Ես չգիտեմ՝ քաղաքական իրադարձություններն ինչպես կլինեն մեր երկրում, բայց կարևոր է, որ հայ ժողովուրդը 2026 թվականի առիթով չվերածվի լոկ ընտրազանգվածի, և քաղաքական ուժերը ժողովրդին չվերաբերեն որպես ընտրազանգվածի, որովհետև մենք ժողովուրդ ենք։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանի՝ Նիկոլ Փաշինյանին բանավեճի հրավիրելու նախաձեռնությանը՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց՝ նա մարդու իրավունքների ուժեք պաշտպան է եղել և շաբլոնային հայտարարություններ անելու փոխարեն կարող էր այսօր ներկայանալ ԱԺ՝ մասնակցելու քաղբանտարկյալների հարցով լսումներին։
Միաժամանակ Արմեն Աշոտյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե այսօր ում վարկանիշն է ավելի բարձր՝ Սերժ Սարգսյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե Արման Թաթոյանի։
Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր բանավեճի։
«Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահներին անընդհատ հրավիրում է բանավեճի։ Նա, իր ատելության, թշնամանքի օրակարգից ելնելով, նախկին ժամանակների սխալներն օգտագործելով և այլն, վստահ է, որ արդյունքների հասնելու է։ Բայց ես հիմա ուզում եմ ասել, պարո՛ն Փաշինյան, ես եմ Ձեզ հիմա հրավիրում բանավեճի։
Ցանկացած տեղ, ընտրեք Ձեր ուզած տեղը, Ձեր ուզած հարցերը։ Պետրոս Ղազարյանին էլ կարող եք կանչել, որպեսզի Ձեզ մենակ չզգաք։ Հունվարի 15-ին ես հրավիրում եմ բանավեճի։ Հետևողական եմ լինելու այս հարցում», – ասել էր Թաթոյանը։





