Հինգշաբթի, Հունվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի նկարիչների միությունում տարին ամփոփվեց «Սալոն 2025»-ով

ԱԶԳ
26/12/2025
- 26 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
42
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում բացված «Սալոն 2025»-ի մասնակիցները ՀՆՄ անդամներն էին: Ցուցադրված գործերը եւ՛ թեմատիկ առումով, եւ՛ նկարելաոճով տարբեր էին, սակայն, համոզված եմ, հայ կերպարվեստի ամբողջական գուներանգն ու իմաստը, բովանդակային խորքը շատ ավելի մեծ են, քան այս ցուցահանդեսում ներկայացվածի պարունակությունը: Այդուհանդերձ, ցուցահանդեսում մի պտույտն էլ բավական էր՝ առաջնային տպավորություն ունենալու. հոգեվիճակների ներկայացման «այլախոհությամբ» արված գունա-պատկերային հորինվածքներ, իրականության եւ զգացմունքների երեւակայական ծավալումներ, իրապաշտական մանրամասնումներից մինչեւ հոգեւոր ընթերցումներ, նուրբ բնապատկերներից մինչեւ ձեւապատկերների միջոցով գեղանկարչական նոր փնտրումներ: Ինքս ամենում փնտրում էի բովանդակային իմաստով լեցուն-խորքային, ներկայիս իրականությունը, թեկուզ, խորհրդանշորեն պատկերող գործեր, եւ այդպիսիք ես գտա:

Արմենակ Վարդանյան․ Ծառը

Հոգեւոր թեմաների ուղղակի արծարծումը բնորոշ է գեղանկարիչ Լորիկ Մինասյանի՝ հատկապես վերջին տարիների ստեղծագործությանը: Նա ունի տպավորիչ բնանկարներ, իր ծննդավայր Սյունաց աշխարհի պատկերներ, վանքանկարներ, տպավորիչ նատյուրմորտներ, իսկ հոգեւոր թեմաների հաճախակի հոլովույթը նրա կտավներին գալիս է իր ապրած անձնական ողբերգությունից, կորստից եւ երկնային կենանար ներկայության փնտրումից. նրա նպատակը միայն գեղանկարչական լուծումների փնտրումը չէ, այլ դրանց ամոքիչ ուժը, որ զգում է ինքը՝ այդ կտավները ստեղծելիս, այն բուժիչ ազդեցությունը, որ այդ կտավները կարող են ունենալ դիտողի համար: «Սալոն 2025»-ում նրա «Խորհուրդ խորոց» խորագրված վանքանկարին թափանցիկ դեղնա-նարնջով եւ լուրթ կապտավուն օրվա մեջ լողացող տաճարն է եւ նույն գույներով ձուկը՝ քրիստոնեության գաղտնի նշանը: Իր նկարչության մեջ Լորիկ Մինասյանը խոսում է գաղտնագրության լեզվով՝ խորհրդանիշների միջոցով, ասես, բարձրաձայնելով օրվա լուռ ճիչը, իսկ երանգախաղի ընտրությունը լուսավոր հայացքն է, որ չպետք է կորցնել, նույնիսկ, ամենամութ գիշերվան…

Դավիթ Դավթյան․ Իմ մոլորակը
Իրինա Սաղյան․ Ծաղկազարդ

Սալոնի լավագույն ստեղծագործությունների շարքում կդասեի Տիգրան Արամի Սարգսյանի «Կեչիներ» կտավը: Շուրջ տասը տարի հետեւելով Տիգրանի ստեղծագործական աճին՝ արձանագրում եմ, որ այս երիտասարդն այժմ հասուն արվեստագետ է՝ գույնի նուրբ զգացողությամբ, թեմաների ընդգծված քնարականությամբ, տեխնիկական միջոցների գործածման վարպետությամբ: «Կեչիներ»-ն ինքնըստինքյան քնարական բանաստեղծություն է՝ ծառերի բարակ բների թափանցիկության հասնող «մաշկով», վայր թափվող հարուստ գեսեր հիշեցնող սաղարթների նուրբ վարդագույնին խառն շիկավուն դեղինով: Նկարչի հոգեւոր կրթությունը (ուսանել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ձեռնադրվել քահանա՝ անվանակոչվելով Տեր Նարեկ) սովորեցրել է առավել խորքայնորեն քննելու իրերն ու երեւույթները, լինելու հաշտ ու ներդաշնակ բնությանը, իր խոհածությունը կտավին հանձնելու խաղաղարար բնանկարներով, նատյուրմորտներով: Աստծուն, բնությանը ներդաշնակվելու, համաչափվելու ներքին ձգտումը նման արդյունք է տալիս, եւ այս ընթացքը ներքին մղման արդյունք է՝ բնական, անկեղծ, գեղարվեստորեն: Նա իր հոր՝ գեղանկարիչ Արամ Ապարանցի Սարգսյանի լավագույն աշակերտն է, եւ նույն սրահում՝ դեմ-հանդիման ցուցադրված էին երկուսի վրձնած կտավները: Վերջինիս «Վերիվանք» բնանկարն աշնանային ռապսոդիա է՝ լերկ լեռների փեշերին ցանցառ խոտութփերի խճճանքում առանձնյակ ծառերով՝ վառ ու խամրած դեղինով, ճերմակ փնջանքներով, ճյուղերի կարմիր-դարչնավուն «գլխանոցներով»: Իսկ դեպի հեռուն ձգվող ժայռերն ալիք-ալիք ձգվում են դեպի երկնքի կապույտը, եւ դրանց մեղմ դարչնագույն մերկությունը բնավ խիստ չէ, այլ մի տեսակ հուշում է նրանց փափուկ բնույթի, անդորրության մասին:

