Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով. Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ը։
Արարատ Միրզոյանն իր ելույթում ասել է .«Շնորհակալ եմ, հարգելի՛ նախարար, այսօր առավոտյան մեր ունեցած լավ և բովանդակալից զրույցի համար: Դուք ունեք իմ հրավերն այցելելու իմ երկիր՝ Հայաստան, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:
Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ, Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել:
Այսօր ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և ևս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար:
Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի, հետ համագործակցությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ Նորդիկ-բալթյան երկրներն իրենց հերթին նույնպես դրսևորում են փոխադարձ հետաքրքրվածություն:
Մենք վճռական ենք մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացահայտելու հարցում և ողջունում ենք այն, որ այս մոտեցումը լայնորեն կիսում է նաև նորվեգական կողմը»: