Մոտ մեկ ժամ առաջ Քննչական կոմիտեից զանգահարել են Վանաձոր քաղաքում վարձակալությամբ բնակվող, Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանին, որ այցելի դատաբժշկին՝ 2025թ․ մարտի 15-ին Ոստիկանության Վանաձորի բաժնում բռնության ենթարկվելու դեպքով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով՝ խոշտանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։
Նշենք, որ օրեր առաջ Տիգրանի բարեկամի բնակարանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Դրանից հետո 29-ամյա Տիգրանին երկու օր՝ մարտի 14-ին և 15-ին, հրավիրել են Ոստիկանության բաժին, Քննչական կոմիտե՝ ասելով, թե կապ ունի ավազակային հարձակման հետ: Սակայն, վերջին այցի ժամանակ Ոստիկանության բաժնում ծեծել են Տիգրանին։
Տիգրան Ուլուբաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթը բավականին ուշացումով է նախաձեռնվել։ Նույնիսկ այն պարագայում, երբ մամուլում հայտնվեցին դեպքի հետ կապված հրապարակումներ, չշտապեցին վարույթ նախաձեռնել։
Տիգրանը պատմեց, որ բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման դեպքով մարտի 14-ի գիշերն են իրեն բռնել, տարել Ոստիկանություն, այնուհետև հաջորդ օրը՝ մարտի 15-ին ցերեկը՝ ժամը 15։30-ի սահմաններում, դարձյալ հրավիրել են Ոստիկանություն՝ «2 րոպե շփվելու» նպատակով։ Սակայն, 2 րոպեն ձգվել է մինչև ժամը 22։30-ը։
Տիգրանի պատմելով, երբ արդեն բաժնում է եղել, ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը։ Իսկ Ոստիկանության բաժնում «մշակելը» ծեծելն է։
«Ոստիկաններն ինձ 8 հոգով ծեծել են, 10 րոպեն մեկ մոտենում, ծեծում էին։ Որ դուրս եկա բաժնից, ինձ վատ էի զգում, գնացել եմ հիվանդանոց, գլուխս նկարել եմ, ասել են՝ սալջարդ է։ Հիմա դեղեր եմ քսում, որ ցավերս մի քիչ մեղմանան»,- ասում է Տիգրան Ուլուբաբյանը և հավելում, որ ավելի շատ վիրավորված է, որ իրեն փորձել են նվաստացնել հայհոյանքներով։
Տիգրանը Արցախից բռնի տեղահանվել է 2023թ․-ին։ Նրա եղբայրը զոհվել է 2017թ․-ին՝ Արցախում ադրբեջանցիների դիվերսիոն հարձակման ժամանակ։ Ծնողները նույնպես մահացել են և հուղարկավորված են Արցախում։ Վանաձորում ապրում է միայնակ։
Պատմեց, որ Ոստիկանության բաժին հաղորդում չի ներկայացրել իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, քանի որ վստահություն չի ունեցել։
«Այդ շենքում չպետք է այդպիսի մարդիկ աշխատեն, թող բերեն նորմալ մարդկանց տեղավորեն, որ ժողովրդի հետ, անմեղ մարդկանց հետ այդ ձևով չվարվեն։ Նույնիսկ, որ մարդ են սպանում, իրավունք չունեն ծեծեն, օրենք գոյություն ունի, բայց անմեղ մարդուն տանում, ծեծում են, ասում են՝ «պրիզնատ» արի»,- նշում է Տիգրանը։
Կատարվածը երեկ հանրայնացրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նշելով, որ Տիգրանի դեպքով երեկ անձամբ է հաղորդում ներկայացրել, քանի որ արդեն որերորդ դեպքն է՝ Քննչական կոմիտեն շատ անլուրջ և պասիվ մոտեցում է ցուցաբերում խոշտանգման ահազանգերի վերաբերյալ՝ արդարանալով կամ հաղորդման բացակայությամբ, կամ ապացույցների անբավարարությամբ, իսկ երբեմն էլ ոչ աշխատանքային օրերով։
«Քննչական կոմիտեն ու Դատախազությունը թքած ունեն, որ երկկողմանի ծնողազուրկ տղային, զոհված զինծառայողի որդուն, զոհված զինծառայողի եղբորը, 3 պատերազմների մասնակցին և վերջապես բռնի տեղահանված արցախցուն 7 ժամ ապօրինի պահում են Ոստիկանության բաժնում, ենթարկում ծեծի, թքում նրա վրա և հայհոյում ոչ միայն իրեն, այլև վերջինիս զոհված ու մահացած ծնողներին՝ միայն նրա համար, որ նա իր վրա չի վերցնում ինչ-որ ավազակության դեպք»,- հայտարարել է Ռոման Երիցյանը։
Ներքին գործերի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն։ Սակայն, հարկ է նշել, որ ծառայողական քննությունը զուտ գերատեսչական քննություն է, որը, ինչպես ցույց ենք տվել մեր հրապարակումներով, ձևական բնույթ է կրում։
Լուսանկարը՝ «Ազատության» տեսանյութից
«Հետք»