Կարմիր խաչի հրապարակած թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բացարձակ անտարբեր են սեփական քաղաքացիների ճակատագրերի նկատմամբ, նաև՝ ապաշնորհ և անճարակ՝ անհետ կորածներին որոնելու, գտնելու և հայրենիք վերադարձնելու։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԿԽՄԿ վիճակագրությանը, որի համաձայն 2020-2023 թվականների հակամարտության հետևանքով 429 անձ դեռևս անհետ կnրած է համարվում, 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։
«Մենք տեսնում ենք, թե ՀՀ իշխանություններն այս հարցում ինչ քաղաքականություն են վարում։ Փոխարենն առաջնային են իշխանության մնալու իրենց շահերը։ Մենք լսում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Արցախ» բառը չի օգտագործում, որ այսպես ասած պրոբլեմներ չառաջանան։ Այդ մասին ինքը՝ Սիմոնյանն է ասում։
Ինչ վերաբերում է գերիներին, անհետ կորածներին, Բաքվում դատվող հայերին, նրանց մասով մտահոգություն, ցավ չենք տեսնում։ Ընդհանուր առմամբ որևէ աջակցություն, սատարում, մարդկային կարեկցանք չկա։ Էլ չեմ ասում արժանապատվության մասին. եթե դատելու բան կա, թող այդ մարդկանց այստեղ դատեն, ոչ թե Ադրբեջանում։ Ինչպե՞ս կարելի է անտարբեր լինել այդքան ընտանիքների, ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնց ուղղակի պարտավոր են ծառայել. չէ՞ որ ՀՀ գործող իշխանությունները հենց այդ քաղաքացիների ձայների շնորհիվ են հայտնվել իշխանության ղեկին, ինչով էլ պարբերաբար պարծենում են»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Սակայն, ըստ իրավապաշտպանի, երբ այդ նույն քաղաքացիները գտնվում են հարազատներին կորցրած լինելու, տարիներով նրանց փնտրելու ծանր իրավիճակում, նրանց ոչ ոք՝ առավել ևս իշխանությունները, չեն հիշում։
«Ո՞վ է հիշում նրանց. ոչ ոք։ Արցախում ևս կան անհետ կորածներ, գերության մեջ գտնվողներ, բայց այս իշխանավորներն ընդհանրապես չեն հիշում նրանց մասին։ Գոնե պետք է շնորհակալ լինել Կարմիր խաչին, որ հետևողական են գերիների և անհետ կորածների ճակատագրերի նկատմամբ։ Այդ մարդկանց խնդիրները պետք է շարունակ բարձրաձայնվեն, նրանց ընտանիքներին պետք է աջակցություն տրամադրվի, այնինչ նրանց ձայնը ոչ մի տեղ չի լսվում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ըստ ԿԽՄԿ տարածած հաղորդագրության՝ 2024 թվականի ընթացքում մոտ 1290 զանգ և այց է գրանցվել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։
62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ գրասենյակ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։
429 անձ դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։ 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։