Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարեդարձդ շնորհավո՛ր

ԱԶԳ
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգի» 34-ամյա պատմության մեջ երբեւէ չի պատահել, որ էջ հրատարակենք՝ առանց գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի գիտության: Սա բացառիկ, եզակի դեպք է, մեր անակնկալն է սիրելի գլխավոր խմբագրի ծննդյան 26 հազար 280 երորդ օրը հիշատակելու, շնորհավորելու, նրան մեր ջերմությունն ու սերը խոստովանելու:

Հակոբ Ավետիքյանը Սփյուռքում ձեւավորված սովորույթի համաձայն, իր տարեդարձը տոնելու սովորույթը չունի, թեեւ «Ազգ»-ականներս խմբագրության պատերի ներսում միշտ պարտադրել ենք մեր կամքը, եւ գոնե տորթ կտրելով, բաժակ զարկելով, մեր մաղթանքն ուղղել ենք նրան: Այս անգամ ներողամիտ ենք եղել՝ արտոնել ենք, որ մեր սիրելի հոբելյարը տարեդարձը նշի իր ընտանիքի հետ, Երեւանից հեռու: Եվ քանի որ նրա հետ այսօր սեղան չենք նստելու, չենք նեղվելու, եթե հեռախոսն էլ անջատի ու անհասանելի լինի, ուստի «Ազգի» մեր աշխատակիցների, հեղինակների ստորեւ հրատարակվող գրությունները, հասկանալի է, որ օծված են շամպայնով, գինով, Հակոբ Ավետիքյանի սիրելի վիսկիով:

***

Մեր թիկունքը՝ Հակոբ Ավետիքյանը

Շատ քիչ մարդիկ կան կյանքում, որ կարող են բեկումնային դեր խաղալ մեր ճակատագրում կամ իբրեւ անհատ մեր կայացման ճանապարհին։ Իմ կյանքում Հակոբ Ավետիքյանն այդպիսի մարդկանցից մեկն է։ Երբ 35 տարի առաջ, աշնան այս օրերին ուսանողական ընկերոջս պատահաբար չհանդիպեի փողոցում, եւ նա չհրավիրեր դեռեւս չհրատարակվող «ԱԶԳ» թերթի խմբագրություն, չծանոթանայի ծխախոտի ծխի քուլաների մեջ ողողված սենյակում աշխատող գլխավոր խմբագրին, ապա միգուցե այսօր այլ լիներ թե՛ իմ կարգավիճակը, եւ թե՛ բնակության վայրս։ Մեր առաջին հանդիպմանը ես հասկացա, որ կաշխատեմ այդ խմբագրությունում։  35 տարի է անցել այդ օրվանից, բայց ԱԶԳ-ի հիմնադրման օրից թերթում անցկացրած յոթ տարիները ոչ միայն մասնագիտական հասունության, փորձի ու դասեր քաղելու առումով էին անշրջելի ինձ համար, այլեւ մարդկային հարաբերությունների ու աշխատանքային միջավայրի, որ անշուշտ մեր խմբագրի վաստակն էր։

Ամենակարեւորն այն դասերն էին, որ մենք ոչ միայն սերտեցինք, այլեւ ինքնաբերաբար դրանք մտան մեր արյան մեջ։ Լինել օբյեկտիվ ու անաչառ, չտրվել  լրատվական խայծերին, մի քանի աղբյուրից ստուգել լուրը, աշխատել արագ ու օպերատիվ։ Եւ իհարկե, անսահման վստահությունն ու ազատությունը, ստեղծագործական ազատությունը, որ  թեւեր էր տալիս յուրաքանչյուրիս։

Ու քանի որ նշում ենք պարոն Ավետիքյանի 80-ամյա հոբելյանը, շատ չեմ ուզում խոսել մասնագիտական հարցերի մասին։ Ընդամենն  անդրադառնամ նրա ՄԱՐԴ տեսակին, որն այսօր շատ հազվագյուտ է մեր լրատվական դաշտում։  Իր ունեցած գիտելիքների պաշարով շրջապատի հետ կիսվելու կարողությամբ, իր նրբանկատ վերաբերմունքով, իր հումորի ու լուրջ վերլուծություններ կատարելու կարողությամբ, նա այսօր էլ մնում է ինքնատիպ եւ ոգեշնչող անհատ։ Ուստի սիրելի խմբագրիս մաղթում եմ, որ դեռ երկար տարիներ պահպանի ստեղծագործական ավյունն ու մեզ զարմացնելու կարողությունը, քանի որ նա ոչ միայն իր ընտանիքի թիկունքն է, այլեւ մեր՝  «ԱԶԳ»ականներիս։

