«Journal of democracy» ամերիկյան հեղինակավոր հանդեսում Նիկոլաս վան դե Վալլը դեռ 2012–ին Ստիվեն Լևիցկու և Լուկան Ա. Ուեյի «Մրցակցային ավտորիտարիզմ․ հիբրիդային ռեժիմները Սառը պատերազմի ավարտից հետո» գրքի մասին կարծիք գրելիս բավականին հետաքրքիր համեմետականներ է տարել, որոնք լիովին տեղավորվում են հայկական արդի իրականության մեջ։ Մասնավորապես հետաքրքիր էր «Մրցակցային ավտորիտարիզմ» տերմինը և դրա բացատրությունը որպես քաղաքական տերմին։ Ինքս գիրքը դեռ չեմ կարդացել, սակայն Նիկոլաս վան դե Վալլի մեկնաբանություններին հղում կատարելով՝ նշեմ, որ հեղինակները՝ Ստիվեն Լևիցկին և Լուկան Ա. Ուեյը մրցակցային ավտորիտար ռեժիմները սահմանում են որպես քաղաքական համակարգեր, որոնք հիմնավորապես ավտորիտար են, թեև թույլ են տալիս ընտրական նշանակալի մրցակցություն։ Դրանք գտնվում են երկիմաստ քաղաքական տարածքում՝ լիարժեք ավտորիտարիզմի և քաղաքական ու քաղաքացիական ազատությունները հարգող ժողովրդավարության միջև։
Լևիցկին ու Ուեյը արդյունավետորեն տարբերում են իրենց «Մրցակցային ավտորիտարիզմ» կատեգորիան մյուս նման դասակարգումներից, օրինակ՝ Դայմանդի «հիբրիդային ռեժիմներից» և Շեդլերի «ընտրական ավտոկրատիայից»։ Նրանք պնդում են, որ մրցակցային ավտորիտարիզմը ավելի սահմանափակ կատեգորիա է և այն ներառում է միայն այն ավտորիտար ռեժիմները, որոնք՝ չնայած իրենց անազատ բնույթին, ապահովում են այնքան նշանակալի քաղաքական մրցակցություն, որ ընդդիմադիր ուժերը ընտրությունները դիտարկեն իշխանության գալու գործնական ճանապարհ։
Այս տեսակի ավտորիտարիզմը «ռեժիմ» անվանելը ենթադրում է որոշակի կայունություն քաղաքական ինստիտուտներում։ Սրանով պայմանավորված Լևիցկին ու Ուեյը պնդում են, որ մրցակցային ավտորիտար ռեժիմները կարող են երկար գոյատևել։ Նրանք կասկածի տակ են դնում այն պատկերացումը, թե ընտրությունների կանոնավոր անցկացումը պարտադրորեն պետք է բերի ժողովրդավարական փոփոխությունների։
Երկրորդ՝ արդյո՞ք մրցակցային ավտորիտարիզմին վերագրվող երկրները բավարար չափով կայուն քաղաքական ինստիտուտներ ու նորմեր ունեն՝ «ռեժիմ» անվան օգտագործումը արդարացնելու համար։ Ինչպես հեղինակներն են նշում, նման երկրների առանձնահատկությունն այն է, որ նրանց քաղաքական կանոնները մշտապես անորոշ և անկայուն են՝ մշտապես բանակցվող և վիճարկվող։ Դե գրեթե այնպես, ինչպես Հայաստանում՝ չկան սկզբունքներ, չկան իդեալներ, կա միայն մեկ սկզբունք և միայն մեկ իդեալ՝ «ամեն գնով պահել իշխանությունը»։
Դիկտատորներ, ինչպիսիք են Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե) կամ Փոլ Բիան (Կամերուն), հաճախ կարծրացնում կամ փափկեցնում են ռեժիմի բնույթը՝ կախված իրենց իշխանության վտանգված լինելու զգացումից կամ վտանգված լինելու զգացման բացակայությունից։
Հետաքրքիր է նաև այն նկարագարությունը, որ նոր առաջնորդները հաճախ օգտակար են համարում բացել համակարգը՝ և՛ իրենց իշխանությունը լեգիտիմացնելու, և՛ նախկին ղեկավարի ու նրա խմբի ազդեցությունը նվազեցնելու համար։ Սա ինչ-որ իմաստով նման էր 2018 թվականի հայակական իրադարձություններին, երբ մինչև 2021 թվականը տեղի ունեցող համակարգի որոշակի բացում, ժողովրդավարական առաջնահերթությունների սահմանում և ցուցադրություն, իսկ 2021 թվականից սկսած՝ սկսվեց համակարգի մեկուսացման և ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցման գործընթաց։
Ընդհանուր առմամբ, բազմաթիվ ավտորիտար ռեժիմներ դրսևորում են ցիկլային վարքագիծ՝ լիբերալացման «գազարը» փոխելով ճնշման «բռունցքի» հետ։
Քաղաքագետ Արա Պողոսյան





