Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։

Վեհափառ Տեր,

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

* Սուրբ Հարության տոնին իր իսկ ձեռամբ Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված «պատարագին» հերթական անգամ չի հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը՝ կրկին փաստելով, որ ապստամբ պառակտիչ է։

* Ցուցաբերել է եպիսկոպոսին և ընդհանրապես քրիստոնյա մարդուն անվայել վարքագիծ։ Ըստ հավաստի աղբյուրների հղմամբ մամուլում տարածված տեղեկատվության՝ Սուրբ Հարության տոնի  օրը, այն էլ եկեղեցու ներսում Անուշավան եպիսկոպոսը ծեծի է ենթարկել եկեղեցու սարկավագներից մեկին: Դա հանդիսանում է եկեղեցական կանոնների և քրիստոնեական բարոյախոսության կոպտագույն խախտում։

* Չի համապատասխանում եպիսկոպոսի Նոր Կտակարանյան կերպարին, որով եպիսկոպոսը պետք է լինի «․․․ հեզ, խոհեմ, պարկեշտ, ․․․ ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, ․․․ այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ սատանայի որոգայթների մէջ»։

*Իր խոտորյալ վարքով խաթարում է Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր միջավայրը։ Եկեղեցու ոչ մի հոգևորական, այդ թվում գրեթե բոլոր սարկավագները չեն ցանկացել սպասարկել և մասնակցել իր մատուցած հակականոնական «պատարագին»։ Ստիպված կանչվել են Արարատյան Հայրապետական թեմի Ս․ Խաչ եկեղեցու հովիվ տ․Զգոն քահանան ու այլ եկեղեցիներից սարկավագ/դպիրներ։ Նման եպիսկոպոսը չի կարող լինել այդ եկեղեցու տեսուչ։

* Անտեսել և խախտել է Հայոց կանոնագրքի Անտիոքի ժողովի ՄԾԱ (ՄԽէ) ԺԱ կետը:

* Նրա հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է դարձել եկեղեցու տիրանվեր քահանաների, սարկավագների, դպիրների և հավատավոր հոտի համար, իսկ դա ըստ Ավետարանում Տիրոջ խոսքի` ծանրագույն մեղք է:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր

Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

Սամվել դպիր Գրիգորյան