Գիտե՞ք՝ ինչի է նման Նիկոլի խաղաղությունը: Ասենք մի ընտանիք ունի որդի, որդին սիրած աղջիկ: Էդ ընտանիքի հայրն ու մայրը որոշում են գնալ խոսքկապի իրենց որդու սիրելի աղջկա տուն և ծանոթանալ ծնողների հետ: Մյուս օրը էդ ընտանիքի հայրը ում տեսնում, ասում է` շնորհավորեք ինձ, երեկ թոռս ծնվեց:
Գիտե՞ք՝ ինչի է նման Նիկոլի՝ ՀՀ Անկախության Հռչակագրի կապակցությամբ շնորհավորանքը: Ասենք՝ մի երիտասարդ նշում է իր 35-ամյակը: Փողոցում բարձր ու զզվելի ձայնով ժավել-ժավել գոռացողը մտնում է տուն և նրա հյուրերի, ընկերների, երեխաների, ծնողների մոտ սկսում է գոռգոռալ ու համոզել, որ 35 ամյա երիտասարդի ծնողները իր ծնողները չեն, իսկականները թուրք են եղել ու փախել են Բաքու, որովհետև էս հիմիկվա նախկին կոմունիստ ծնողները ԿԳԲ-ի գործակալներ էին ու խլել են իրեն իրենց իրական ծնողներից: Վերջում շնորհավորանքի փոխարեն՝ սկսում է կարդալ 35-ամյա երիտասարդի մահախոսականը:
Ձեր երկրի ղեկավարը տառացիորեն քաղաքականապես անում է նույնը՝ «խաղաղության» հետ ընդունելով գոյություն չունեցող թոռան ծնունդի աչքալուսանքները: Ձեր երկրի ղեկավարը տառացիորեն քաղաքականապես նույն ժավել ծախողն է, ով ծննդյան 35 ամյակի կապակցությամբ հոբելյարի մահախոսականն է կարդում շենքի տակից:
Թող ես լինեմ վերջին՝ կուզեք ռոմանտիկը, կուզեք միամիտը, կուզեք ժողովրդին չճանաչողը, կուզեք … բայց ես հավատում եմ իմ ժողովրդին: Հավատում ու վստահում եմ հայ ժողովրդի գենետիկ հիշողությանը, բարոյական ու արժեքային կոդին, հավաքական գիտակցությանը: Հավատում եմ իմ ժողովրդի սուտն ու կեղծիքը, իր լավն ու վատը զատելու ունակությանը: Ես հավատում եմ իմ ժողովրդի հիշողությանը, հավատամքին, գերակայությունների կարևորմանը: Ես հավատում եմ, որ իմ ժողովուրդը այն չէ, ինչ իրեն վերագրում են, իր հաշվին անում են, իր վրա գրում ու մեղսագրում են: Իմ ժողովուրդը դա չէ: Իմ հայ մարդը դա չէ: Նույնիսկ, եթե խաբվել է, մոլորեցվել ու մաղձի տակ մնացել՝ միևնույն է դա չէ: Հավատում եմ՝ վստահ, ուրիշ ժողովուրդ չունեմ:
Շնորհավոր, ժողովուրդ ջան:
Քար ես, որ դիմանում ես:
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