«Ազգի» նախորդ շաբաթվա՝ սեպտեմբերի 12-ի համարում հարցազրույց էինք հրապարակել Գերմանահայ իրավաբանների միության վարչության անդամ փաստաբան Խաչատուր (Քրիստիան) Մխիթարյանի հետ: Զրույցի առանցքը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների՝ ԳԴՀ-ում ապաստանի հայցին է վերաբերում: Ստորեւ՝ զրույցի երկրորդ մասը:
–Պարոն Մխիթարյան, դատարաններում նկատո՞ւմ եք բռնագաղթի ենթարկված մարդկանց պատմածի նկատմամբ հավատ, երբ մեր հայրենակիցներն ասում են, թե իրենք Ադրբեջան չեն կարող վերադառնալ: Դատավորների վերաբերմունքից զգացե՞լ եք ապրումակցում:
-Ես այլ կերպ կձեւակերպեի: Մինչ հասնենք այն փուլին, երբ դատարանը կզբաղվի Ադրբեջանում առկա վտանգների մասին քննարկումով, պետք է առաջին հերթին եւ հիմնականը լինի այդ անձանց կարգավիճակը պարզաբանելը: Մինչեւ կարգավիճակի մասին պարզաբանումը չլինի, դատարանը մարդասիրական իրավունքի վերաբերյալ որոշում չի կայացնի: Մինչ այժմ վեճի առարկան եղել է այդ մարդկանց կարգավիճակը եւ ծագման երկիրը, քաղաքացիությունը: Այս համատեքստում դատարաններն անաչառ տպավորություն են թողել: Բոլոր հրատապ վարույթները, որոնցով հրատապ վճիռ է կայացվել, ավարտվել են դրական ելքով: Հրատապ որոշումների իմաստը հետեւյալն է՝ այդ մարդկանց արտաքսումն արգելվում է այնքան ժամանակ, մինչեւ վերջնական դատավճիռ չի հրապարակվում: Քանի որ դատական հայցը չի կանգնեցնում արտաքսումը, պետք է լրացուցիչ որոշում լինի: Եւ այդ որոշումների ընթացքում դատարանները նախնական կարծիք են հայտնում: Նախնական կարծիքները կայացվել են հիմնականում Կասելի վարչական դատարանի կայացրած երկու որոշումների հիման վրա: Հաշվի առնելով այդ որոշումները, մնացած վարչական դատարանները դրական կարծիք են հայտնել, որ Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչության որոշումները կասկածի տակ կարող են դրվել, հետեւաբար լրացուցիչ քննության առարկա պետք է դառնան: Ես այդպիսի 15-ից ավել դրական որոշումներ ունեմ, որտեղ դատարանն արգելել է արտաքսումը: Այդ որոշումները որոշ չափով իրավական ուժ են ստեղծում նաեւ հետագա քննության համար եւ ուղղություն են ցույց տալիս, բայց վերջնական որոշում չեն: Դատարանների տրամադրվածությունը այդ անձանց կարգավիճակի պարզաբանման վերաբերյալ դրական է: Դատարանն անաչառ է եւ պատրաստ է լսել այնպիսի կարծիքներ, որ առաջին հերթին անսովոր են նմանատիպ գործերի համար: Քանի որ ապաստանին վերաբերող գրեթե բոլոր դեպքերում քաղաքացիությունը քննարկման առարկա չէ:
–Կա կարծիք, որ ՀՀ-ում մեկ տարի բնակված արցախցին չի կարող ԳԴՀ-ում ստանալ փախստականի կարգավիճակ: Ճի՞շտ է այդ կարծիքը:
-Կարելի է նաեւ այդպես ձեւակերպել, թեեւ իրավաբանությունը մաթեմատիկական ճշգրտությամբ չի աշխատում, այլ՝ յուրաքանչյուր առանձին դեպք առանձնահատուկ քննության է արժանանում: Բայց կան ընդհանուր կանոններ. Դատարանները որոշ հարցերի շուրջ (ծագման երկրի եւ այնտեղ մշտական բնակություն ունենալու վերաբերյալ) ունեն կանխավարկած եւ կարծիք, որ պիտի հաշվի առնվի: Այդ առումով մինչեւ մեկ տարի մի տարածքում բնակվածների համար կարող է ժամանակավոր բնակության վայր համարվել եւ չպետք է անպայման նշանակի, թե վերջնական բնակավայրն այդտեղ է: Մեկ տարուց ավելը համարվում է երկարաժամկետ կամ հիմնական բնակություն, ըստ միջազգային իրավական պրակտիկայի: Գերմանիայի վարչական դատարանը հղում է անում Կանադայում հրապարակված որոշումներին, որով ասում է նաեւ, թե հիմնական բնակությունը պարունակում է որոշակի շարունակականություն: Դրան հղում անելով՝ Գերմանիայի վարչական դատարանները եկել են այն եզրակացության, որ մեկ տարի սահմանումը տրամաբանական է: Թեեւ Կարլսռուհեի վարչական դատարանի դատավորն ինձ ասաց, որ որոշ դեպքերում նույնիսկ ավելի քիչ ժամանակահատված կարող է բավարար համարվել, եթե այդ տարածքում արդեն արմատավորում է եղել: Այսինքն՝ եթե կա բնակության հաստատում, գրանցում, աշխատավայր, ընտանիքի տեղափոխում: Կոպիտ ասած՝ երբ մարդը Արցախից Հայաստան է եկել, տուն է գնել կամ վարձակալել, աշխատատեղ է ձեռք բերել, ընտանիքի հետ այնտեղ ինտեգրվել, քաղաքացիություն է ձեռք բերել, դա արդեն համարվում է նրա հիմնական վերջին բնակավայրը: Բայց իբրեւ ընդհանուր սահմանում կարելի է մեկ տարին ընտրել, եւ դա մինչեւ հիմա «աշխատել է»: Կասելի վարչական դատարանի այդ գործում քննվող ընտանիքի անդամները 11 ամիս էին բնակվել Հայաստանում, եւ դա բավարար էր, որ պնդեինք, թե Հայաստանը չի եղել իրենց մշտական կամ վերջին բնակավայրը:
– Իսկ ունե՞ք հայցվորներ, որ Արցախի բռնագաղթից հետո գնացել են Ռուսաստան, կամ այլ երկիր, հետո նորից՝ Հայաստան, հետո եկել Գերմանիա: Կամ ՌԴ-ից , այլ երկրից՝ ուղիղ ԳԴՀ:
-Նոր հայցվորներ ունեմ, բայց նրանց գործը դեռ դատարանում չէ: Կուզենայի պարզաբանել, թե ինչու է վերջին բնակավայրը կարեւոր: Քննության առարկան առաջին հերթին քաղաքացիության երկիրն է: Միայն այն ժամանակ, երբ քաղաքացիություն չկա, քննվում է այն երկիրը, որ վերջին հիմնական բնակության վայրն է եղել: Սա Ապաստանի մասին 3-րդ հոդվածի տրամաբանությունն է: Եթե պարզվի, որ ՀՀ քաղաքացի է, անկախ այն բանից, թե որտեղ է բնակվել, առաջին հերթին Հայաստանն է համարվում ծագման երկիր, որի վերաբերյալ պետք է գնահատական հնչի:
–Իսկ եթե արցախցին մեկնել է ՌԴ կամ Ուկրաինա, ունի այդ երկրի քաղաքացիություն, բայց քանի որ այնտեղ պատերազմ է, եկել է Գերմանիա, կարո՞ղ է ստանալ ԳԴՀ-ում փախստականի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնագաղթի արհավիրքից տրավմա ունեցողը պատերազմող երկրում չի կարող մնալ:
-Ապաստանի օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ Գերմանիան իրավասու չէ քննել այն մարդկանց դիմումները, որ կարող են պաշտպանություն ստանալ ԵՄ-ից դուրս գտնվող պետություններից որեւէ մեկում: Դրա մեջ կարող է մտնել նաեւ ՀՀ-ն: Հայաստանը կարող է դիտարկվել որպես այլընտրանքային ապաստան տրամադրող երկիր: Նույնը վերաբերում է այլ երկրների, ՌԴ-ին, Ուկրաինային: Գերմանիան տեսականորեն կարող է հղում անել այդ հոդվածին եւ պնդել հետեւյալը. Քանի որ անձը (անձինք) այնտեղ առնվազն ունեցել են բնակության թույլտվություն, այդ երկիրն իր (իրենց) համար ապահով, այլընտրանքային երկիր է հանդիսանում, եւ մերժել դիմումը: Շուտով բազմաթիվ գործերի վերաբերյալ կարեւոր որոշումներ պետք է կայացվեն: Դրանց միջոցով արդեն կձեւավորվի ամբողջական նախադեպային դատական պրակտիկա: Սկիզբը դրվել է Կասելի որոշումներով, պետք է լրացվի այլ որոշումներով, որ Գերմանիայում արցախցիների վերաբերյալ ունենանք նախադեպային իրավունք: Վերջնական որոշումները Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ գնահատական են պարունակելու նաեւ: Թեեւ Գելզենքիրհենի վարչական դատարանի հրատապ որոշման մեջ արդեն նախնական գնահատական տրվել է: Այդուհետ կամփոփվի ամբողջ գործը, եւ այդ մարդկանց կարգավիճակի հարցն իր հանգուցալուծումը կստանա: Պետք է հաշվի առնենք, որ այս գործերը վերաբերում են սահմանափակ քանակով անձանց, նրանց՝ որ Հայաստանում մեկ տարուց ավելի չեն բնակվել, եկել են Գերմանիա: Նրանք, որ հնարավոր է հետագայում գան, արդեն այդ կատեգորիայում չեն գտնվելու, եւ այս տրամաբանությամբ չեն քննվի նրանց գործերը: Հետեւաբար սա վերաբերում է սահմանափակ թվով մարդկանց, սպեցիֆիկ մի խմբի, որոնց վերաբերյալ հետաքրքրական որոշումներ են կայացվել, կայացվելու:
Այս գործերի քաղաքական նշանակությունը. Այս մարդիկ ունեն փախստականի կարգավիճակ, քանի որ Ադրբեջանը խախտում է նրանց իրավունքները՝ այդ մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք, տվյալ դեպքում՝ ԼՂ (Արցախ), քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Անկախ նրանից, թե Հայաստանը եւ Ադրբեջանն իրար հետ ինչ են պայմանավորվում, մարդկանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը չի կարող կասեցվել որեւէ պետության կողմից, քանի որ նրանք այդ պետությունների քաղաքացի չեն: Առավել հստակ՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող այդ մարդկանց իրավունքների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքները:
Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Գերմանիա