Բարի հոբելյան, սիրելի՛ պարոն Ավետիքյան։

Հակոբ Ասատրյան, Պրահա

***

Ամեն ուրբաթ, «սիրային ժամադրության նման սպասում եմ» նրա սյունակին

Նրա համար գրելը շնչելու պես է: Բեյրութի «Զարթօնքի» նրա սենյակը չեմ տեսել, թեեւ գիտեմ՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ ռումբը հարվածել էր, պատը փշրել, բայց գլխավոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը շարունակել էր նույն վայրում թերթի շնչառությունը:

«Ազգի» նրա սենյակը Հանրապետության 47-ում էլ, Կողբացի 20/3 -ում էլ նույն կահավորումն ունի՝ գրքառատ, թղթառատ, սեղանին հոդվածագիրների տեքստերով լի A4 թղթի տրցակները շնչահեղձ, իրար վրա կուտակված, եւ դրանց վրա մի մաքուր էջ լցվում է Ավետիքյանի՝ շատերիս ծանոթ «թեք» ձեռագրով: Գրչով, թանաքով, որ երակներից հոսում է թուղթ: Հարավային Կովկասում 1990-ին «Ազգ» եռօրյան առաջինն էր, որ Macintosh-ով ստեղծեց իր մտավոր եղելությունը, բայց նորի, արդիականի հետ հաշտ Ավետիքյանը գրի՝ նույնիսկ սեպագիրից եկած ավանդույթը չի խախտում՝ ձեռքով, գրչով է գրում թեեւ, բայց անշփոթելի նրա ձեռագիրը հարթ չէ՝ տառն ասես քարի վրա է փորում. Իր նախնիների՝ Կիլիկիայից Բեյրութ, իր՝ Բեյրութից Երեւան հետագիծ- դրոշմն  ունի նրա տառը, բառը՝ ամբողջական ձեռագիրը: Հոդվածներ ու վերլուծություններ հաճախ չի գրում, մեր ութ էջ դարձած լղարիկ «Ազգ»-ում կարեւորում է մյուսների հայացքը, միտքը, իսկ խմբագրականը՝ ամեն ուրբաթ դիպուկ վերնագրով «մտնում» է ընթերցողի աչքը, բացում միտքը, լրագրի հարթ մակերեսը նրա հայոց լեզուն դարձնում է շքեղ մի գորգ, որի խասն ու մետաքսը գրաբարի, արեւմտահայերենի, արեւելահայերենի գունեղ դերձաններն են, իսկ եզրակարերը հաճախ ամրացնում են անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն դարձվածքները, առած- ասացվածքները: Բառախաղի վարպետ է: Հրաշալի պատմող է: Աւետիքեանի գրչի տակ պատմությունը հեռավոր եւ մերձակա շնչում է, դետալները որսալու, համեմատելու, խոշորացնելու, ընդհանրացնելու կարողությունը նրա տեքստը դարձնում են հետաքրքիր, մագնիսական: Պաթետիզմից հեռու է: Հայոց լեզվի հանքանյութից ոսկին, արծաթն ու պղինձը նրա տեքստը դարձնում են պինդ, դիմակայուն, կոռոզիայից հեռու:

Լուսամփոփի սպիտակ լույսի, ծխախոտի ծխի քուրայի մեջ ամեն հինգշաբթի երեկո գրվում է խմբագրականը: Երբեմն շաբաթվա սկզբին մեր զրույցից արդեն գիտեմ թեման՝ ինչի մասին է գրելու: Ստեղծելու ընթացքին հետեւում եմ՝ տաք մոխիրը «թոթվում» է մոխրամանի մեջ, անճիգ գրում է…հեռաձայնը զնգում է, մենք հարց ենք տալիս, խանգարում ենք, տպարանը սպասում է, շտապեցնում…ու ոչ մի բան չի խանգարում, որ Յակոբ Աւետիքեանի գիրը դասականի, բարձրակարգի, մի քանի անգամ կարդալու հաճույքից մեզ զրկի:

Ո՞րն է այն ուժը, որ ստիպում է 34-ամյա «Ազգի» հիմնադիր մեր խմբագրին սյունակ գրել: Տարիներ ի վեր նույն զգացողությունն եմ ունեցել՝ գրելու հաճույքը, բանավեճի ցանկությունը, նոր թեմաներ որոնելու, աշխատելու եռանդը, իսկ վերջին տարիներին՝ պոպուլիզմի եւ ապատեղեկատվության դեմ պայքարը:

Յակոբ Աւետիքեանի 26 հազար 280 երորդ այս օրվա մեջ խտացել է Վերապրողի իր կամքը, տարբեր երկրներում, աշխարհակարգերում, պատերազմներում թրծված, բովված իր կյանքը, որի սոսինձը սերն է:

 Յակոբ Աւետիքեանը չափահասության 18-ին հասավ Միջերկրականի ափին, արեւառատ Բեյրութում, դրան գումարվել է տարբեր քաղաքներում զբոսնած, ապրած մարդու 62 տարվա անչափելի փորձառությունը: Ուսանողական տարիների Երեւանը, որ 1990-ից նրա հանգրվանն է, ծովից, ավաղ, հեռու է: Աւետիքեանին ճանաչողը կհամաձայնի՝ նրա տեսքը, միտքը, տողը, բառը միշտ թարմ է՝ ծովի աղով շաղված:

«Ազգն» ինձ համար լրագրության հայրենիք է Յակոբ Աւետիքեանի շնորհիվ:

Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛, թանկագի՛ն պարոն Աւետիքեան:

Անսահման երախտագիտությամբ՝ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

***

Սիրելի ընկեր Յակոբ,

Կու գամ միանալ ռամկավար ազատական մամուլի բոլոր իմ գործակիցներուս, բերելով շնորհաւորական խօսքս վեթերան խմբագիր ընկեր Աւետիքեանին ծննդեան 80-ամեակին առթիւ:Կեանքի բեղուն այդ երկար տարիներուն, համարեա 50 տարին տրամադրեց մեր մամուլին Սփիւռքի եւ հայրենիքի տարածքին պահելով մեր աւանդական գիծը որ կը փոխանցուէր մեր պատուական անուններէն՝ Թէքէեան, Չօպանեան, Տամատեան, Բաբազեան, Ահարոնեան եւ միւս համբուրելի խմբագիրներէն մեր:

Ունեցած եմ մտերմիկ ու չհինցող ջերմ յարաբերութիւններ եւ յիշատակներ  ընկեր Աւետիքեանէն։ Նոյնիսկ ողբացեալ կինս՝ Արփին Պէյրութի հայաշատ արուարձանին մէջ եղած է դռկից  Աւետիքեաններուն: Յաճախած եմ Պէյրութի Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկը, շրջապատուած մեր աննման ուսուցիչներով ՝ Վահէ-Վահեան, Գերսամ Ահարոնեան, Գնէլ Արք. Ճէրէճեսն, Անդրանիկ Վրդ. Կռանեան եւ միւս մեծերը:

Կուսակցական կեանքի մէջ եղած ենք գաղափարի գործընկերներ: Յաճախ գտնուած ենք նոյն դաշտին վրայ ծառայելով նոյն սկզբունքներուն: Որպէս ժողովական իր եւ միւս ընկերներու Նիւ Եորք այցելութեան շրջանին  հիւրընկալուած են Նիւ Ճըրզիի իմ բնակարանս, ուր ունեցած ենք օրեր տեւող ժողովներ եւ ծրագիրներու մշակում:

Հասուն տարիքիս քաջալերած է նուիրուելու  մամուլի ծառայութեան, որ սիրով կը կատարեմ առայսօր:

Սիրելի ընկ. Յակոբ,

Արեւշատութիւն, համբերութիւն  քաղաքական կեանքի թէ մամուլի ծառայութեանդ մէջ:

Սերունդ մը ամբողջ կը սիրէ ու կը յարգէ քեզ:

Նիւ Ճըրզի, Նոյեմբեր 18, 2025

Յակոբ Վարդիվառեան

***

Յակոբ Աւետիքեանին 80-ամեակը ուրախալի առիթ է վերյիշելու իր կարեւոր դերը հայ լրագրութեան մէջ: Յարկաւ «Զարթօնք» թերթին գլխաւոր խմբագիր ըլլալով մեծ ներդրում ունեցաւ լիբանանեան հայ կեանքին համար, բայց իբր «Ազգ»ին հիմնադիրներէն եւ անոր գլխաւոր խմբագիրը Հայաստանին անկախութեան շրջանին մինչեւ այս օրերը, այսինքն մօտաւորապէս 35 տարիներուն ընթացքին, հսկայ ազդեցութիւն ունեցաւ ոչ միայն Հայաստանին, բայց եւ ամբողջ աշխարհին հայ լրագրութեան վրայ: Մեծ յարգանքով «The Armenian Mirror-Spectator» թերթին խմբագրական կազմը երկար, առողջ եւ բեղուն տարիներ կը մաղթէ:

Շնորհաւոր տարեդարձ:

Արամ Արքուն

Վարիչ Խմբագիր

Armenian Mirror-Spectator

Watertown, MA, USA 

***

Մաղթում եմ անսպառ եռանդ՝ շարունակելու «ԱԶԳ»ի առաքելությունը

Անհատի կյանքում լինում են անձնավորություններ, որ նրան վստահում են, ոգեշնչում և առաջ մղում։ Այդպիսի անձնավորություններից է եղել ինձ համար հարգարժան պարոն Ավետիքյանը, որն իր շուրջ հավաքած արհեստավարժ թիմով, բազում բարդություններ հաղթանակած, արդեն ավելի քան 30 տարի խմբագրում է «ԱԶԳ» պարբերականը, որն իր ժամանակին լրագրության ասպարեզում արդիական ոճով նոր «դպրոց» հանդիսացավ։ Նրանից առաջ իմ կիսավարտ ատենախոսությանս ղեկավար Նշան Մուրադյանն էր, որ ինձ համար բացել էր շեքսպիրյան առեղծվածային աշխարհի դռները։ Իսկ Ավետիքյանը, որի հետ ծանոթությունն ինձ հուշել էր իմ միջնեկ եղբայրը՝ Անդրանիկը, գնահատելով իմ լեզվիմացության կարողությունները, բաց արեց արվեստի, նկարիչների և ընդհանրապես մշակույթի բնագավառի լայն դարպասները, և ես իրականացրի Արշիլ Գորկու մասին օտարազգի արվեստագետ-քննադատների հոդվածների թարգմանության երկար շարքը (մոտ 15 տարի առաջ), որն արվեստասեր հասարակությունը ջերմորեն ընդունեց ու արժևորեց։ Դրանից հետո այլ նկարիչների կենսագրությանը ևս անդրադարձա և իմ ուժերը փորձեցի թարգմանելու հասարակական, քաղաքական թեմաներով գրված հոդվածներ, որոնց հեղինակները (Ռոբերտ Ֆիսկը, Հարութ Սասունյանը և հատկապես Երվանդ Ազատյանը) մեծապես հարստացրին անգլերենի իմ իմացությունը։ Հակոբ Ավետիքյանի հետ համագործակցությունս մինչ օրս շարունակվում է` շնորհիվ իր պրոֆեսիոնալիզմի, լայնախոհության, ազատամտության և բարյացակամ վերաբերմունքի։ Ավետիքյանի 80-ամյակի առթիվ ջերմորեն և անկեղծորեն շնորհավորում եմ նրան՝ մաղթելով առաջին հերթին քաջառողջություն, համբերություն, անսպառ եռանդ` շարունակելու «ԱԶԳ»-ի ազգային նկարագիրն ու ոգու առաքելությունը և բեղմնավոր գրիչ։ Երախտապարտ եմ նրան իր ցուցաբերած հոգատարության և խմբագրատանը խաղաղ մթնոլորտ պահպանելու համար։

Հակոբ Ծուլիկյան

***

Մեծարգո և շատ սիրելի Հակոբ Ավետիքյան,

Որպես Ձեր հմուտ և հոգատար ղեկավարությամբ լույս ընծայվող «ԱԶԳ» թերթի թղթակից՝ իմ և Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր բազմահազար ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 80-ամյակը։ Սա պարզապես հոբելյան չէ։ Սա մի ամբողջ կյանք է, երկար ու ձիգ ճանապարհ՝ լի նվիրումով, ճշմարտախոսությամբ և ազնիվ ծառայությամբ մեր ժողովրդին, ազգային մտքին և մամուլի բարձր առաքելությանը։

Ձեր անունը վաղուց դուրս է եկել լրագրողական շրջանակների սահմաններից և դարձել է հայկական մամուլի արժանահավատ, լուրջ և պատասխանատու խոսքի չափանիշներից մեկը։ Տասնամյակներ շարունակ Ձեր առաջնորդած «ԱԶԳ»-ը եղել է ոչ միայն ազգային գաղափարական-մշակութային կարևորագույն հարթակ և մամուլի վստահելի ու հավաստի աղբյուր, այլ նաև մի ամբողջ դպրոց՝ խոհուն մտածողության, գիտակցված խոսքի, ազգային արժանապատվության և բարձր մշակույթի։ Ձեր գրիչը առանձնանում է ազնիվ մտահոգությամբ, զուսպ, բայց սուր վերլուծությամբ, և այն նրբությամբ, որով կարողանում եք ներկայացնել մեր ժամանակների դժվարին հարցերը։

Ձեր հրապարակախոսական տասնամյակների վաստակը գնահատվել են ամենաբարձր մակարդակով։ Դուք Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող եք, Մովսես Խորենացու մեդալակիր, բազմաթիվ խրախուսանքների արժանացած մտավորական։ Ձեր մեծագույն ձեռքբերումներից է նաև լրագրողների մի քանի սերունդ կրթելը՝ փոխանցելով ոչ միայն մասնագիտական վարպետություն, այլև ազնիվ ծառայության ոգին, հայրենասիրությունը, բարեկիրթ խոսքը և բարձր պատասխանատվությունը։

Այսօր էլ Ձեր խոսքն ու միտքը շարունակում են համընթաց քայլել ժամանակի զարկերակին։ Դուք նույն մտահոգությամբ եք արձագանքում հասարակության խնդիրներին, նույն խորությամբ եք վերլուծում մեր իրականությունը, և Ձեր ներկայությունը մնում է հենարան և ուղենիշ լրագրողական համայնքի համար։

Հարգելի՛ պարոն Ավետիքյան, ընդունեք Ձեր վաստակի հանդեպ իմ խորին հարգանքը և երախտագիտությունը։ Ձեր ստեղծած միջավայրը, Ձեր դպրոցը, Ձեր տված չափանիշը ոչ միայն մասնագիտական ուղի է, այլև բարոյական պարտավորություն՝ շարունակել Ձեր դրած բարձր նշաձողը։

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, անսպառ ներշնչանք և խաղաղ, լուսավոր օրեր։

Թող Ձեր գրիչը դեռ երկար առաջնորդի մեր մամուլը և արձագանքի մեր հասարակության մտահոգություններին՝ ինչպես միշտ՝ ազնիվ, խոհեմ և անկեղծ։

Մեծագույն հարգանքով՝

Գոհար Բոտոյան

Ռուսաստանի Դաշնությունում «ԱԶԳ» թերթի հատուկ թղթակից

***

Շնորհավորական ուղերձ

Խոնարհաբար ես էլ եմ միանում հարազատ «Ազգականներիս» եւ ջերմ շնորհավորանքներս հղում նորանկախ Հայաստանում ազատ մամուլի ներկայացուցիչներից մեկի՝ «Ազգ»-ի երկարակեցությունն ապահովելու միջոցով մեր ազգի հարատեւության գաղտնիքը բացահայտած, Սփյուռքում եւ հայրենիքում տասնամյակներ շարունակ իր բեղմնավոր գործունեության շնորհիվ իրական եւ պատմական Հայաստանի եղելությունը հաստատած, սեփական սկզբունքայնությամբ արհեստավարժ լրագրողի, վերլուծաբանի ու հրապարակախոսի բարձր պատվին արժանացած Հակոբ Ավետիքյանի ծննդյան 80-ամյակի բարեբաստ առիթով։

Գրիգոր Առաքելյան

***

Հակոբ Ավետիքուս. հայ առասպելաբանության մեջ ՛՛ԱԶԳ՛՛ օրաթերթի արքա, հայ լրատվական էպիկական պոեմի գլխավոր հերոս։ Ավետիքուսի դեգերումները սկսվել են Բեյրութից և հասել ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ։ Այն ավելի քան 34 տարի ուղեկցվում է  անասելի դժվարություններով և դաժան փորձություններով։ ՛՛Ազգ” պարբերականը դարձել է նպատակին հասնելու համար դժվար ճանապարհի բնորոշ գոյական։ Շատ լրագրողներ իրենց հաջողությունների համար պարտական են ՛՛Ազգ՛՛-ին, իսկ Հակոբ Ավետիքուսը միշտ երիտասարդ է մնում, քանի որ սովոր է ուրախանալ նրանց հաջողություններով։ Իսկ եթե Զևսը պահանջի, կարող է մրցել ցանկացած ջահելի հետ։ Դե ինչ, ԱՌԱ՛Ջ։

Toto

***

Հակոբ Ավետիքյանին բացահայտելու իմ կես ժամը

15 տարի առաջ էր։ «Ազգ»-ի լրագրողներից Հասմիկ Հարությունյանն ինձ տարավ իրենց խմբագրություն։ Բարձրացանք 3-րդ հարկ, գլխավոր խմբագրի սենյակ։ Գրադարան էր՝ գրքերի աշտարակներն ամենուր էին, նաև՝ հատակին, գրասեղանին։

