Եկեղեցուն հարկային դաշտ բերելու վերաբերյալ քննարկում և նախաձեռնություն այս պահին չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա միաժամանակ չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչպես է վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից եկեղեցու վերաբերյալ հայտարարություններին։ Էդուրադ Հակոբյանը միայն նշեց՝ չի կարծում, որ դա ՊԵԿ նախագահի մեկնաբանելու հարց է։
Նա չպատասխանեց նաև այն հարցին՝ արդյոք պետք է Վեհափառը հեռանա։
«Այն մասով, ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է, այս պահին որևէ խնդիր չկա։ Իմ՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակաշրջանում նման խնդրի չեմ առնչվել, բայց քանի որ հարցը բարձրացնում եք, ավելի մանրամասն կփորձեմ հասկանալ, եթե նման խնդիր կա։ Մենք վարչարարություն ենք իրականացնում։ Եթե վարչարարության ընթացքում կնկատենք որևէ խնդիր, համապատասխան գործիքակազմով կտեղեկացնենք, կհուշենք մեր եկեղեցուն, որ էս խնդիրները կան, խնդրում ենք՝ շտկեք։
Այն մասով, որով եկեղեցին առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի հարկեր։ Այն մասը, որը եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր, որպես այդպիսին, չի վճարում»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Էդուրադ Հակոբյանը համոզմունք հայտնեց՝ հարկերը պետք վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք երջանիկ դառնալ։
«Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջե: Յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել: Ես չեմ ասում՝ հարկ վճարելն է երջանկություն. ասում եմ՝ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության՝ ոչ թե առաջին հերթին մեզ համար, այլ բոլորիս համար»,- նշեց ՊԵԿ նախագահը:
Նա միաժամանակ նշեց, որ ամսական 1,7 մլն դրամ աշխատավարձ է ստանում։