Յուրաքանչյուր երկրի կառավարության համար թիվ մեկ հարցն անվտանգության հարցն է։ Այս մասին այսօր Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե կա անվտանգություն, ապա հնարավոր է տնտեսական, սոցիալական և այլ ծրագրեր իրականացնել։ Եթե չկա անվտանգություն, ապա երկիրը խրվում է խնդիրների մեջ, ներդրումային միջավայրը միանգամից բացասական և ռիսկային է սկսում ընկալվել և այսպես շարունակ։ Անվտանգությունը միայն բանակը չէ, իհարկե, բանակն ամենից կարևոր մասն է, բայց անվտանգությունը նաև ճիշտ քաղաքականություն է, ռազմավարական դաշնակիցներ ունենալն է, կանխատեսումներ անելն ու ճիշտ հաշվարկներով շարժվելն է»,-նշել է նա:
Անդրադառնալով «Թրամփի ուղուն»՝ նա նշել է. «Թրամփի ուղու» շուրջ այնպիսի աղմուկ հանեցին, թվում էր, թե միլարդավոր դոլաներ կգան, երկիրը կծաղկի, աշխարհի խաչմերուկ կդառնա։ Ինչ էինք ասում մենք․ ասում էինք՝ ԱՄՆ-ը երևացող տնտեսական շահեր այս տարածաշրջանում չունի և մենք տեսնում ենք, որ սա ավելի շատ կապված է Իրանի սահմանի հետ։ Հայաստանի ընդամենը 26 տոկոսն այդ ծրագրում այդ ամենի խոսուն վկայությունն էր։ Անցել է 8 ամիս, հիմա այդ նախագծի մասին ո՞վ է խոսում․ ոչ ոք։ Մեր ունեցած կանխատեսումը, ցավոք, ամբողջությամբ իրականություն դարձավ։ Բայց Հայաստանում արդուկն ու սառնարանն էլ միացնեիր, բոլորն այդ նախագծի մասին էին խոսում՝ որպես դարակազմիկ մի բանի»:
Քոչարյանը հիշեցրել է, որ իրենք առաջարկում էին ընդլայնել «Թրամփի ուղու» ծրագիրը և ներգրավել երկրներ, որոնց նկատմամբ Իրանն ունի վստահություն։
«Այդ դեպքում ծրագրի հետ խնդիր չէինք ունենա։ Կամ առաջարկում էինք Մեղրիով անցնող 42 կմ երկարությամբ հատվածը կառուցել մեր միջոցներով, այլ ոչ թե այլ երկրի տրամադրեինք մեր տրանզիտային ամենամեծ ներուժ ունեցող հողակտորը։ Հիմա կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունը կա՛մ խաբում էր, կա՛մ չի կարողանում կանխատեսել»,-պարզաբանել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված «Խաղաղության համաձայնագրին»։
«Խաղաղության թեման դարձել է իշխանությունների վերջին 8 ամիսների թոփ թեման։ Ով ինչի մասին խոսում է, իշխանության ներկայացուցիչները խոսում են խաղաղության մասին։ Ի՞նչ էինք ասում մենք․ մենք խոսում էինք երաշխավորված խաղաղության մասին։ Մենք խոսում էինք խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, Քպ-ից, Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից և մեկ ուրիշից։ Երաշխավորված խաղաղություն նշանակում է միջազգային մեխանիզմների կիրառում, այսպես ասած, Ալիևի կամքից դուրս։
Ի՞նչ է կատարվում հիմա․ պարզվում է՝ այդ նախաստորագրված փաստաթուղթը փուչիկ է։ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն բոլոր արդուկներից խոսում են այն մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինքը չվերընտրվի։ Սա՞ է խաղաղությունը։ Ըստ էության` իրենք 7,5 ամիս ժողովրդի գլուխն էին արդուկում խաղաղության մասին խոսելով, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունն ուղիղ կապված է ընտրությունների հետ, իսկ խաղաղությունը խախտողն այնպայման լինելու է Իլհամ Ալիևը։ Սրա՞նք են ձեր փաստարկները։ Սա ի՞նչ խաղաղություն է, որ կապված է ընտրությունների արդյունքների հետ։ 7,5 ամիս հնչեցրած խաղաղության թեզը հիմա 24-ժամյա ռեժիմով քանդում են»,-ասել է Քոչարյանը:
Infoport.am




