Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վիրխինիա Մենդոսա. Հայաստանյան փորձառություն

Արծվի Բախչինյան
31/10/2025
- 31 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
4
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ԿԱՍՏԵԼՍԵՐԱՍ (Տերուել, Իսպանիա) – Իսպանուհի լրագրող եւ մարդաբան Վիրխինիա Մենդոսան (ծն. 1987, Վալդեպենյաս, Սյուդադ Ռեալ, Իսպանիա) մասնագիտական կրթությունն ստացել է Էլչեի Միգել Էռնանդես համալսարանում: 2013-ին այցելել է Հայաստան՝ մասնակցելու եվրոպական կամավորական ծառայության ծրագրին՝ աշխատելով ազգային փոքրամասնությունների մասին նախագծի վրա: Մեր երկիրը նրան այնքան է գրավել, որ շարունակել է ապրել Երեւանում՝ տարբեր լրատվամիջոցների համար մեկուկես տարի ճամփորդելով ու պատմություններ հավաքելով: Ստեղծել է «Cuaderno Armenio» (Հայկական տետր) բլոգը՝ որպես յուրատեսակ օրագրություն, որի արդյունքն է 2015-ին այն հրատարակված եւ ապա վերահրատարակված «Heridas del viento. Crցnicas armenias con manchas de jugo de Granada» («Քամու վերքերը. հայկական քրոնիկներ՝ նռան հյութի բծերով») գիրքը: 2025-ին հայերեն թարգմանությամբ լույս է ընծայել Երեւանի «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը: Վիրխինիան հեղինակել է նաեւ «Quie՛n te cerrarո los ojos. Historias de arraigo y soledad en la Espaրa rural» («Ով կփակի քո աչքերը. արմատների եւ մենության պատմություններ Իսպանիայի գյուղերում», 2017) գիրքը:

-Սիրելի՛ Վիրխինիա, ձեր «Քամու վերքերը. հայկական քրոնիկներ» գիրքը ես կարդացել եմ Հասմիկ Ամիրաղյանի հիանալի հայերեն թարգմանությամբ: Հույս ունեմ՝ այն Իսպանիայում նույնպես լավ է ընդունվել: Մենք՝ հայերս, հաճախ ենք զգում, որ մեր պատմությունները մնում են անտեսանելի աշխարհի լայն շրջանակներում: Ինչպիսի՞ պատասխանատվություն եք զգում՝ որպես իսպանացի լրագրող, գրելով փոքրաթիվ ժողովուրդների եւ նրանց ճանաչման պայքարի մասին:

-Այդ երեւույթն անցնում է իմ ողջ ստեղծագործության միջով, որի սկիզբը, կարելի է ասել, հենց Հայաստանում է: Ես դա կանվանեմ ոչ թե պատասխանատվություն, այլ հետաքրքրություն՝ թաքնված կամ մոռացված պատմությունների հանդեպ, ինչը, միգուցե, բխում է իմ գյուղական ծագումից:

–Ձեր գրքում Հայաստանը ոչ միայն միջավայր է, այլեւ գրեթե կենդանի կերպար: Ինչպե՞ս կարողացաք որսալ մի երկրի հոգին, որն առաջին հայացքից լիովին օտար էր ձեզ:

-Որովհետեւ ես հայ եմ (ծիծաղում է): Թեեւ կատակով եմ ասում, բայց որոշ ճշմարտություն կա. Հայաստանում բոլորն ինձ հայ էին համարում: Ինձ համար շատ ակնհայտ էր, որ հայերը շատ բաց են օտարների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում իրենց մշակույթի նկատմամբ: Շատերը չէին հավատում, որ ես փորձում եմ խոսել հայերեն՝ ռուսերենի փոխարեն: Ես միշտ զգացել եմ, որ եթե ապրում ես ինչ-որ տեղ, պետք է սովորես տեղի ժողովրդի լեզուն: Ռուսերեն կսովորեի, եթե Ռուսաստանում լինեի, իսկ Հայաստանում ինձ համար կարեւոր էր հայերեն խոսելը: Հայերը սովորաբար շատ երախտապարտ են, երբ օտարները հետաքրքրվում են իրենցով: Երբ նրանք դա զգում են, դառնում են ավելի բաց եւ ջերմ, նրանք զգում էին, որ ես ինձ համարում եմ նրանցից մեկը, եւ այդ զգացումից ծնվում էր փոխադարձ կապի մի յուրահատուկ ձեւ:

– Երբ առաջին անգամ հասաք Հայաստան, սովորական պատկերացումներից այն կողմ, ի՞նչն էր ձեզ իսկապես զարմացրել, անհանգստացրել կամ խորապես հուզել:

-Ինքնաթիռի մարդիկ: Ես մենակ էի ճանապարհորդում, ուշ գիշերով: Կողքս նստած կինը փորձեց խոսել ինձ հետ: Ես հանեցի բառարանս՝ շփվելու համար, բայց չհաջողվեց, եւ այս կինը քայլեց ինքնաթիռով մեկ՝ փնտրելով անգլերեն իմացող մեկի… Շատ շուտով իմ շուրջը եղած մի քանի հայեր ուղեկցորդների տված ուտեստները լուռ տեղավորեցին իմ պայուսակի մեջ: Նրանցից առնվազն երեքը տվեցին իրենց հասցեներն ու հեռախոսահամարները: Մեկը նույնիսկ մնաց ինձ հետ, երբ վայրէջք կատարեցինք Հայաստանում: Այնտեղ խնդիր առաջացավ. Մադրիդում պատահաբար մի հայ ուղեւորի եւ իմ ուղեբեռները շփոթել էին գրանցելիս, եւ Երեւանում չէի կարողանում ապացուցել, որ ես պարոն Պետրոսյանը չեմ (ծիծաղում է): Վերջապես նկատեցի մի մարդու, որը նման էր իմ երեւակայածին: Ցույց տվեցի նրա պայուսակը եւ հարցրի. «Դուք միսս Մենդոսա՞ն եք»: Նա ինձ նայեց այնպես, կարծես խելքս թռցրած լինեի. եւ այո՛, նա Պետրոսյանն էր: Վերջապես ինձ թույլ տվեցին դուրս գալ օդակայանից: Ավելին՝ այն անձը, որը պիտի ինձ դիմավորեր, մոռացել էր այդ մասին եւ գնացել էր քնելու: Այդ ամբողջ ընթացքում մարդը, որն ինձ հետ էր մնացել, հրաժարվեց տուն գնալ, մինչեւ չհամոզվեց, որ ես ապահով վիճակում եմ: Այդ գիշերվանից առաջ ես երբեւէ ինձ այդչափ իմ սեփական տանը չէի զգացել:

– Ձեր գիրքը նվիրել եք ձեր պապիկ Նորբերտոյին, որը «երազներում էր ինձ հետ խոսում հայերի մասին՝ չիմանալով, որ ինքն է ինձ ինքնաթիռով ուղարկում գտնելու նրանց»: Կարո՞ղ եք պատմել այդ շատ անձնական կապի մասին:

-Երբ Լեհաստանում էի եւ պատրաստվում էի այցելել Օսվենցիմ-Բիրքենաու II ճամբարը, զանգ ստացա, որ պապիկս մահանում է: Շտապ թռիչքի գումար չունեի, բայց ունեի «Ինտեռեյլ» համաեվրոպական գնացքի տոմս, ուստի մի քանի գնացքով ճանապարհվեցի Լեհաստանից Իսպանիա՝ հույս ունենալով ժամանակին հասնել: Բայց ուշացա ընդամենը մեկ ժամ եւ չհասցրի հրաժեշտ տալ նրան: Դրանից հետո ամեն գիշեր նրան էի տեսնում երազում: Մի գիշեր ընկերներիցս մեկն ասաց, որ Հայաստանն այնպիսի տեղ է, որը հաստատ ինձ դուր կգա: Հանկարծակի մղումով՝ ուշ գիշերն իմ կենսագրականն ուղարկեցի հայկական մի կազմակերպություն, որը կամավոր էր փնտրում: Նույն գիշեր երազումս պապիկս ասաց, որ ինքը ծնվել է մեր գյուղի Կայե դե լոս Արմենիոսում՝ Հայերի փողոցում: Առարկեցի՝ ասելով, որ այդպիսի փողոց չկա: Բայց նա ցույց տվեց իր անձնագիրը, եւ ես տեսա, որ ճիշտ է: Արթնացա մի անշարժ զգացումով՝ «Ստուգի՛ր էլեկտրոնային փոստդ. դու հենց նոր գտար քո ճանապարհը դեպի Հայաստան»: Եվ իսկապես՝ ինձ սպասող նամակ կար: Հետո միայն հասկացա, որ դա հենց վերջնաժամկետից առաջվա վերջին գիշերն էր:

Դրանից հետո միշտ զգացել եմ, որ պապիկս է ինձ առաջնորդել դեպի Հայաստան: Հնարավոր է՝ այդ հեռախոսազանգի եւ համատեքստի ազդեցությամբ ցեղասպանությունների տարբեր պատմություններ ուղեղս կապել են իրար, ո՜վ գիտե: Բայց զգում էի, որ նա հուշում է՝ գրի առնեմ Հայոց ցեղասպանության վերջին վերապրածների պատմությունները, եւ հենց դա էլ արեցի: Ես դադարեցի պապիկիս երազում տեսնել այն օրը, երբ «Քամու վերքերը» գնաց տպարան:

–Դուք եղել եք Հայաստանի եւ Արցախի գյուղական շրջաններում՝ այն վայրերում, որտեղ շատ օտարներ երբեք չեն հասնում: Դուք մտել եք հայերի, եզդիների, ռուս մոլոկանների տները, հաց կիսել նրանց հետ, հանդիպել Եղեռնից փրկված վերջին մարդկանցից մի քանիսին, զրուցել մի մարդու կնոջ հետ, որը կառուցել էր ստորգետնյա տաճար՝ մարդկությունը կրակից փրկելու համար: Այս հանդիպումներից ո՞րն է ամենավառը տպավորվել ձեր հիշողության մեջ եւ ինչո՞ւ:

-Բոլորն էլ: Երեւի՝ Մովսեսի եւ Իսկուհու հետ հանդիպումը եւ Լեւոնի «աստվածային ստորգետնյայի» այցելությունը: Մովսեսը, Իսկուհին եւ Լեւոնը (նրա ընտանիքի ու տաճարի միջոցով) ինձ վերադարձրին անկեղծորեն ապրելու եւ մարդու հանդեպ հավատը պահելու ցանկությունը:

– Հայերի համար բանավոր պատմությունն ու հիշողությունը սուրբ են, հատկապես երբ արխիվները լուռ են: Ինչպե՞ս եք որոշում՝ ո՛ր ձայներն ու պատմություններն արժե գրել՝ գիտակցելով, որ դրանք կարող են դառնալ ապագայի միակ վկայությունները:

-Ամեն ինչ շատ բնազդային էր: Կարծում եմ՝ բոլոր պատմություններն էլ տեղ գտան գրքում: Այսպիսի գրքերի դեպքում ես հետեւում եմ մեկ սկզբունքի. մարդն արժանի է, որ նրա մասին գրքի մի ամբողջ գլուխ գրվի, եթե ես կարող եմ առնվազն տեսնել նրա խոհանոցը եւ նրա հետ կիսել ոչ միայն հաց, այլեւ խոր, երկարատեւ զրույց կամ համատեղ ժամանակ՝ առօրյա աշխատանքի ընթացքում: Եթե դա հնարավոր չէ, նա կարող է դառնալ գրքի մի դրվագի մաս: Իսկ եթե ընդհանրապես չեմ կարող հանդիպել կամ խոսել այդ մարդու հետ, օգտվում եմ փաստաթղթերից՝ թույլ տալով, որ հենց իր խոսքերով հյուսվի պատմությունը: Օրինակ, երբեք չեմ հանդիպել այն մարդուն, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ճակատից նամակներ էր ուղարկում ընկերոջ ընտանիքին, բայց այդ նամակները գրքի համար հիմնարար են:

–Դեռ կապ ունե՞ք ձեր գրքում հիշատակված «հերոսների» եւ նրանց ժառանգների հետ:

-Գրքի հիմնական կերպարները 2013 թ. արդեն մոտ 90-100 տարեկան էին, ու ցավոք՝ այլեւս չկան: Բայց դեռ կապի մեջ եմ գրքին առնչվող այլ կարեւոր մարդկանց հետ՝ նրանց, ովքեր ասում էին. «Դու պիտի հանդիպես այսինչին…» կամ ինձ հետ գալիս էին ու թարգմանում ինձ համար: Զարմանալի է, թե ինչպես են կյանքում շարունակ խաչվում մեր ուղիները: Գրքիս հայերեն թարգմանչուհու՝ Հասմիկ Ամիրաղյանի հետ, իհարկե, միշտ կապի մեջ ենք. հանդիպել ենք ոչ միայն Հայաստանում, այլեւ Իսպանիայում: Մի քանի օրից հանդիպելու եմ այն ընկերոջս, որն առաջինն ասաց. «Դու պիտի գրե՛ս այս պատմությունը»: Իսկ մի անգամ Նունեն՝ Առինջի հայտնի գետնափորը ստեղծած Լեւոնի թոռնուհին, որը թարգմանում էր տատիկի եւ մյուսների հետ իմ հարցազրույցները, Իսպանիայում մնում էր իմ ծնողների տնից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա եւ նույնիսկ հանդիպել է իմ տատիկին: Այսպիսի հրաշքներ միշտ լինում են, երբ Հայաստանն է ներգրավված…

Վիրխինիա Մենդոսան իր հայ ընկերների՝ Մովսեսի եւ Իսկուհու հետ:

–Վիրխի՛նիա, կրկին սպասում ենք ձեզ Հայաստանում, որտեղ, վստահաբար, ձեզ նոր հրաշքներ են սպասում…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ



ShareTweetShare
Նախորդ գրառումը

UCLA-ում Թ. Աքչամի այժմյան գործունեությունն ու նախաձեռնությունները

Հաջորդ գրառումը

Եղեգները «չեն խոնարհվում»

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Եղեգները «չեն խոնարհվում»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական