Փետրվարի 20-ին եւ 21-ին Մոսկվայի Համաշխարհային առեւտրի կենտրոնում կայացավ ապագա տեխնոլոգիաների 3-րդ համաժողովը:
Միջոցառման աշխատանքներին ներկա էր ավելի քան 1700 մասնակից Ռուսաստանից եւ արտասահմանյան 37 երկրներից, այդ թվում՝ ավելի քան 350 ձեռներեց՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ արտերկրից:
Համաժողովին ներկա էին նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը եւ Ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Արայիկ Թաթոյանը:
Միջոցառմանը մասնակցելու համար հավատարմագրվել էին ռուսական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակիցը՝ Գոհար Բոտոյանը: Ի դեպ, հայազգի լրագրողներից միջոցառմանը ներկա էր միայն մեր թղթակիցը:

Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2023 թվականից՝ ամեն անգամ տարբեր թեմայով: Այս տարի ֆորումը նվիրված էր «Նոր նյութեր եւ քիմիա» թեմային:
Համաժողովը հարթակ դարձավ գիտնականների, ձեռներեցների եւ պետական կառույցների ներկայացուցիչների միջեւ հանդիպումների համար: Մասնակիցները քննարկել են նոր նյութերի եւ քիմիայի արդյունաբերության զարգացման հիմնական նպատակները՝ որպես նորարարական տնտեսության հիմք:
ՌԴ առաջին փոխվարչապետ, «Ապագա տեխնոլոգիաների համաժողովի» կազմկոմիտեի համանախագահ Դենիս Մանտուրովի խոսքով, առանձին նորարարական ոլորտների առաջընթացն անհնար է առանց անկախ նյութատեխնիկական բազայի, ներառյալ հումքը, տեխնոլոգիաները եւ բիզնես մոդելները: Նա ընդգծեց, որ ներկայումս նոր նյութերը եւ քիմիական արտադրանքները Ռուսաստանի տնտեսությանը մատակարարում են համաձուլվածքներ, կոմպոզիտներ, պոլիմերներ, հիմնական քիմիական նյութեր եւ բարձր տեխնոլոգիական արտադրանք, եւ հենց այս արդյունաբերությունը պետք է լինի նորարարության առաջատարը:
Միջոցառման հարուստ ծրագրի ընթացքում՝ բաժանված չորս թեմատիկ ոլորտների, անցկացվել են 37 նիստեր՝ ավելի քան 230 բանախոսների եւ մոդերատորների մասնակցությամբ: Փորձագետները հայտնաբերել են լուծումներ, որոնք, նրանց կարծիքով, կօգնեն արագացնել նոր նյութերի ներդրման գործընթացը եւ երաշխավորել Ռուսաստանի տեխնոլոգիական ինքնիշխանությունը:

Համաժողովի քննարկման կենտրոնական թեմաներից էր նոր նյութերի եւ քիմիայի բնագավառի որակյալ մասնագետների պատրաստման խնդիրը: Բացի այդ, պանելային նիստերի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային համագործակցության եւ ընդհանուր նախաձեռնությունների իրականացմանը. թե ինչ մեթոդներով կարելի է պահպանել տեխնոլոգիական անկախությունը՝ միաժամանակ ընդլայնելով գործընկերությունը օտարերկրյա գործընկերների հետ:
Համաժողովում ցուցադրվել է նաեւ նորարարական լուծումների ցուցահանդես, որտեղ ռուսական առաջատար կորպորացիաները եւ գիտահետազոտական ինստիտուտները ցուցադրել են բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների եւ ոլորտների հաջողությունները:
Քննարկումների ընթացքում նշվել է, որ թվային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ այժմ հնարավոր է նորարարական նյութերից ստեղծել ապրանքներ, որոնք լավագույնս կհամապատասխանեն հաճախորդների կարիքներին, անցկացնել թեստեր, վերահսկել աշխատանքը եւ իրական ժամանակում գնահատել բոլոր ռիսկերը: Միայն թվային դիզայնի, հավելումների արտադրության եւ զարգացող տեխնոլոգիաների համադրությունը հնարավորություն կտա ստանալ բարդ երկրաչափությամբ եւ եզակի կազմով արտադրանք, որն ապահովում է պահանջվող հատկությունների մի ամբողջ շարք:
Քննարկումներից մեկի ժամանակ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն նշեց, որ ծանոթացել է «Ապագա տեխնոլոգիաների ֆորումի» ցուցահանդեսին: «Երբեմն հանդիպում եմ ընկերությունների սեփականատերերի ու ղեկավարների հետ, որոնք շատ լավ ծրագրեր ունեն, եւ ինձ դուր է գալիս նման վերաբերմունքը: Մարդկանց աչքերը փայլում են, մենք աջակցելու ենք նրանց»,-ասաց փոխվարչապետը եւ բերեց նաեւ հայազգի Արտեմ Օգանովի օրինակը:
Օգանովը բյուրեղագետ, հանքաբան, քիմիկոս է: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ Սկոլկովոյի գիտատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, USPEX բյուրեղային կառուցվածքների կանխատեսման համակարգչային մեթոդի հեղինակ: Հայտնաբերել է տարրերի մի քանի նոր ձեւեր եւ կարեւոր մոլորակ առաջացնող հանքանյութեր:
Արտեմ Օհանովը ծնվել է 1975 թ.-ին Դնեպրոպետրովսկ քաղաքում, տնտեսագետ Ռոման Օհանովի եւ լրագրող, հոգեբան Գալինա Բիրչանսկայայի հայ-հրեական ընտանիքում: Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո, 1997-ին գերազացության դիպլոմով ավարտում է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը՝ ստանալով «բյուրեղագետ եւ բյուրեղաքիմիա» մասնագիտությունը: 2002-ին Լոնդոնի Համալսարանական քոլեջում պաշտպանել է թեկնածուական թեզ բյուրեղագիտությունից, 2007-ին ստացել է գիտությունների դոկտորի կոչում Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտում, որը համարժեք է ռուսական տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճանին:
Օհանովը 2008-ից Սթոուն-Բրուկի համալսարանի պրոֆեսոր է եւ նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի վարիչ: 2013-ին նմանատիպ լաբորատորիաներ է հիմնել Ռուսաստանում եւ Չինաստանում: 2015-ից Սկոլկովոյի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր է:
Forbes ամսագիրը նրան դասում է «10 ամենահաջողակ ռուս գիտնականների» եւ «50 ռուսների շարքը, ովքեր նվաճել են աշխարհը», իսկ ռուսական փորձագիտական ամսագրերը նրան առանձնացնում են «100 ամենաազդեցիկ ռուսների» շարքում:
Համաժողովի առանցքային իրադարձությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ լիագումար նիստն էր:
Վլադիմիր Պուտինն իր ելույթում նշեց արդյունաբերության զարգացման կարեւորությունը, որին նվիրված էր համաժողովը:
«Ակնհայտ է, որ գիտական եւ տեխնոլոգիական զարգացման առանցքային ոլորտներում առաջատարների թվում լինելու համար պետք է գերազանցության հասնել քիմիայի եւ նոր նյութերի ստեղծման ոլորտում»,- ընդգծեց երկրի ղեկավարը:
Ըստ Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանը պետք է առաջարկի մրցունակ գներ ու որակ, եւ ամենակարեւորը՝ նորարարական լուծումներ եւ ապրանքներ, եւ ունենա իր ուրույն տեխնոլոգիական բանալիները, որոնք թույլ կտան արտադրել եւ արտահանել համաշխարհային շուկաներ ոչ թե առաջնային հումք, այլ ամենաբարձր չափանիշների արտադրանք:
ՌԴ նախագահը կոչ արեց լուծել քիմիական արդյունաբերության խնդիրները «հիմնականորեն նոր տեխնոլոգիական մակարդակով՝ օգտագործելով արհեստական ինտելեկտի եւ ռոբոտաշինության ոլորտում ձեռքբերումները եւ աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ուղղված այլ գործիքներ, այդ թվում՝ գիտության մեջ»:
Ռուսաստանի ղեկավարն անդրադարձավ նաեւ գիտության ու բիզնեսի միջեւ հարաբերությունների խորացման թեմային եւ կոչ արեց լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել գիտական եւ տեխնոլոգիական զարգացման հեռանկարային, բեկումնային ոլորտներին աջակցելու համար:
«Մեզ համար կարեւոր խթանիչ դեր խաղացին արտաքին խնդիրները, պատժամիջոցները, բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները: Ռուսական ընկերություններն այժմ ավելի ու ավելի են դիմում մեր գիտնականներին եւ համապատասխան օգնություն ստանում նրանցից: Ավելին, ներքին լուծումները հաճախ ավելի արդյունավետ են, քան արտաքին անալոգները»,- ընդգծեց Վլադիմիր Պուտինը:
Լիագումար նիստից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպել է ռուս եւ օտարերկրյա գիտնականների հետ: Քննարկվել են գիտության եւ կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները:
ՌԴ նախագահն այցելել է նաեւ տեխնոլոգիական նվաճումների ցուցահանդես, որտեղ ներկայացվել են քիմիայի ոլորտում վերջին ձեռքբերումներն ու նոր նյութերը:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից