Ինչու՞ է խորացվել այն «միտքը», թե արցախյան շարժումը ԿԳԲ ձեռքի գործն էր, որ հետո կոնֆլիկտով կանխարգելեն Հայաստանի անկախությունը:
Նախ, ԿԳԲ ձեռքի գո՞րծն էր, թե՞ ոչ: Բոլորովին բացառված չէ, քանի որ աշխարհի բոլոր հատուկ ծառայությունների գործիքակազմում էլ կան այդօրինակ տեխնոլոգիաներ:
Ի դեպ նույն տրամաբանությամբ պետք է հարց տալ, իսկ ո՞ր հատուկ ծառայության ձեռքի գործն էր 2018-ը:
Եթե 2018-ը կրող էր լինել ինքնաբուխ ժողովրդական, ապա ինչու՞ նույն կերպ չէր կարող լինել արցախյան շարժումը:
Կարող ենք տալ այդպիսի ամենատարբեր հարցեր, նույնիսկ մեզ չառնչվող դրվագների վերաբերյալ:
Օրինակ, ԽՍՀՄ փլուզման հարցում դեր ունեի՞ն այլ երկրների, մասնավորապես ԱՄՆ կամ բրիտանական հատուկ ծառայությունները, թեկուզ նույն Թուրքիայի, Իսրայելի միջոցով: Կամ՝ կարո՞ղ էին ունենալ, թե՞ ոչ: Եթե նրանք կարող էին դեր ունենալ ԽՍՀՄ փլուզման գործում, չէի՞ն կարող նույն դերն ունենալ Ռուսաստանի «փորոտիքով» մեկ հետխորհրդային կոնֆլիկտներ խթանելու գործում, որոնց միջոցով ավելի շուտ իրենք էին Ռուսաստանին դարձնում ազդեցության ենթակա, որովհետեւ փլուզվող, տնտեսական ծանր պայմաններում, հասարակարգային տրանսֆորմացիայի հոգեբանական գերծաննր պատմական շրջափուլում գտնվող Ռուսաստանը հազիվ թե առանց արեւմտյան աջակցության կարողանար գլուխ հանել այդ կոնֆլիկտներից:
Մենք կարող ենք քննարկել ամենատարբեր վարիացիաներ ու հարցադրումներ անել, բայց մենք կհայտնվենք այդպիսի հարցերի ճահճում, որտեղից չկա ելք:
Հետեւաբար, ինչպիսի՞ ծրագրման ու մշակման պետք է ենթարկվի հանրային մտածողությունը: Ըստ իս, հանրային մտածողության վեկտորը պետք է լինի հետեւյալը, պայմանական իմաստով՝ «մեզ չի հետաքրքրում, թե ում ձեռքի գործն է այս կամ այն մեծ ու փոքր իրադարձությունը կամ պատմական դրվագը: Մեզ հետաքրքրում է, ով է այդ դրվագում գտնվում պատասխանատվության դաշտում, պատասխանատվության առաջնագծում եւ հաջորդ աստիճաններին, ինչպիսի՞ ուղենիշներով է չափվում պատասխանատվությունը, հետեւաբար ինչպես է այն իրականացվում՝ արդյունավետության ինչ գործակցով»:
Չկա այլ տարբերակ, որտեղ հասարակությունը կարող է շատ, թե քիչ լինել սուբյեկտ:
Կոնկրետ արցախյան հարցում մեր արձանագրած արդյունքը, որը գուցե հարաբերական, բայց հաղթանակ էր, նպաստեց մեր մտածողության սուբյեկտայնության ամուր հիմք ձեւավորելուն ու աայդ սուբյեկտայնությունը զարգացնելուն: Իհարկե, ներքին էլիտաները հետագայում պարզապես հանցավոր ապաշնորհություն դրսեւորեցին հանրության, հետեւաբար նաեւ այդ սուբյեկտային մտածողությունն ու հոգեբանությունը զարգացնելու հարցում:
Բայց, այդ ամենով հանդերձ, առնվազն «բազային» արժեքը չէր ենթարկվում «ոտնձգության»:
Երբ հանրությանը սկսում են համոզել, որ արցախյան շարժումը Հայաստանի անկախության դեմ ԿԳԲ-ական դավադրություն էր, դա նշանակում է ոտնձգություն Հայաստանի հանրային սուբյեկտային մտածողության բազային արժեքի դեմ:
Այսինքն, հայ հանրությանը ասում են, որ այն, ինչ համարել ես քոնը՝ այդ թվում թեկուզ հարաբերական հաղթանակը, ամենեւին քոնը չէր, այլ դավադրություն էր քո դեմ:
Եվ դա ասում են երկու նպատակով: Նախ, որպեսզի ոչ միայն «թեթեւ տանես» կորուստը, չմտածես, թե ինչ-որ բան ես կորցրել, այլ համոզված լինես, որ գտել ես՝ գտել ես քեզ «դավադրությունից ազատ»:
Եվ երկրորդ, որպեսզի ընդհանրապես «թեթեւ տանես» ամեն ինչ, համարելով, որ ցանկացած մեծ նպատակ, որը դուրս է ֆեյսբուք-ինստագրամյան ամենօրյա պսպղուն ֆոտո-տեսա-լսողական լիկվիդայնության տրամաբանությունից, լինելու է քո դեմ նոր դավադրություն:
Սա է «արցախյան շարժումը ԿԳԲ գործն էր» արշավի ավելի երկարաժամկետ, ռազմավարական նպատակը. հանրության մոտ առաջացնել վանում ցանկացած «վերկենցաղային» նախագծի նկատմամբ, որ կարող է պարունակել պետությունը:
Ես դեռ վաղուց եմ խոսում այն մասին, որ մեզանում տեղի է ունենում պետություն հասկացության կենցաղայնացում: Ոչ թե կենցաղն է պետության մաս, այլ պետությունը դարձնում են ընդամենը կենցաղի փաթեթ:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան