Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

 Ի հուշ. Նինա Գաբրիելյան (1953-2026)

Մոսկվայից տխուր լուր ստացվեց՝ կյանքի 72-րդ տարում վախճանվել է ժամանակակից ռուսահայ մշակույթի ինքնատիպ ու ազդեցիկ դեմքերից մեկը՝ ռուսագիր գրող, թարգմանչուհի, գրականագետ, արվեստաբան եւ նկարչուհի Նինա Գաբրիելյանը:

Ծնվել է Մոսկվայում, ռազմական ակադեմիայի դասախոսի եւ բժշկի ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի Թորեզի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի ֆակուլտետը (1976)՝ ստանալով հիմնավոր լեզվաբանական կրթություն, որը հետագայում դարձավ նրա թարգմանական եւ գրական աշխատանքի ամուր հենասյունը:

1970-ականների կեսից Գաբրիելյանի բանաստեղծություններն ու արձակ գործերը տպագրվել են ռուսական առաջատար հանդեսներում: Հեղինակել է «Եղեգան փող», «Նռան հատիկ», «Երգող ծառը» բանաստեղծական ժողովածուները, «Խոտերի տիրակալը» պատմվածքների գիրքը: Նրա պոեզիային բնորոշ է գունային հագեցվածությունն ու պատկերային խորությունը, ինչը բնականորեն կապվում է նկարչական մտածողության հետ:

Գաբրիելյանը առանձնահատուկ տեղ է զբաղեցրել թարգմանական դաշտում: Նա ռուսերեն է թարգմանել հայկական, քրդական, հնդկական, ղազախական եւ այլ պոեզիա: Հատկապես նշանակալի է նրա ներդրումը հայ քնարերգության ներկայացման գործում. թարգմանել է Կոստանդին Երզնկացու, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի եւ այլոց ստեղծագործություններ:

Գաբրիելյանի գործունեությունը չի սահմանափակվել գրականությամբ: Նա ակտիվորեն մասնակցել է մշակութային եւ հասարակական նախաձեռնությունների, եղել է «Պրեոբրաժենիե» ֆեմինիստական ամսագրի գլխավոր խմբագիր, համակարգել կրթական ծրագրեր Անկախ կանանց ֆորումում, ներկայացրել Ռուսաստանը միջազգային մշակութային հարթակներում՝ Պեկինից մինչեւ Ջենովա: Ուսումնասիրել է հայազգի ռուս գրող Բորիս Օտարովի ստեղծագործությունը եւ 2006-2011 թթ. կազմակերպել «Օտարովյան ընթերցումներ» մշակութային միջոցառումները: Որպես նկարիչ աշխատել է յուղաներկով եւ գունամատիտներով, աշխատանքները պահվում են Նաիվ արվեստի թանգարանում, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի «Տապան» թանգարանում,  Ռուսաստանի եւ այլ երկրների մասնավոր հավաքածուներում: Ունեցել է բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ Մոսկվայում եւ այլ քաղաքներում: 2018 թվականին նա պարգեւատրվել է Ռուսաստանի հայերի միության արծաթե խաչով եւ Մոսկվայում Հայաստանի դեսպանության ոսկե մեդալով:

Եռանդուն, բարեսիրտ, բազմաշնորհ Նինա Գաբրիելյանի գործունեությունը հաջողապես միավորում էր գրական, թարգմանական, գիտական եւ գեղարվեստական ոլորտները՝ ստեղծելով բազմաձայն մշակութային կամուրջ հայ եւ ռուս մշակույթների միջեւ:

Անտիպ է մնում Գաբրիելյանի «Ընտանեկան ալբոմից» հուշագրությունը (մի հատվծա լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիայի» չորրորդ համարում):

Ա. Բ.