Այս իշխանությանը պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրահանգներ, որը կգնա բռնության, եթե այդ իշխանությունների կողմից հնչի բռնություն կիրառելու հրահանգ։ Ես պնդում եմ, որ այդ «դաբրոն» տրվել է իշխանությունների կողմից, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով ոստիկանությունում խոշտանգման դեպքերին։
Ըստ իրավապաշտպանի՝ 2018-ից հետո տեսել ենք չբարեփոխված ոստիկանություն, որը նախկինում նորմալ էր, ադեկվատ, այնպես, որ իրավապաշտպանները խոսելու տեղ չունեին։ «Սակայն 2020-ից հետո՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ եթե ոստիկանները լավ ներգործություն ունենան, ավելի շատ կպարգևատրվեն, և շնորհակալություն էր հայտնում բռնության համար։
Պատկերացրեք՝ եթե ուղիղ եթերում ամբիոնից են նման հայտարարություններ հնչում, ինչեր կհնչեն փակ դռների հետևում ինչ հրահանգներ ու ինչ «դաբրոներ» են տալիս»,-ասաց Կարապետյանցը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ականատես ենք լինելու քանակով, ծավալով և էությամբ ավելի ծանր դեպքերի։
Նա նշեց, որ անընդհատ, մեկը մյուսին հասցեին ատելության խոսք հնչեցնելը չի կարող անհետևանք մնալ, ատելության խոսքն անպայման հասարակության ներսում գտնում է իր ֆանատներին։
«Երբ շարքային քաղաքացին տեսնում է, թե ինչպես է ամենաբարձրաստիճան պաշտոնյան որոշակի շարժումներով, բառամթերքով, պահվածքով, վարքով, հայացքով իր հետ անհամաձայն մարդկանց հետ վարվում, համարում է, որ դա վարքագծի նորմալ կանոն է, ճիշտն այդպես է։
Այս իշխանությունը, այո՛, մեծագույն պատասխանատվություն, մեղքի բաժին ունի, որովհետև կարող էր, եթե այդպես հեղափոխական էր, ասեր՝ «Ժողովո՛ւրդ, լավ, կանգնում ենք այստեղ, «Ո՛չ» ասենք ատելության խոսքին»։ Բայց իրենք ամենացածր ռանգի չինովնիկից մինչև ամենաբարձր աստիճանի չինովիկներ այնպիսի վարքագիծ են դրսևորում, որ ոչ մի բացասական էներգիա չի կարող անհետևանք կորել։
Բայց իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենք լավ չեն պատկերացնում, որ ինչքան իրենք բացասականը գեներացրեցին, այնքան իրենց վերադառնալու է շատ ավելի բացասական։ Իրենց մերժելուց, վախենամ, թավիշով չմերժեն»,- նշեց իրավապաշտպանը։