ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման համար։
«Նա ցանկանում է հանդիպել, և մենք պատրաստվում ենք», – ասել է Թրամփը լրագրողներին՝ նախքան Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում հանրապետական նահանգապետերի հետ հանդիպելը:
«Նախագահ Պուտինը ցանկանում է հանդիպել։ Նա նույնիսկ հրապարակայնորեն ասել է դրա մասին. մենք պետք է վերջ տանք այս պատերազմին»,- հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը, որին նա բազմիցս խոստացել է վերջ տալ, բայց չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է պատրաստվում դա անել։
Թրամփը նաև չի հստակեցրել, թե երբ կարող է կայանալ հանդիպումը. նշում է Reuters-ը։
Կրեմլը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը, սակայն նախօրեին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ եթե Թրամփը մտադիր է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ հունվարի 20-ին երդմնակալությունից հետո, ապա դա Մոսկվայում միայն կողջունեն։
«Եթե պաշտոնը ստանձնելուց հետո շարունակվի ամենաբարձր մակարդակով շփումները վերսկսելու քաղաքական կամքը, ապա, իհարկե, նախագահ Պուտինը միայն կողջունի դա»,- ասել է նա։
Թրամփը ավելի վաղ խոստովանել էր, որ Պուտինի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ իր պաշտոնը ստանձնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։
Պեսկովը հինգշաբթի ասել է, որ մինչ այժմ ամերիկյան կողմից նման հանդիպման առաջարկ չի եղել։
Ինքը՝ Պուտինը, ուղիղ տեքստով դեկտեմբերին ասել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։
Նոյեմբերին, նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից մեկ շաբաթ անց, Washington Post-ը հայտնել էր , որ նորընտիր նախագահը հեռախոսով խոսել է Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայի պատերազմը։
Կրեմլն այս տեղեկությունն անվանել է «մաքուր հորինվածք»։