Տիգրան Սարգսյան․ Կեչիներ

Տավուշյան բնության նվիրյալ «երգիչն» է Ավետիք Հարությունյանը, որն ապրում եւ ստեղծագործում է Դիլիջանում: Իր ծննդավայրի մառախլապատ բնանկարները, նատյուրմորտները թախծալույսով են պարուրված, նա սիրում, հիանում է հայրենի վայրերի գեղեցկությամբ, գնում եւ պատկերում է թաքուն անկյուններ, եւ իր վրձնած պատկերները սիրել է տալիս ակնդրին:

Թախծոտ-երազային են Նաիրա Ահարոնյանի մատիտով եւ սեւ, չխամրող տուշով ուրվագծված գրաֆիկական թերթերը, որ կնոջ կերպարի հեղինակային բացահայտումներն են, ըստ էության նկարչուհու հոգեվիճակների արձանագրումները, բոլորը՝ նուրբ, եթերային, իրականությունից վերացած, անաղարտ, թափանցիկ: Սալոնում ցուցադրվում էր այս շարքի «Բեթհովեն   4» վերնագրված գործը, որ ոչ միայն երաժշտության ունկնդրումից նկարչուհու զգացողությունների պատկերային արտահայտությունն էր, այլ նաեւ սիրո, երջանկության հավերժական թեմայի շուրջ իր ոգորումը: Թղթի վրա կնոջ կերպարի նրա արծարծումները քնարական բանաստեղծություններ են, որ հնարում է նկարչուհին, որը կյանքում համեստ է, անցուցանք, հոգու խորքում՝ անուրջներ:

Դավիթ Դավթյանի «Իմ մոլորակը» կտավում կնոջ չկոնկրետացված կերպարը՝ իր մերկության երանգագծումների անցումներով, եթերում լողացող դիրքով, իրապաշտությունից տարանջատ անրջայնությամբ, կտավի մակերեսի գունակառուցվածքով՝ կնոջ էության բացահայտման գեղարվեստական բանաձեւումներից մեկն է:

Ուռենու դալար ճյուղերն, ասես, չեն տեղավորվում կտավի շրջանակում, ներս են խուժում դահլիճ՝ գարնանային սառն, հաճելի շունչ բերելով: Այդ կենդանի շունչն ու թարմությունը հաղորդել է Իրինա Սաղյանն իր «Ծաղկազարդ» կտավով: Ցուցահանդեսից ինձ հետ տուն բերած լավագույն զգացողությունները կապված են մի քանի կտավների ու քանդակների հետ, եւ դրանցից մեկը հենց այս կտավն է: Կնոջական ձեռագիրն ակնհայտ է՝ նրբազգաց, գեղահյուս: Ուռենիների տերեւազուրկ ճյուղքին աչք տված  հատիկ-հատիկ «պտղունքը» կտավին ջերմություն են հաղորդում, ճյուղերի բնական հյուսքը՝ հուռութք, եւ դրանց արանքից հեռվում նշմարվում է վանքը: Հողին դեռեւս չհալչած սառույցն է՝ ճերմակ կղզյակներով: Զարթոնքի, սիրո սպասում է, բնության կախարդանք, նոր կենդանության սկիզբ, հավատի հաղթանակ…

Մի ուրիշ դեղին է գերակշռում Սուսան Ավանեսյանի «Աշուն» բնանկարում՝ բլրալանջերի համատարած նարնջագույն այրմամբ, ցածր ծառերի մուգ կանաչի, դարչնագույնի ֆոնին առավել ընդգծուն վաղ արեւագույնի բազում երանգավորմամբ բուսականությամբ: Դեղինը «հոսել է» հողին եւ թափվում է առատաջուր վտակի կապտաճերմակ ալյաց մեջ: Ջրերի ընթացքն արագացել է քամուց, ծառերն, ասես, հես է՝ վտակի հունով կընթանան՝ քամու ուժեղ պոռթկումից դրդված. անդրդվելի-անշարժ են միայն ջրերի մեջ՝ ցից-ցից քարերը: Իսկ վերում՝ լուրթ երկինքն է՝ մեջը՝ ճերմակ ամպերը՝ ծխիկ-ծխիկ:

