2022 թվականի հունվարին «Ազգ» շաբաթաթերթում հրատարակեցի «Խորեն Ստալբե. «Իմ հայրը Խորեն Աբրահամյանն է…» վերնագրով հարցազրույց լատվիացի երգիչ, դիջեյ, դերասան, կինոօպերատոր եւ լուսանկարիչ Խորեն Ստալբեի հետ: Տասնամյակներ շարունակ նրա արվեստի հիմնական պատգամը մնում է «Stop the War» («Դադարեցնել պատերազմը») կոչը՝ լինի նկարչության, լուսանկարչության, թատրոնի, երաժշտության մեջ թե բնությանը կամ սուզորդներին նվիրված նրա ֆիլմերում: «Գեղեցկությունը տեսնելու ունակությունը պարգեւ է, որը թույլ է տալիս աշխարհին սիրով նայել եւ հաղորդել տպավորություններդ», ասում է արտիստը: Նույն պատգամը հնչում է նաեւ նրա երգերում:
Արվեստագետը վերջերս դարձյալ հոր հայրենիքում էր եւ ցանկացավ իր տպավորությունները հայտնել հայաստանցի ընթերցողին:
–Խորե՛ն ջան, վերջերս դուք երկրորդ անգամ այցելեցիք Հայաստան: Մեր զրույցից հետո, երբ վերջապես պատմեցիք ձեր հոր՝ Խորեն Աբրահամյանի մասին, Հայաստանում շատերն են ձեզ ճանաչում: Ի՞նչ զգացողություններ ունեցաք այս անգամ:
-Արծվի՛ ջան, Երեւանում ես միայնակ քայլեցի երկու կիլոմետր, առանց նկարահանման խցիկի, կողքիս ոչ մեկի չունենալով. դա ինձ համար մեծ քայլ էր դեպի ապագա: Առաջին անգամ Հայաստանում ամբողջ ժամանակ նկարահանող խմբի հետ էի, եկել էինք աշխատելու մի հեռուստահաղորդման հերթական թողարկման վրա, որ կոչվում է «Ճանապարհորդելով աստղի հետ», այսինքն՝ իմ (ծիծաղում է): Մարդիկ ինձ ողջունում էին փողոցում. հասկանում եմ, որ իմ տաղանդավոր հոր մեծ ազդեցության շնորհիվ: Այս հինգ տարիներին, որ չէի եղել Հայաստանում, այնքա՜ն շատ բան է փոխվել: Հավանաբար, այստեղ դուք դա չեք զգում, բայց ինձ թվում է, որ Երեւանը ծաղկում է: Հասկանում եմ, որ ամենուր կան քաղաքական, տնտեսական եւ այլ խնդիրներ, բայց կողքից նայելով՝ այլ պատկեր ես տեսնում:
–Հնարավորություն ունեցա՞ք ծանոթանալու հայ գործընկերների հետ, ու կա՞ հավանականություն, որ համագործակցություն կծավալվի նրանց հետ:
-Ես հանդիպել եմ մշակույթի բազմաթիվ գործիչների, բախտս բերեց ինձ շրջապատող մարդկանց հետ: Երազում եմ հանդես գալ հայ թատրոնում եւ կինոյում…
–Իսկ հաջողվե՞ց արդյոք այս անգամ հանդիպել հարազատների, որոնց նախորդ այցի ընթացքում չէիք տեսել:
-Այո՛, հանդիպել եմ ազգականներիս, քրոջս եւ նրա ամուսնուն, Բաբկեն եղբորս կնոջը՝ Գայանեին (Բաբկենը, դժբախտաբար, արդեն երկնքում է) ու նրանց զավակներին՝ Խորեն եւ Լյուսյա Աբրահամյաններին: Լյուսյան դերասանուհի է եւ հրաշալի անձնավորություն, շատ ջերմ զրույցներ ունեցանք միասին:

Պարադոքսալ մի պահ անցյալից. երբ հայրս թատրոնի ղեկավար է եղել Երեւանում, այնտեղ բեմադրություն է իրականացրել լատվիացի հայտնի թատերական բեմադրիչ Մառա Կիմելեն: Լատվիացի մեծանուն գրող Յան Ռայնիսի «Փչի՛ր, քամի» պիեսը նա Երեւանում բեմադրել է, եթե չեմ սխալվում, 1983-ին: Սա ժողովրդական երգի վերնագիր է, իսկ ողջ գործը շատ մոտ է լատվիական ազգային էպոսին: Եվ իմ քույր Թամարան խաղացել է գլխավոր կանացի դերը այդ բեմադրության մեջ: Ի դեպ, այդ ժամանակ նա արդեն հղի էր՝ իր մեջ կրելով ապագա դերասան Խորեն Լեւոնյանին: Այդպես ճակատագրերը միահյուսվել են…
–Կարծում եմ՝ ավելորդ չի լինի, եթե նորից պատմեք Մառա Կիմելեի հետ ձեր հատկանշական հանդիպման մասին…
-Ես ընդունվեցի դերասանական ֆակուլտետի նախապատրաստական բաժինը, որտեղ մեկ տարի սովորեցի Մառա Կիմելեի մոտ եւ համարվում էի լավագույն ուսանողներից մեկը: Մեկ տարի անց դիմեցի կոնսերվատորիա, որտեղ սովորաբար ընդունում են այդ ֆակուլտետի շրջանավարտներին: Սակայն ինձ չընդունեցին, քանի որ չունեի միջնակարգ կրթության ատեստատ, որից հրաժարվել էի քաղաքական համոզմունքներից ելնելով: Ես բացահայտ հակախորհրդային էի եւ սկզբունքորեն հրաժարվեցի դպրոցական ատեստատից՝ հայտարարելով, որ չեմ ընդունում խորհրդային համակարգից ոչինչ եւ որ չեմ ծառայելու խորհրդային բանակում. եթե ուզում եք՝ ուղարկեք անմիջապես բանտ: Չնայած դրան՝ ինձ, այնուամենայնիվ, թույլ տվեցին մասնակցել ընդունելության քննություններին, սակայն հետագայում ընդունվելն արդեն դարձավ անհնար՝ նույն այդ քաղաքական պատճառներով:
Մառայի հետ ունեցել եմ ջերմ, սերտ հարաբերություններ, նա մեծապես ազդել է կյանքիս վրա: Եվ, ինչպես արդեն պատմել եմ քեզ, մեր առաջին հանդիպման ժամանակ նա ինձ հարցրեց. «Իսկ քո հայրը հա՞յ է»: Ես գլուխս կախեցի եւ համեստաբար ասացի՝ այո: Նա առաջին մարդն էր իմ կյանքում, որն ինձ ասաց. «Պետք չէ դրա համար ամաչել, պետք է հպարտանալ»: Եվ ես հպարտ եմ իմ հայ ազգությամբ…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Մառա Կիմելեի հետ





