Արցախցիները հայտնվել են շատ ծանր և դժվար իրավիճակում։ Պետական աջակցության դադարեցումը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում, չեն ունենա հնարավորություն՝ բնակարան վարձակալելու և ապրելու մինիմալ պայմաններում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Լրագրողներն ԱՀ նախագահից հետաքրքրվեցին՝ դատախազությունից և Քննչական կոմիտեից իրեն պատասխան տվե՞լ են (հիշեցնենք՝ ապրիլի 18-ին արցախցիները՝ արցախցի գործիչ Արթուր Օսիպյանի գլխավորությամբ, հավաքվել էին Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իրենց պատասխան տա արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ, Գլխավոր դատախազությունից ճշտի, թե ինչո՞ւ չեն արագացնում հարուցված քրեական գործի քննությունը՝ խմբ.)։
«Մենք երկու օր առաջ համապատասխան գրություն ենք ուղարկել ՀՀ դատախազին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե ինչ է արվել այդ ուղղությամբ»,- ասաց Շահրամանյանը։
Անդրադառնալով արցախցիների՝ Արցախ վերադարձի թեմային՝ ԱՀ նախագահը շեշտեց՝ հավաքական վերադարձը միջազգային իրվունք է, և այդ հարցը պետք է մնա օրակարգում։
«Այո՛, մենք իրավունք ունենք անվտանգ և արժանապատիվ վերադարձ ապահովվելու»,- ասաց նա։
Հաջորդ հարցին՝ ինքը պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Սամվել Շահրամանյանը պատասխանեց՝ հրաժարականը կարող են պահանջելու այս իշխանություններին ձևավորած քաղաքացիները։
ԱՀ նախագահն անդրադարձավ նաև գերիների վերադարձի հարցին՝ նշելով, որ Բաքվում ընթացող դատավարությունները շինծու են՝ զուրկ որևէ իրավական հիմքից։
«Եվ այո, կան վտանգներ, որ այնտեղ կորզվող ցուցմունքները կարող են օգտագործվել նաև ՀՀ շահերի դեմ»,- ամփոփեց Շահրամանյանը։