Աշնանային մոտիվով բնանկար-գյուղանկար է Արմինե Մելիք-Իսրայելյանի յուղաներկ աշխատանքը՝ միջօրեի անդորրությամբ, գյուղական բակի՝ հայկական գորգի երանգային անցումներով հողե տարածքով, բակի մեջտեղում՝ կարպետը, կարպետին նստած կինը՝ աղորիքը պտտելիս, տնամերձ այգու աշնանային գունաբաշխումը, գյուղական տնից դենը՝ դեպի հորիզոնի անսահմանություն ձգվող լեռների բաց-թանաքը՝ իդիլլիա, որ, թվում է՝ անխախտ է՝ հայկականության կնիքով, բնության եւ մարդու ներդաշնությամբ: Ըղձալի է այս հասարակ կենցաղն ու հանդարտությունը հեղինակի համար, եւ այդ մասին նա սիրով է պատմում:

Այս ցուցահանդեսին Արմեն Լոռենց Հարությունյանը ներկայացել էր իր առավել վաղ շրջանի ստեղծագործությամբ: Ընտրությունը պատահական չէր. «Հին Շուշի» կտավը հիմա դիտվում է մի առանձին կարոտով, ափսոսանքով, անսփոփելի ցավի ցգացմամբ: Ցավոք, կտավին հանձնված մեր շատ արժեքներ կորսված են, եւ նման գեղանկարչական արձանագրումները ոչ միայն գեղարվեստական, այլ նաեւ պատմական-վավերագրական նշանակություն ունեն: Իսկ կտավին հողե ճանապարհի եզրին շարված մի քանի տներ են՝ հայկական ավանդական ճարտարապետությամբ. ամեն մեկը, կարծես, մի ամրոց լինի, վերնամասում կիսաշրջանաձեւ, տաճարներում լույս ներթափանցող բացվածքների նմանությամբ պատուհաններով, ամուր, քարե պարիսպ-պատերով, հին, դարչնագույն-փայտե, երկդռնանի ծանր ու մեծ դարպասներով, արեւային լույսի ճերմակը՝ շինությունների ճակատներին, բակերի բարձր ծառերի կատարների նշմարումներով: Արեւային լույսը, հավանաբար, ներս է խուժել բարձր պատուհաններից ներս, ամրոց-տների սենյակների անկյուններում ճյուղավորվելով ու ստվերախաղով: Եվ կարոտախտը հաղթելու միջոցն այդ արեւալույսը դիտելն ու պատկերացնելն է:

«Սալոն 2025»-ի ամենաազդեցիկ գործերից մեկի հեղինակն էլ Սերգեյ Նարազյանն էր: Մարդն ուսել էր պատերազմի, թալանի աղետներից փլուզված իր տան կիսականգուն պատերը եւ ուժերի ծայրահեղ լարմամբ ուզում էր քաշել, տեղից պոկել, տեղափոխել դրանք: Դիտելիս հիշեցի սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի տողերը. հայրենազրկությունը պատկերավոր տալով՝ նա գրել էր, թե ոնց է մարդն իր տան տանիքը գիրկն առած հեռանում իր հայրենի վայրերից:

Գայթակղությունը մեծ է ներկայացնելու ավելի շատ գործեր, բայց մի հոդվածի շրջանակներում երկու հարյուր նկարիչների մասին խոսելն անհնար է: Միայն հավելեմ, որ քանդակը թեեւ առավել սակավ քանակով, բայց բավական մեծ որակով էր ներկայացված այստեղ: Դրանցից էր մեր վարպետներից մեկի՝ Արմենակ Վարդանյանի «Ծառը». մարդու վեր բարձրացրած ձեռքերը ճյուղերի են վերածվում, եւ այդ գործը մարդ էակի հողեղենության, միատեղ՝ ոգեղենության մասին է, նաեւ մեր՝ սեփական հողում անպոկելի արմատներ ունենալու եւ սաղարթավորվելու մասին:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի մեծ ասուլիսը

Հաջորդ գրառումը

Նեսիմ Օվադյա Իզրաիլ. Հայամետ հրեան Թուրքիայից

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Բրիժիտ Բարդոն

28/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
Հաջորդ գրառումը

Նեսիմ Օվադյա Իզրաիլ. Հայամետ հրեան Թուրքիայից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական