Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար (եթե այն դեռ գոյություն ունի), այս անգամ ոչ թե ձյան, այլ արդարադատության պատճառով: Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է (հրապարակման օր) վստահորդիս «Փաստինֆո» լրատվական կայքի անունից իմ կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով դատավոր Երեմ Եսոյանի 12.06.2024թ. վճիռը, որով բավարարվել էր վերը նշված անձանց հայցադիմումը՝ Փաստինֆոյի հոդվածում տեղ գտած արտահայտությունները զրպարտություն համարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը, որը ներկայացնում է «Փաստինֆո» լրատվական կայքի շահերը։
Նշենք, որ խոսքը այն հոդվածի մասին է, որով «Փաստինֆո»-ն իր իրականացրած մանրազնին լրատական հետաքննությամբ եկել էր եզրահանգման, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ապօրինի է՝ բացահայտելով հանրային հետաքրքրություն ներկայացնող արատավորող երևույթներ և կոռուպցիոն ռիսկեր։
Փաստաբանը հայտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել բողոքում մեր մի շարք պնդումները. օրիանակ, որ Ավինյանին ուղղված քննադատությունը կապված է եղել ոչ թե վերջինիս անձնական կյանքի, այլ՝ քաղաքական գործիչ, փոխքաղաքապետ և քաղաքապետի տեղակալի թեկնածուլինելու հետ։ Վերաքննիչ դատարանը այս տեսանկյունից նշել է. «հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»։
Վերաքննիչ դատարանը նաև հաստատված է համարել, որ Փաստինֆոյի հնչեցրած արտահայտությունները եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ քաղաքապետի թեքնածուի վարքագծին:
«Հետաքրքիր է, որ Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Պատասխանողը անգամ փորձել է ապացուցել, որ Փաստինֆոն նպատակ չի ունեցել նսեմացնել անձի արժանապատվությունը կամ գործարար համբաբվը, մի փաստ, որի ապացուցման բեռը ի սկզբանե պետք է դրվեր ոչ թե Փաստինֆո-ի, այլ՝ Ավինյանի և ԱՆԻֆ-ի վրա։ Հաստատված է համարել մեր պնդումը, որ այս առումով էլ առաջին ատյանի դատարանի փաստարկները եղել են վերացական (չհիմնավորված)։
Այսքանով հանդերձ Վերաքննիչ դատարանը նշել է, որ քանի որ առաջին ատյանի դատարանը սխալ է բաշխել, կամ պատշաճ չի բաշխել ապացուցման բեռը Վերաքննիչ դատարանը չի կարող վճիռը բեկանել և փոփոխել, այլ ստիպված է այն ամբողջ ծավալով ուղարկել նոր քննության՝ հաշվի առնելով իր որոշման պատճառաբանությունները»,- հայտնում է Հակոբյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2022թ. նոյեմբերի 28-ին «Փաստինֆո»-ն արձանագրել էր, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո Ավինյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) , տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը՝ այդպիսով միևնույն ժամանակ պաշտոնավարելով երկու անհամատեղելի պաշտոններում։
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ, ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող առեւտրային կազմակերպություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։
Ֆոնդը ստեղծվել է 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։ Փաստացի՝ գործ ունենք ոչ միայն ապօրինի պաշտոնավարման, այլև՝ կոռուպցիոն ռիսկերի հետ, քանի որ երկու պաշտոններում առկա է շահերի բախում։
«Փաստինֆո»-ն նախ բանավոր, ապա նաեւ գրավոր մի շարք հարցումներ էր իրականացրել ինչպես ԱՆԻՖ, քաղաքապետարան, այնպես էլ՝ Կառավարություն, Էկոնոմիկայի նախարարություն, ի վերջո հաջողվել է ստանալ ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, որով հաստատվեցին կոռուպցիոն ռիսկերի մեր կասկածները. Տիգրան Ավինյանը, լինելով փոխքաղաքապետ, ղեկավարում է առեւտրային կազմակերպություն. Նա է պատասխանատու խորհրդի աշխատանքների կազմակերպման համար, նա է վարում խորհրդի նիստերը, նախագահում ընդհանուր ժողովն ու ստորագրում թե ընդհանուր ժողովի, թե խորհրդի որոշումները, դրանցով հաստատված փաստաթղթերը։
Համենայն դեպս, կանոնադրության 16.2-րդ կետը հենց այս պարտականություններն է ամրագրել խորհրդի նախագահի համար։ Թե փոխքաղաքապետի աշխատաժամանակի քանի տոկոսն է Ավինյանը նվիրում ներդրումների համար պատասխանատու կառույցի աշխատանքների կազմակերպմանը ու ստանում՝ առերեւույթ ապօրինի վարձատրություն, հարցի մյուս կողմն է։ Իսկ եթե ինքը քաղաքապետարանում իր աշխատանքային ժամերին չի աշխատում ԱՆԻՖ-ի համար, ապա հարց է առաջանում, թե ոնց է ղեկավարում այն։
Մեր հրապարակումներից հետո տեղեկացանք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ուսումնասիրություն է իրականացվել եւ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել դատախազություն, որն էլ դրանք վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ապրիլի 22-ին նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը։
Աղբյուր` Փաստինֆո