Թեև Վաղարշապատի ընտրություններին նախորդած նախընտրական քարոզչությունը բավականին լարված էր, նկատվում էին փոխադարձ զանցանքներ, սակայն լարումը չի տեղափոխվել ընտրատեղամասեր։ Ընտրատեղամասերում աշխատանքը եղել է հարգանքի և կոնստրուկտիվ մթնոլորտում։ Այս մասին այսօր՝ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Նա միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 3 տեղամասերում անվավեր քվեաթերթիկների թիվը բավական բարձր է եղել՝ ընդհանուր առմամբ 10-ից ավելի։ Սա, ըստ բանախոսի, տարակուսելի է, որովհետև եթե նախկինում քվեաթերթիկը կարող էր անվավեր ճանաչվել սխալ նշում կատարելու հետևանքով, ապա այժմ նշում կատարելու անհրաժեշտություն առհասարակ չկա։
«Թե՛ օրենսդիր, թե՛ իրավակիրառ և թե՛ իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն և գնահատական տան նախընտրական փուլում ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին՝ վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ որոշ ընտրատեղամասերում կուտակումները և կոնկրետ անձանց՝ շարունակաբար տեղում գտնվելը կրել են պարբերական բնույթ։
Բացի այդ՝ արձանագրվել է, որ 14/29 ընտրատեղամասում քվեատուփը որոշ ընթացք կապարակնքված չի եղել, ինչպես նաև թեկնածուն մինչև 20։00-ն եղել է տեղամասում, մինչդեռ սեփական քվեարկությունից հետո նա ընտրատեղամասում կարող է կրկին լինել միայն 20։00-ից հետո՝ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ։
Դանիել Իոաննիսյանը միաժամանակ նշեց՝ 5-6 դեպք է արձանագրվել, երբ քաղաքացիները հայտնաբերել են, որ ցուցակներում իրենց անվան դիմաց իրենցից առաջ ուրիշն արդեն իսկ ստորագրել է։ Նա, սակայն, վստահեցրեց, որ դա շփոթմունք է եղել՝ տողերը խառնելու հետևանք։
Ասուլիսին ներկա Արթուր Սաքունցն իր հերթին հավելեց՝ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրենց դիտորդները արձանագրել են 21 խախտում, որոնցից 16-ը՝ տեղամասերում, 5-ը՝ տեղամասերից դուրս։
«Այդ խախտումներն էական նշանակություն չեն ունեցել։ Բոլոր դեպքերում կարող ենք ասել, որ Վաղարշապատում ընտրությունները մրցակցային են եղել՝ բացառությամբ քարոզչական պաստառներ պատռելու դրվագների»,- ասաց բանախոսը։
Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ երկու տեղամասերում երեկ արձանագրվել են հոսանքազրկումներ՝ մոտավորապես 20 րոպե տևողությամբ։
«Պետք է ասեմ, որ տեղամասերից մեկում այդ ամբողջ ընթացքում ունեցել ենք դիտորդ, իսկ մյուս տեղամաս գնացել է, երբ իմացել ենք հոսանքազրկման մասին։ Երկու տեղամասերում էլ չունենք որևէ ահազանգ, որ հոսանքազրկումը ընտրական չարաշահման առիթ է դարձել կամ այդ ընթացքում խախտումներ են արվել»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ մեկ ընտրատեղամասում էլ հոսանքն անջատվել է քվեաթերթիկների հաշվարկի պահին։
Ամփոփելով՝ Իոաննսիայնը շեշտեց՝ ընտրությունների որակը մեծապես կախված է ընտրությունների վերաբերյալ քաղաքացիների ընկալումներից. եթե մարդիկ հավատում են, որ ամեն ինչ որոշվում է իրենց քվեով, դա ապահովում է ընտրական գործընթացի բարձր մակարդակը, բարձր մասնակցությունը և բացառում ընտրակաշառքի պրակտիկան։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ երեկվա ընտրությունների արդյունքներով կա 132 անվավեր քվեաթերթիկ, ինչն այնքան էլ փոքր թիվ չէ, և կարող է վերահաշվարկ իրականացվել։
«Եթե շատ փոփոխոթյուններ չլինեն, ապա մանդատները կբաշխվեն 19, 12 և 2՝ համապատասխանաբար ՔՊ-ի, «Հաղթանակ» և «Մայր Հայաստան» ուժերի միջև»,- եզրափակեց Դանիել Իոաննիսյանը։





