Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Իրական Հայաստան» կոչվածը Ավարտված Հայաստանի հոմանիշն է՝ անկախ փաթեթավորումից. քաղաքագետ

«Հայաստանն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին 2 հոդվածը, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են»:

Սա Ադրբեջանը վերցրեց, ծալեց ու դրեց գրպանը, և դրանով դուք ավելի շուտ կտեսնեք ոմնի ծոծորակը, քան խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսը:

Ադրբեջանը գրպանը դրեց հետևյալը՝

*Արցախում ցեղասպանություն տեղի չի ունեցել,

*120.000 հայ չի գաղթել, այլ լքել է պատմական ադրբեջանական հողերը, որտեղ ազգային փոքրամասնություն էր:

*5000 հոգի հայ մարդ ոչ թե զոհվել է  իր հայրենի հողի համար մղվող պայքարում,  այլ եղել է զավթիչ, օկուպանտ և անջատողական:

Հաջորդը՝

*ԵՄ գնացող երկիրը հանում է ԵՄ դիտորդներին իր երկրից, որոնց ներկայությունը հիմնավորում էր`  որպես խաղաղության միակ երաշխիք տարածաշրջանում:

Հաջորդը՝

*Հայաստանը հրաժարվում է միջազգային իրավական ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված իրավական գործընթացներից: Այլ կերպ ասած` պետական մակարդակով ուրանում է հայ մարդկանց արյունը, հրաժարվում ադրբեջանական վայրագությունների, ցեղասպանության, բնաջնջման փաստացի իրավական պատասխանատվության ենթարկելու իրավահաջորդությունից:

Այսքանով ոչինչ չի ավարտվում:

Այս ամենը զիջելուց և հպատակվելուց հետո փաստացի Ադրբեջանը պատասխանում է հետևյալ կերպ:

*«Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:

Այս ամենը զիջողը շատ լավ գիտի, որ «նվերը» չի անցել, իր ուրացումը չի բավարարել և արդեն որոշ ժամանակ է զբաղված է հերթական պահանջի փաթեթավորմամբ, որի անունն է Իրական Հայաստան: Դա էլ չեն առնելու, դա էլ հաշիվ չի լինելու:

P.S. «Իրական Հայաստան» կոչվածը Ավարտված Հայաստանի հոմանիշն է՝ անկախ փաթեթավորումից:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան