Կիրակի, 26 Հուլիս, 2026

Գվադելուպե գետի ջրերը 7 մետր բարձրացել են, ավերիչ ջրհեղեղը խլել է 24 մարդու կյանք, 20 երեխա անհետ կորել է

Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել, իսկ ամառային ճամբարում գտնվող ավելի քան 20 երեխա անհետ կորել է. հայտնում է BBC-ն։

Տեխասի մի քանի շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, բազմաթիվ ճանապարհներ ավերվել են, իսկ հեռախոսագծերը՝ անջատվել։

237 մարդ փրկվել և տարհանվել է։

Փրկարարները դեռևս որոնում են  25 աղջիկների, որոնք ճամբար էին խփել Քերվիլի մոտակայքում՝ Սան Անտոնիոյից 64 մղոն հյուսիս-արևմուտք գտնվող «Քեմփ Միստիկ»-ում:

Իշխանությունները հայտարարել են, որ որոնողական-փրկարարական գործողությունները՝  ուղղաթիռներով, անօդաչու սարքերով և նավակներով, կշարունակվեն մինչև բոլոր անհետ կորածների գտնվելը։

Անկախության օրվա տոնակատարությունները չեղարկվել են ամբողջ նահանգում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում տեղի ունեցածն անվանել է «ցնցող» և «սարսափելի», իսկ Սպիտակ տունը խոստացել է  լրացուցիչ օգնություն տրամադրել նահանգին։

Գվադալուպե գետի մակարդակը 60 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում բարձրացել է մոտ 7 մետր, հաջորդած ջրհեղեղը քշել-տարել է շարժա տները, մեքենաները և խրճիթները, որտեղ մարդիկ անցկացնում էին հուլիսի 4-ի տոնը։

Տեխասի փոխնահանգապետ Դեն Պատրիկն ասել է. «Ընդամենը 45 րոպեում Գվադալուպե գետի մակարդակը բարձրացել է 26 ոտնաչափով՝ ավերիչ ջրհեղեղ, որը խլել է գույք և, ցավոք, կյանքեր»։