Հոկտեմբերի 11-ին, ռուս դասական Անտոն Չեխովի «Առաջարկություն+» զավեշտապատումի ներկայացմամբ իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը: Մինչ այդ նրա ստեղծագործական խումբը օրերս է վառ տպավորություններով վերադարձել Հայաստանից, որտեղ գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանի գլխավորությամբ մասնակցել է «Թատերական Լոռի» 31-րդ միջազգային փառատոնին, ամսի 1-ին եւ 2-ին մեկական ներկայացմամբ հանդես գալով Վանաձորի եւ Ալավերդու թատրոնների բեմերում:
Շնորհակալություն հրաշալի ներկայացման եւ բարություն տարածելու համար»,- «Թատերական Լոռու» ֆեյսբուքյան էջում գրել են փառատոնի կազմակերպիչները:
Ռուսաստանի մայրաքաղաքի հայկական այս թատրոնի պատմությունը սկիզբ է առնում 1920-ական թվականներից, երբ կոմս Լազարյանների տանը գործում էր Հայկական դրամատիկական ստուդիան Սուրեն Խաչատուրովի ղեկավարությամբ: Նրա գործունեությունն ընդհատվել է 1952 թվականին՝ Լավրենտի Բերիայի որոշմամբ: Թատրոնի վերածնունդը տեղի է ունեցել 2002 թվականին՝ բեմադրիչ եւ դերասան, Սերգեյ Փարաջանովի աշակերտ Սլավա Ստեփանյանի ջանքերով:
Հայ, ռուս եւ այլ ազգերի դերասաններով համալրված թատերախումբը հիմնականում ռուսերեն եւ հայերեն ներկայացումներով անցած տարիներին բազում ստեղծագործական հաջողություններ է արձանագրել, արժանացել տարբեր թատերական փառատոների մրցանակների: Այս թատերաշրջանում պատրաստվում է երկու առաջնախաղ: Մեկը «Գեղեցկության սրահ» կատակերգությունն է, որի բեմադրությունը թատրոնի առաջատար դերասանուհի Զիտա Բադալյանի ռեժիսորական դեբյուտն է՝ լի գաղտնիքներով եւ կանացի անկեղծ զրույցներով՝ սիրո, բարեկամության, դավաճանության, երազանքների մասին: Մյուսը «Անծանոթը», ներկայացում է Ստեֆան Ցվայգի պատմվածքների հիման վրա ստեղծված դրամատիկ սիրային տեսարաններով, ռեժիսոր՝ Նիկա Կվիժինաձե:
Թատրոնը նախատեսում է ակտիվ շրջագայությունների ծրագիր: Այս տարի «Թատերական Լոռիից» բացի ելույթ կունենան նաեւ Օրյոլում կայանալիք «Ռուսական դասականներ» փառատոնում, հանդես կգան Մոսկվայի մարզի տարբեր քաղաքների հանդիսատեսի առջեւ:
Գ. Մ.