Azg.am-ի զրուցակիցն է Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
-Պարո՛ն Մելիքյան, երեկ Մոսկվայում կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Վերջինս նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը այս փուլում հակված են և կարող են նման հնարավորություն տալ ՌԴ-ին։
-Խնդիրը ոչ այնքան Երևանի ու Բաքվի հակումներն են, որքան Մոսկվայի իրական հակվածությունը՝ կողմերի միջև իրական խաղաղության հասնելու տեսանկյունից։ Իրավիճակն այնքանով է յուրօրինակ, որ Մոսկվան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարող է հենվել բացառապես հայկական կողմի վրա, քանի որ հենց Փաշինյանի կառավարությունն է անթաքույց ձգտում ամեն գնով վերջ տալ այս հեղհեղուկ իրավիճակին, բայց, դրան հակառակ, ՌԴ քաղաքական ղեկավարությունն անտեսում է Բաքվից անդադար հնչող ռազմաշունչ հռետորաբանությունը և ինչ-ինչ մեղքեր բարդում հայկական կողմի վրա։
-Պարո՛ն Մելիքյան, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը միաժամանակ ընդգծեց, որ թեև նախորդ տարին բարդ էր հայ-ռուսական հարաբերությունների համար, Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Իրականում որքա՞ն կարևոր են Ռուսաստանի համար Հայաստանի հետ լավ հարաբերությունները։
-Չեմ կարծում, որ ռուսական կողմը ձեռքից բաց է թողել հայ-ռուսական հարաբերությունների կառավարման ղեկանիվը։ Այն տպավորությունն ունեմ, որ Մոսկվայի ու Երևանի միջև դիվանագիտական ու փորձագիտական մակարդակում պարբերաբար սրվող տգեղ լեզվակռիվն արհեստածին է և ծառայում է կոնկրետ քաղաքական նպատակների։
Տեսնում ենք, որ երկկողմ հարաբերությունները ռազմական ոլորտում սառեցված են, սակայն ոչ խզված, իսկ դրան զուգահեռ աննախադեպ բուռն զարգացում են ապրում տնտեսական կապերը։ Կարելի է ասել, որ Մոսկվան Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը կոմպենսացնում է տնտեսական համագործակցության ընդլայնման միջոցով։
Ստացվում է, որ ՀՀ ռազմական ոլորտի հարաբերական թուլությունը կամ թուլացումը ռուսական կողմը «չեզոքացնում» է Փաշինյանի կառավարությանն իր կողմից ցուցաբերած տնտեսական աջակցությամբ կամ անուղղակի ֆինանսավորմամբ։ Մի խոսքով՝ հետաքրքիր պատկեր է։
-Պարո՛ն Մելիքյան, ՀՀ արտգործնախարարն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։ Արդյոք Արարատ Միրզոյանի այս խոսքերը պետք է ընդունել որպես ակնարկ-նախազգուշացում։
-Ինչու՞ ակնարկ։ Մարդն ուղիղ ասել է, որ Մոսկվայի դիրքորոշումը համարում է կողմնակալ և ոչ-հավասարակշիռ։ Այսինքն՝ ասվել է, որ Մոսկվան Հայաստանի շահերի հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորում, և ինչ-ինչ հարցեր է լուծում այդ շահերի ոտնահարման միջոցով։
-Սերգեյ Լավրովը երեկ հայտարարեց, որ Մոսկվայի և Երևանի շփման դադարը հաղթահարված է՝ միաժամանակ հավելելով, որ կօգտվի Արարատ Միրզոյանի հրավերից և կայցելի Հայաստան։ Հնարավո՞ր է, որ սա մեկնարկ է՝ շտկելու Երևանի և Մոսկվայի միջև առկա ճգնաժամը։
-Մոսկվան, հավանաբար, ինքն իր ստեղծած «ճգնաժամը» հաղթահարու որոշում է կայացրել և դա անելու տեսանկյունից դժվար թե լուրջ խոչընդոտների հանդիպի։ Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մեր տարածաշրջանում առկա տարաբնույթ ուժերի ու շահերի հավասարակշռությունն անդառնալիորեն խախտված է, իսկ նոր բալանսի հաստատման համար անհրաժեշտ նախադրյալները ձևավորման սաղմնային փուլում են գտնվում։
Ուստի հայ-ռուսական հարաբերությունները կարող են պարբերաբար տարաբնույթ վայրիվերումների ենթարկվել։ Կարևորն այն է, որ կարողանանք խուսափել նոր կորուստներից։
-Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են փոխադարձ հյուպատոսական ներկայության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Սյունիքում՝ Հայաստանի ռազմավարական կարևոր մարզում։ Որքա՞ն կարևոր եք համարում այս կետը։
-Ստեղծված իրավիճակում Սյունիքը Հայաստանի պաշտպանության տեսանկյունից առավել խոցելի հատվածն է, որը նաև աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում է զգայուն տարածք մեր բոլոր հարևանների համար։ Այս առումով ռուսական կողմի ցանկությունն՝ այնտեղ հյուպատոսություն ունենալ միանգամայն բնական է։ Հայկական կողմը պետք է իր կողմից անի առավելագույնը, որ մեր այդ տարածաշրջանում օտար դիվանագիտական հիմնարկների առկայությունը լինի կայունացնող, այլ ոչ թե կոնֆլիկտածին գործոն։
-Սերգեյ Լավրովը միաժամանակ նշեց, որ իր հայ գործընկերոջ հետ պայմանավորվել են միմյանց հետ այսուհետ բաց և ազնիվ խոսել հուզող բոլոր հարցերի մասին։ Ի՞նչ կերպ կարող է սա ազդել երկկողմ հարաբերությունների իրական կարգավորման վրա։
-Այսպիսով, հավանաբար, ակնարկվում է, որ մինչ այս հանդիպումը կողմերն անկեղծ ու ազնիվ չեն եղել միմյանց հետ շփումներում։ Դա անշուշտ ունեցել է հիմնավոր պատճառներ։ Այս առումով կարևոր է հասկանալ, թե ինչն է փոխվել Երևանի ու Մոսկվայի մոտեցումներում այնպես, որ անկեղծությունը կրկին պահանջված ապրանք է դարձել։