը պետք է առանց որևէ նախապայմանի վերադառնա իր բնօրրան, որտեղ իր նախնիներն ապրել են վերջին մոտավորապես երեք հազար տարիներն անընդմեջ:
Իսկ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայ քաղաքացիների համար էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք հանդիսացող, իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հեռացվելուց կամ հեռանալուց հետո անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:
Նիկոլ Փաշինյանին Հայաստանի քրեական դատարանի առաջ կանգնեցնելը բխում է Հայաստանի Հանրապետության պետականության պահպանման և դրա շարունականականության ապահովման հույժ կարևորություն ունեցող անհրաժեշտությունից:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ









