Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր այցելեց Ազատության հրապարակ և վրանում հանդիպում ունեցավ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ:
Նա հիշեցրեց, որ լիովին աջակցում է արցախցիների նախաձեռնությանը:
«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, տեղյակ եմ մանրամասն իրականացվող աշխատանքներին, ձեր հանդիպումների արդյունքում առաջարկվող տարբերակներին: Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն՝ անկախ նրանից՝ դուք ինչ որոշում կկայացնեք։
Ես տեղյակ եմ, որ այդ ծրագրերը, որ իրականացվում է ՀՀ կառավարության կողմից, ունեմ բազմաթիվ խնդիրներ: Ես առիթ եմ ունեցել բնակարանային աջակցման ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտարարել դեռ նախագծային փուլում և ասել, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետև որոշակի լուրջ խնդիրներ և հանգամանքներ կան, որը հաշվի առված չեն եղել։
Ես տեղյակ եմ, որ դուք առաջիկայում պետք է որոշում կայացնեք և ներկայացնեք կառավարությանը, ձեր հետագա աշխատանքները կազմակերպելու համար։ Ցանկացած որոշում ձեր կողմից ես համարում եմ, որ դա նաև մեր ժողովրդի կողմից է։ Դուք ունեք այդ լիազորությունը՝ նման որոշումներ կայացնելու և ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում, եթե դուք որոշեք տեղափոխվեք գրասենյակային պայմաններում աշխատանքի: Պատրաստ ենք նաև մեր ներկայացչության հնարավորությունները տրամադրել և ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանքը»,- ասաց Սամվել Շահրամանյանը:
Անդրադառնալով արցախցիների սպասելիքներին՝ ԱՀ նախագահը նշեց՝ առաջնայինը և հրատապն այսօր ավելի շատ հումանիտար սոցիալական հարցերն են։
«Ես գիտեմ, որ դուք ամենաժամյա ռեժիմով զբաղվում եք և տարբեր առաջարկներ եք իրականացնում։ Նաև կա առաջարկ Հայաստանի կառավարության կողմից ստեղծել համապատասխան խմբեր և աշխատանքներ իրականացնել։ Ինձ թվում է՝ դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից նաև կապված է մեր բնակչության և արցախցիների հետագա ինտեգրումը և արժանապատիվ կյանքը Հայաստանում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, ես անկեղծ ձեզ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ աջակցում եմ ձեր բոլոր նախաձեռնություններում և որոշումներում»:
Դրանից հետո Սամվել Շահրամանյանն առաջարկեց հանդիպման մնացած մասն անցկացնել փակ ռեժիմով:








