Պատերազմը՝ պաշտպանական գործողություն
Երկրորդ աշխարհամարտից առաջ, նույնիսկ ավելի վաղ ժամանակներում, զինված ուժերի հարցերով զբաղվող գերատեսչությունները բոլոր երկրներում կոչվել են «պատերազմի նախարարություններ»։
Հետագայում, խաղաղասիրության նկատմամբ վերաբերմունքն ընդգծելու համար, այդ գերատեսչությունները կոչվեցին Պաշտպանության նախարարություններ։
Մամուլից տեղեկացանք, որ Դոնալդ Թրամփի հրամանագրով ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հետայսու կոչվելու է Պատերազմի նախարարություն։ Սպիտակ տան համար պաշտպանվելը մի տեսակ վիրավորական էր եւ բովանդակությանը չհամապատասխանող գործողություն։ Հենց այդ կուռ տրամաբանությունից ելնելով էլ ստորագրվել է նման հրամանագիր։
Աշխարհի ամենահզոր բանակն ու հարուստ ռազմարդյունաբերություն ունեցող երկիրը ինչո՞ւ պիտի պաշտպանվեր։
Գրեթե նույն ժամանակահատվածում, Հայաստանում էլ առաջարկվեց «մարտունակ բանակի» փոխարեն շրջանառության մեջ դնել «պաշտպանունակ բանակ» բառակապակցությունը։ Դրանում նույնպես առկա է կուռ տրամաբանություն։
Ի դեպ, Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունը հենց սկզբից կոչվեց Պաշտպանության նախարարություն, բայց սխալ չէր լինի, եթե Հայաստանում այդ գերատեսչությունը նույնպես կոչվեր Պատերազմի նախարարություն, քանի որ իրանական աղբյուրից փոխառված պատերազմ բառը նշանակում է «պաշտպանվող կողմի հանդիպական գրոհ՝ հակահարձակում», հետեւաբար նաեւ՝ պաշտպանություն։
Պատճառն այն է, որ պատերազմ բառը պահլավերեն patrazm հոմանիշից է, որը կազմված է pat եւ razm բաղադրիչներից։ Pat նշանակում է «ընդդեմ», «ի հակադրություն», «հակա» եւ այլն, իսկ razm-ը համարժեք է հայերեն ռազմ բառին։
Այլ օրինակներ եւս. իրանական աղբյուրից փոխառված հայերեն պատճեն բառը նույնպես կազմված է pat բաղադրիչի օգնությամբ, որը բառացի նշանակում է «հակընթերցում»։ Պարսկերենում pad բաղադրիչով կա նաեւ pad-zahr՝ «հակաթույն» բառը։ Նույնը կարելի է ասել իրանական աղբյուրից փոխառված հայերեն պատասխան բառի մասին, որի կազմության մեջ տեղ է գտել pat բաղադրիչը։ Պարսկերեն pad-ava նշանակում է արձագանք՝ ձայնի հակադարձում, իսկ pad-avard եւ padafand բառերը, որոնց բաղադրիչն է pad արմատը, դարձյալ նշանակում են պաշտպանություն։
Փաստորեն, հայերեն պատերազմ բառը նախապես նշանակել է պաշտպանություն։ Տեսնու՞մ եք՝ նույնիսկ Նորին Մեծություն Լեզվաբանությունն է վկայում հայերի խաղաղասիրական հոգեկերտվածքի մասին։
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