Մինչ այդ՝ Հակոբ Ավետիքյանին տեսել էի ասուլիսների ժամանակ, Հ2-ի «Լրաբերի» համար  լուսաբանել նրա հետ հարցազրույցները։ «Ազգ»-ի հիմնադրի և գլխավոր խմբագրի նկատմամբ դեռ ուսանողական տարիներից էի առանձնահատուկ պատկառանքով լցված։

Այդ օրը Հասմիկի հետ գնացել էի՝ Հակոբ Ավետիքյանին առաջարկելու իմ մշակութային հոդվածները։ Նրա խռպոտ, բամբ ձայնը, խորքային վերլուծությունները, պատկառազդու արտաքինը,մեդիադաշտում  ծանրակշիռ հեղինակությունն ինձ ներշնչել էին, թե նա պետք է որ խստաբարո, շփումների մեջ ժլատ մարդ լինի։

Այնինչ…. մեր հանդիպման առաջին իսկ րոպեներից իմ լարվածությունը չքացավ։ Սկսեցինք զրուցել։ Ավելի շատ նա էր խոսում։ Ես ապշած էի արևմտահայ գործիչներին այդքան մանրամասնորեն՝ տող առ տող  իմանալու նրա կարողությունից։ Մեջբերումներ էր անում Արշակ Չոպանյանից, հետո՝ Կոստան Զարյանից, հետո անցավ դասական երաժշտությանը՝ քթի տակ օպերաներից արիաներ երգելով։ Միաժամանակ  «Ազգ»-ի հերթական համարի նյութերն էր խմբագրում։ Իսկ հումորը…. նուրբ, խոր, բազմաշերտ։ Ծիծաղն էլ՝ իր իմացությունների պես ալիք-ալիք։

Ասաց՝ տեսնո՞ւմ ես այս համակարգիչները։ Առաջին «Մակինտոշը» «Ազգն» է ունեցել, բայց այն ժամանակ էլ, հիմա էլ  նյութերը մինչև հիմա ձեռքով եմ խմբագրում, էդ մեքենաներին սովոր չեմ։

Ասաց ու էլի ալիք-ալիք ծիծաղեց։

Պայմանավորվեցինք, որ պիտի ամեն շաբաթ թերթի համար մշակութային թեմաներով հոդվածներ ուղարկեմ։

Իմ  պատկերացրած խստաբարո Հակոբ Ավետիքյանի ու ճանաչածս  սրամիտ, կատակասեր, երիտասարդ ավյունով լի, ջերմեռանդ  Հակոբ Ավետիքյանի միջև ընդամենը կես ժամ էր անցել։

Այդ կես ժամը ներառյալ՝ մինչ այսօր վայելում եմ  (տա Աստված՝ դեռ երկար վայելեմ )  Ձեր ընկերակցությունը, Ձեր մտավոր, հոգևոր ու ֆիզիկական ներկայությունը, սիրելի պարոն Ավետիքյան։

Նաիր Յան

***

Սիրելի՛ պարոն Ավետիքյան, 

Իմ Շիրակ աշխարհից Ձեզ ամենայն հարգանքով ու խոնարհումով շնորհավորում եմ ծննդյան փառահեղ հոբելյանի առթիվ: Խոնարհումով՝ Ձեր վաստակի առջեւ, որի հայաստանյան ամենավառ արտահայտությունը, երեւի, 1991-ին՝ մեր անկախության արշալույսին հիմնադրված «Ազգի» բացած նոր ակոսն էր վերափոխման ուղի շեմող մեր մամուլի անդաստանում եւ այսքան տարիների նրա թողած աներկբայելի հետագիծը:

Մեր թերթը, իր անվանը հավատարիմ, Ձեր ղեկավարությամբ ու Ձեր օրինակով եղավ եւ մնում է առաջին հերթին հենց հիմնարար ազգային արժեքների կրող, պաշտպան ու դրանցով սերունդ դաստիարակող: Փլուզվող արժեքային համակարգերի այս խառն ու խրթին ժամանակներում նրա դրոշին հստակ գրված են՝ հայրենիք եւ պետություն, հայ դպրոց, ազգային ու իրական համամարդկային մշակույթ, հայոց լեզու, ընտանեկան, բարոյական եւ այլ իրական արժեքներ:
Հայ մամուլի վաստակած նահապետիդ սրտագին շնորհավորանքս թույլ տվեք ավարտել արեւշատության ու ստեղծագործական նոր նվաճումների մաղթանքով:

Սիրով Ձեր՝ Գեղամ Մկրտչյան
«Ազգի» Շիրակի մարզային թղթակից

***

Հարգելի՛ Հակոբ Ավետիքյան,

սպասված ու ցանկալի իրադարձության մասնակից են Ձեր ստեղծագործական թիմի անդամներից յուրաքանչյուրը։ Սկսած Ձեզ հետ թռուցիկ հանդիպումներից մինչև ստեղծագործական քննարկումներն ու բանավեճերը, մենք ապրել ենք Ձեզ հետ շփվելու այն գերագույն հաճույքը, որը հազվադեպ է հանդիպում ստեղծագործող անհատի տասնամյակներ տևող գործունեության ընթացքում։ Ուստի՝ ի խորին հարգանք Ձեր ու բոլորիս նվիրվածության, հանձին հայ լրագրության համեստ մասնակիցներիս, շարունակեք այն ինքնամոռաց գործունեությունը, որին մինչ այսօր ծառայում եք անմնացորդ և Աստծո առաջնորդությամբ։

Աջից՝ ձախ Գեղամ Քյուրումյան, Ռուբեն Սաքապետոյան, Հակոբ Ավետիքյան, Էդուարդ Բաղդասարյան, Գեւորգ Բարդակչյան, Լեւոն Անանիկյան։ 2000-ականների սկիզբ. հայ մեծերի Պանթեոնում. 1966-ի ապրիլի 24-ին բանտարկվածներով եւ կալանավորվածներով։

Գեղամ Քյուրումյան

***

Հայագետ խմբագրապետը

Հակոբ Ավետիքյանը կյանքիս առաջին սփյուռքահայերից է։ Լինելով ծնողներիս համալսարանական ընկերը՝ նրան հաճախ տեսնում էի համակուրսեցիների հավաքներին, եւ ինձ տպավորում էր նրա արեւմտահայերեն խոսքը, կատակները եւ հատկապես երգելը։ Ո՞վ կմտածեր, որ տարիներ անց քեռի Հակոբի հետ (սփյուռքահայերին, որպես օրենք, «ձյաձյա» չէինք ասում) կդառնանք սերտ համագործակիցներ-գործընկերներ…

Այս տարի լրանում է «Ազգ» օրաթերթ-շաբաթաթերթին իմ համագործակցության 30 տարին։ Այս տարի նաեւ մեր սիրելի պարոն Հակոբի 80-ամյակն է։ Անցած տարիների, բայց հատկապես վերջին տաս տարիների ընթացքում մեր բավական հաճախ հանդիպումները՝ թռուցիկ, թե երկարատեւ, մշտապես համեմվել են մեր ազգի, նրա անցյալի ու ներկայի, հայ եւ համաշխարհային արվեստի, բայց հատկապես՝ Հայ սփյուռքի մասին իմաստալից, շահեկան, հաճախ՝ համով-հոտով (հումորով, չարաճճիությամբ, երգով համեմված) զրույցներով։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. ես՝ ողջ կյանքս Սփյուռք ուսումնասիրող, նա՝ Սփյուռքից եկած, որ ճանաչել է նրա «գործող անձանցից» շատերին, եւ իր այդ փորձառությունները, շատ հուսով եմ, մի օր ժամանակ կգտնի գրի առնելու…

Հակոբ Ավետիքյանին, որպես Հայաստանի երրորդ հանրապետության անկախ մամուլի ռահվիրայի եւ անխոնջ հրապարակախոսի, շատերն են ճանաչում եւ գնահատում Հայաստանում եւ Արտահայաստանում։ Բայց իմ այս խոսքում ցանկանում եմ վերհանել նրա գործունեության՝ քչերին անծանոթ մնացած մի դրվագ։ Բեյրութի «Հայկազեան հայագիտական հանդէսի» 1973 թվականի հատորում տեղ է գտել նրա ուսումնասիրությունը հայ միջնադարի ականավոր բանաստեղծ, լեզվաբան, փիլիսոփա, մանկավարժ, տիեզերագետ, ֆիզիկոս Հովհաննես Պլուզ Երզնկացու (1230–1293) մասին՝ «Յովհաննէս Պլուզ Երզնկացիի բնափիլիսոփայական հայեացքները»։ Այդ հոդվածից հետեւյալ մեջբերումն ի ցույց կտա Ավետիքյանի գիտական պատրաստվածությունը։ Ըստ նրա՝ Երզնկացին «կը դաւանէր թէ երեխային ուղեղը նման է պարզ ու հանդարտ ջուրի կամ հայելիի, որ իր մէջ կ՝արտացոլէ ար տաքին աշխարհէն եկող պատկերներն ու տպաւորութիւնները, կամ երեխային միտքը նման է կակուղ մոմի, որուն կարելի է մեր ուզած ձեւը տալ: Արդ, կը կարծենք թէ այս միտքը շատ արժէքաւոր ոչ միայն Հայ , այլեւ,  ինչու չէ, համաշխարհային մանկավարժական միտքի պատմութեան համար: Քանզի որեւէ էական տարբերութիւն չկայ անոր եւ Ճոն Լոկի այն հանրայայտ տեսութեան միջեւ, ըստ որու՝ երեխային միտքը Tabula Rasa է, մաքուր գրատախտակ։ Իսկ եթէ նկատի ունենաք Երզնկացին Լոկէն բաժանող ժամանակամիջոցը, ապա Երզնկացին իբրեւ մտածող կը դառնայ հսկայ մը» (նշված աղբյուրը, էջ 142-143)։

Ափսոսա՞նք, որ Ավետիքյանը չի զբաղվել հայագիտությամբ։ Իսկ մի՞թե պակաս կարեւոր է նրա լրագրական բեղուն գործունեությունը, որը նույնպես նպաստավոր է եղել հայագիտության համար։ Լինելով Հայաստանի անկախությունից հետո հայրենադարձված առաջին սփյուռքահայերից մեկը՝ նա ոչ միայն անգնահատելի դեր կատարեց հետխորհդային ժամանակաշրջանի հայ արհեստավարժ մամուլի կայացման եւ դիմագծի ստեղծման մեջ, այլեւ «Ազգի» շուրջ համախմբեց հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներին՝ լայն ասպարեզ տալով հայագիտական ամենատարբեր նյութերի դրսեւորման համար, այդպիսով «Ազգը» դարձնելով հայագիտական կարեւոր մի սկզբնաղբյուր։

Ես վստահ եմ, որ կյանքի իններորդ տասնամյակում եւս իմ ավագ բարեկամ պարոն Հակոբը պահպանելու է երիտասարդական ավյունը՝ նույն եռանդով շարունակելով իր առաքելությունը որպես խմբագրապետ, լրագրող-հրապարակախոս, դասախոս, հանրային գործիչ… եւ որ դեռ էլի՛ տարիներ «Ազգի» նրա առանձնասենյակը լինելու է իմաստալից զրույցների անփոխարինելի մի վայր։

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

***

Հարգելի՛ պարոն Ավետիքյան,

Ընդունեք մեր ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, նախաձեռնություններ ու մասնագիտական վերելք։ Թող Ձեր առաջնորդությունը, պրոֆեսիոնալիզմը և տեսլականը շարունակեն ոգեշնչել թիմին ու նպաստել համընդհանուր նվիրական նպատակների իրագործմանը։ Մաղթում ենք լուսավոր և ուրախ օրեր, հավասարակշիռ ու հանգիստ պահեր, առողջություն, ուժ և անսպառ ոգեշնչում։

Սիրով և ջերմությամբ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչություն, հանձինս` հիմնադիր- հրատարակիչ,

«Երաժշտական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, երաժշտագետ Գոհար Շագոյանի և «Երաժիշտ» ամսաթերթի գլխավոր խմբագիր, երաժշտագետ Արմինե Աթոյանի

***

Հարգելի՛ պարոն Ավետիքյան,

Ձեզ մաղթում եմ ծննդյան ամենագեղեցիկ ու լուսավոր օրը։ Ձեր մատուցած յուրաքանչյուր դաս ոչ միայն փոխանցում է մասնագիտական գիտելիք, այլ նաև մարդկային արժեքներ, մտածելու ուժ ու ստեղծագործելու ոգի։ Շնորհակալ եմ այն ներուժի, հոգատարության ու խիզախության համար, որով ձևավորում եք ապագա լրագրողների սերունդը։

Թող Ձեր ճանապարհը միշտ լուսավորված լինի նոր գաղափարներով, ստեղծագործական հաղթանակներով և անկեղծ գնահատանքով։ Թող Ձեր սրտի ջերմությունը դիմացինից բազմապատիկ վերադառնա՝ խաղաղությամբ, առողջությամբ ու հաջողությամբ։

Շնորհավոր ծննդյան տարեդարձը, պարոն Ավետիքյան։

Թող Ձեր յուրաքանչյուր օրը լինի արժևորված ու ոգեշնչող։

ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ուսանող  Միլենա Արթենյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական