Երեկ ու մանավանդ նախորդ գիշեր եղավ այն, որը պե՛տք է լիներ. հարյուր հազարավոր հայեր, զուսպ, արժանապատիվ եւ կատարյալ կարգապահությամբ, ինչպես ամեն տարի, բարձրացան Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի հուշարձան՝ ցեղասպանված իրենց նախնիների հիշատակը հարգելու, բռնագրավված հայրենի տարածքները վերհիշելու, բռնագաղթված իրենց հարազատների եւ անձամբ իրենց կրած տառապանքը վերապրելու, հատուցում պահանջելու:
Այդ երթը, մանավանդ ջահակիր տասնյակ հազարավոր երիտասարդների կուռ շարքերը Հանրապետության հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդ բարձրացող, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ուներ նաեւ այլ խորհուրդ, մանավանդ որ ուղեկցող հարյուրավոր ոստիկանների ներկայությունը բացարձակ կարգուկանոնի պայմաններում վերածվեց օրվա խորհրդի լրացմանը, ամբողջացմանը:
Հավաքական հիշողության թարմացումից զատ այդ երթն ուներ մի քանի պատգամ՝ ուղղված համաշխարհային հանրությանը, մեր ոխերիմ երկու հարեւաններին, նաեւ, ստիպված ենք ընդգծել, ներքին ուրացողներին:
Միջազգային հանրությանը, ավելի ճիշտ՝ մեծ խաղացողներին, որոնց թվում է, թե ընկճված հայության հետ կարելի է աշխարհաքաղաքական իրենց խաղերում վարվել գնդակի, այն էլ՝ ծակ գնդակի պես, մեկը մյուսին ու բոլորը մեկին մեղադրելով հանդուրժել Արցախի հայաթափումը, ցեղասպանական մյուս արարքները:
Ոխերիմ հարեւաններին, որոնց թվում է, թե բոլոր հայերն են պատրաստ, ինչպես ՀՀ ներկայի իշխանությունը, վախկոտի, դավաճանի, սպառնալիքների դիմաց կուչ եկողի դերում հայտնվել, կաշառվել:
Ներքին ուրացողներին, որոնց թվում է, թե իրենք հավերժ են ու երբեւիցե հայ ժողովուրդը ներելու է Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, հերքելու, անգամ ժխտելու միջազգայնորեն պատժելի իրենց հանցանքները: Դա նրանց չի՛ ներվելու՝ ինչպիսի բացատրություններ էլ տան, արդարացման փորձեր անեն: Չի՛ ներվելու նաեւ հայ ժողովրդի պատմաքաղաքական ու պատմատնտեսական իրավունքները ուրանալու, վաճառելու, Հայկական պետության տարածքներն ու ամբողջ Արցախն ու արցախահայությանը լքելու նրանց դավաճանական արարքները:
Ցեղասպանության 110-ամյա տարելիցի նշումը Հայաստանում, հարեւան որոշ երկրներում, տարբեր մայրցամաքներում, մինչեւ անգամ թուրքական սապոգների տակ տառապող հարավ-արեւելյան Սիրիայում, իսկական ճամփաբաժան է հանդիսանում բոլորիս համար: Այն ճամփաբաժանը, որը դեռ 2018-ին բնորոշել էր մեր ժամանակների մեծ գործիչ, տեսանող ու բարերար, «Ավրորա» համամարդկային շարժման հիմնադիր, արդեն երկու տարուց ի վեր ադրբեջանական զնդաններում տառապող Ռուբեն Վարդանյանը, «Ճամփաբաժանին. Որոշումների ժամանակը» վերնագրով՝ Նունե Ալեքյանի հետ կազմած իր աշխատության մեջ: Տեսիլք ու տեսլական ունեցող մի մարդ, որն իր համահեղինակի հետ ուսումնասիրելով հայության վիճակն ու կարողունակությունը՝ հիշյալ աշխատության մեջ ուրվագծում է համազգային այն ճանապարհը, որը մեր ժողովրդին ու պետությանը խոստանում է առաջնորդել դեպի հզորացում եւ, հետեւաբար, ապահովություն ու բարօրություն, որոնց արժանի է մեր ժողովուրդն իր հնամյա պատմությամբ, ստեղծագործ ոգով, աշխատասիրությամբ, իմաստնացած՝ մեր տառապալից կյանքով:
Ահա թե ինչու այդ մարդը հանդիսանում է, Արցախի ռազմաքաղաքական ողջ ղեկավարության հետ, Ալիեւի եւ անձամբ Էրդողանի գլխավոր զոհը, պատանդը: Արդարեւ, հայ ժողովրդի ու Հայոց պետության հզորացումն ու բարգավաճումը անհաղթահարելի ու միակ պատվարն է հանդիսանում թյուրք տարրի ոտնձգությունների, աշխարհակալական նկրտումների եւ, վերջապես, ցեղասպանական նոր գործողությունների դեմ:
Այս գիտակցությամբ պետք է դիմավորենք գալիք 111-րդ եւ հաջորդ տարելիցները, առաջնորդված վարդանյանական տեսլականի հիմնադրույթներով:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