«Մեր հողային պահանջատիրությունը միջազգային հանրային իրավունքին մեջ» գիրքը Մեթր Գասպար Տերտերյանի կյանքի 30 տարիների ուսումնասիրությունների արգասիքն է։ Իսկ Հայոց ցեղասպանության, Հայ դատի ճանաչման, Հայկական Սփյուռքի պահանջատիրության համար նա պայքարել է ամբողջ կյանքում՝ հիմքում ունենալով խնդրո առարկայի իրավական կռվանները։
Բժիշկ Հակոբ Այնթապյանի մեկենասությամբ, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագրության հետ համագործակցությամբ լույս է տեսել Մեթր Գասպար Տերտերյանի «Մեր հողային պահանջատիրությունը միջազգային հանրային իրավունքին մեջ» գրքի երրորդ հրատարակությունը։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում։
Իրավաբան, ցեղասպանագետ, միջազգայնագետ Գասպար Տերտերյանն ապրեց 88 տարի, տեսավ նաև արցախյան 44-օրյա պատերազմը։ Նրա վերջին ելույթը մահվանից 1 ամիս առաջ էր՝ 2021-ի հուլիսին։
Մեթր Գասպար Տերտերյանը, ուսումնասիրելով տարբեր ժողովուրդների ցեղասպանությունների պատմությունը, հանգամանքները, նախադեպ էր համարում ոչ թե հոլոքոստը, որովհետև հրեաները կոտորվել էին, բայց չէին հայրենազրկվել, այլ պաղեստինցիներին ու նրանց ՊԱԿ-ը՝ Պաղեստինի ազատագրական կազմակերպությունը։
ՏԱՀՔ-ը՝ Տարագիր արևմտահայության համասփյուռքյան կոնգրեսը, Տերտերյանի երազանքը, տեսլականն էր, որը, ցավոք, այդպես էլ իրականություն չդարձավ։ Նա ուզում էր, որ Սփյուռքը համախմբվեր և որպես իրավաբանական անձ՝ իր պահանջատիրությունը, հողի, հայրենիքի պահանջները ներկայացներ միջազգային ատյաններում։
Մեթր Գասպար Տերտերյանի ուսումնասիրությունները, պահանջատիրության սկզբունքային դրույթներն իրատեսական են, դրանք ուղենիշներ են, իսկ նրա ելույթները ցույց էին տալիս աշխարհաքաղաքական մարտահրավերներին որպես երկիր ու ազգ՝ չոչնչանալու, սեփական տեղն ու դիրքն ունենալու ելքերը։
Մեթր Գասպար Տերտերյանը Հայ դատի և հողային պահանջատիրության սկզբունքները ներկայացրել է առանց պաթոսի ու զգացմունքայնության, ներկայացրել անհերքելի փաստերով, իրավական ապացույցներով, որոնք կարող են տեղավորվել միջազգային իրավունքի համատեքստում։
Մանրամասները՝ տեսանյութում.