Կիրակի, 26 Հուլիս, 2026

Մեծ հարված է հասցվելու ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությանը. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը բավականին վտանգավոր է և դրանով մեծ հարված է հասցվելու ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությանն ու նրանց հետ կոմունիկացիայի իրականացմանը:

Թեև Ադրբեջանը միշտ էլ խնդիրներ է առաջացրել միջազգային առաքելությունների աշխատանքում, այնուամենայնիվ, Կարմիր Խաչը դժվարությունների գնով Ադրբեջանում աշխատել է և հատկապես հայ գերիների/ռազմագերիների, անհետ կորածների հարցում կարևոր գործառույթ ապահովել:

Ադրբեջանում ժողովրդավարության և օրենքի գերակայության բացակայության պայմաններում` առկա մեծաթիվ բարդություններին կգումարվի նաև Կարմիր Խաչի բացակայությունը, որն այնտեղ գտնվող հայերի համար հույսի և կենսական անհրաժեշտության կարևորություն ունի: