ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Սա վերջին տասը ամսում «Ազգ»-ի չորրորդ վերլուծականն է Վրաստանի ներքաղաքական պայքարից եւ հայ-վրացական հարաբերություններից մեր ակնկալիքի վերաբերյալ: Սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Վրաստանում թարմ մոտեցումների եւ նոր գաղափարների մեծ փնտրտուք է: Անցյալ տարի հաղթելով խորհրդարանական ընտրություններումՙ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ նրա գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը կամաց-կամաց տիրապետում են իշխանական լծակներին եւ չնայած երկու խոշոր իշխանական ճամբարներիՙ վարչապետ Իվանիշվիլու եւ նախագահ Սահակաշվիլու կողմնակիցների միջեւ պայքարը դեռեւս ավարտված չէ, քաղաքական վերլուծաբանները եւ դիտորդները միաբերան կանխատեսում են հենց վարչապետի թեկնածուի հաղթանակը առաջիկա ընտրություններում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, զրույցներ ունենալով Թբիլիսիում եւ Երեւանում Վրաստանը լավ իմացող քաղաքական գործիչների, լրագրողների եւ գործարարների հետ, մենք համոզվեցինք, որ քաղաքական իրադրության փոփոխությամբ Վրաստանի պարագայում հնարավոր են տարածաշրջանային նոր զարգացումներ, որից մեր երկիրը կարող է օգուտներ քաղել: Ապացուցելու համար, որ այս վերջին պնդումը լոկ հայկական լավատեսություն չէ, այլ իրական լիցքեր է պարունակում, փորձենք վերլուծել գալիք վրացական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի հայության իրական սպասելիքը:
Եթե իրականություն դառնա տարածաշրջանային ինտեգրացիան
Դեռ հունվարի 17-ին Երեւանում իր առաջին պաշտոնական այցի ժամանակ, վարչապետ Իվանիշվիլին խոսել էր տարածաշրջանային ինտեգրացիայի կարեւորության մասին, փաստորեն հայկական կողմին ազդանշան-ուղերձ հղելովՙ միասին մտածելու եւ աշխատելու այս ուղղությամբ: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանի դիտարկմամբՙ վարչապետ Իվանիշվիլին գլոբալ մտածողության եւ, մասնավորապես, տարածաշրջանային մասշտաբներով դատողություններ անող առաջնորդ է: Հենց դա է նրա գլխավոր տարբերությունը իր քաղաքական ընդդիմախոսներից: Ըստ Ս. Մարգարյանի, խոսելով հայ-վրացական ինտեգրացիայի, իսկ հետո նաեւ ընդհանրապես Հարավային Կովկասում ինտեգրացիայի գործընթացների ծավալման մասին, Վրաստանի վարչապետը փաստորեն փորձում է լուծել մի շարք քաղաքական հարցեր, կրկին մոռացությունից հանելով եւ իրական քաղաքական օրակարգի հարց դարձնելով ընդհանուր տարածաշրջանային ապագա կերտելու հին ու բնական ցանկությունները: Հիշեցնենք, որ դեռ 1996-1997 թթ. տարբեր մակարդակներում քննարկվել, սակայն ամենատարբեր պատճառներով այդպես էլ իրականություն չեն դարձել Հայաստանի եւ Վրաստանի մաքսային ծառայությունները մեկ միասնական համակարգի մեջ ամփոփելու ծրագրերը: Այնինչ, դա մեր տնտեսվարողների միահամուռ գնահատականով կարող էր էապես բարելավել թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի բիզնես միջավայրը: Հիշեցնենք նաեւ, որ 2007 թ. գարնանը, երկու երկրների կառավարությունների մակարդակով, որոշվել էր Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունները մեկ ընդհանուր տնտեսական շուկայի մեջ ինտեգրել: Այս գաղափարի իրականացմանը խանգարեցին 2008թ. օգոստոսյան պատերազմը, դրան հաջորդած քաղաքական լարվածությունը, եւ հատկապես վերջին տարիների գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ընդհանուր շուկայի եւ տնտեսական ինտեգրացիայի նոր ազդանշանները այսօր գալիս են Վրաստանից եւ դրանց համարժեք ազդանշանով պետք է պատասխանել: Վրացական այս նոր մոտեցումների պատճառները, ըստ վրաց վերլուծաբանների, մի քանիսն են: Դրանցից գլխավորն այն է, որ Վրաստանը կցանկանար թեթեւացնել իր կախվածությունը թուրք-ադրբեջանական շատ մեծացած ազդեցությունից, այն հավասարակշռելով Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները կարգավորելով եւ Վրաստանի տնտեսությունը ռուսական ներդրումների համար բացելով: Այստեղ Հայաստանը կարող է շատ դրական եւ բոլորի կողմից ընդունելի դերակատարություն ունենալ, նպաստելով, որ վերակենդանանա եւ աշխուժանա Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցքը, մանավանդ եթե Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի աշխույժ ջանքերի եւ աբխազական իշխանությունների համաձայնության պայմաններում վերսկսվի երթեւեկությունը աբխազական երկաթուղով: Չնայած, Վրաստանում այդ հարցի նկատմամբ կա նախագահ Սաակաշվիլու կողմնակիցների խիստ բացասական վերաբերմունքը, ինչպես նաեւ Ադրբեջանիՙ ժամանակին արված մերժողական հայտարարությունները, սակայն փաստ է, որ եթե սկսվեն իրական բանակցություններ եւ վերոհիշյալ կողմերից դրսեւորվի իրական պատրաստակամություն, այս հարցը այսօր ավելի մոտ է լուծման, քան երբեւէ վերջին քսանմեկ տարում: Ասում են, որ վարչապետ Իվանիշվիլու քաղաքական թիմում քննարկում են նաեւ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու տնտեսական եւ քաղաքական նպատակահարմարության հարցը, նկատի ունենալով, որ մոտակա ամիսներին շահագործման պատրաստ այս երկաթուղին կարող է փոքրացնել վրացական Փոթիի եւ Բաթումի նավահանգիստների թողունակությունը, փոխարենը մեծացնելով թուրքական նավահանգիստների եւ թուրքական երկաթուղու ծանրաբեռնվածությունը: Ընդհանրապես, վերաիմաստավորելով վերջին տարիների Վրաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքի բազմաթիվ իրողություններ, «Վրացական երազանքի» ակտիվիստները փաստորեն մեծ ասպարեզ են բացում նոր քննարկումների, նոր ծրագրերի եւ համագործակցության նոր դաշտերի համար: Նման ազդանշաններ եղել են թե՛ Հայաստանին (որին առանձին վրաց քաղաքական եւ հասարակական գործիչներ սկսել են նաեւ դաշնակից անվանել) եւ թե՛ Ռուսաստանին (որի հետ առեւտրի վերականգնման առաջին դրական արձագանքները արդեն ստացվում են): Ասել, թե աբխազական երկաթուղին, նույնիսկ ֆինանսական միջոցներ գտնվելու դեպքում, հեշտորեն կվերաբացվի, մեծ միամտություն է: Այդ բանակցություններում աբխազական կողմը կփորձի իր համար նաեւ քաղաքական դիվիդենտներ պահանջել, վրացական կողմը կբախվի ներքին ընդդիմության աղմկոտ դիմադրությանը, հայկական կողմից կպահանջվեն մեծ ջանքերՙ համադրելու բոլոր կողմերի ցանկությունները, եւ, մի խոսքով, այս խմորը կարող է շատ ջուր քաշել: Բայց որ Հայաստանն առաջին անգամ վերջին քսանամյակում հնարավորություն է ստանում մասնակի շրջափակումից դուրս գալուն ուղղված, սեփական կամքով թելադրված ինքնուրույն քայլեր անել, որեւէ կասկածից վեր է: Հայաստանում պետք է գտնվեն շահագրգիռ քաղաքական եւ տնտեսական ուժեր, որոնք պետք է փորձեն մեր երկիրը մոտեցնել եվրասիական տնտեսական տարածքին աբխազական երկաթուղու միջոցով:
Վրացահայության ակնկալիքի շուրջը
Ծագումով վրացահայ իմ բոլոր զրուցակիցները միաբերան պնդում են, որ խոշոր հաշվով վրացահայության գլխավոր ակնկալիքը Վրաստանի եւ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները էլ ավելի ամրապնդելն է: Մեծ հաշվով, վրացահայության առաքելությունը մեր երկու երկրների միջեւ ամուր կապող օղակ լինելն է: Վրացահայերը ունեն նաեւ իրենց ազգային համայնական կյանքը զարգացնելու ցանկություն: Կան նաեւ Սամցխե-Ջավախեթիում (Ջավախքում) տնտեսության զարգացման, ազգային հոգեւոր կյանքի կազմակերպման հետ կապված հարցեր: Ասում են, որ վարչապետ Իվանիշվիլին, լինելով Ջավախքում նախընտրական շրջանում, առաջին անգամ պարզ ու շիտակ խոսել է կուտակված հարցերի մասին: Տվել է խոստումներ եւ սկսել է այդ խոստումներից շատերն արդեն իրականացնել: Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ վերջին ամիսներին կառավարության իրականացրած տնտեսական ձեռնարկների եւ մյուս խնդիրները երկխոսության ու բարյացակամության մտնոլորթում լուծելու պատրաստակամության պայմաններում, «Վրացական երազանքը» վաստակել է ջավախահայերի ճնշող մեծամասնության կայուն համակրանքը, եւ նրանք պարզապես քվեարկելու են Իվանիշվիլու թեկնածուի օգտին: Այդ դրական քայլերից են, օրինակ, որ գյուղացիներին գարնան գյուղատնտեսական աշխատանքները հաջող իրականացնելու համար տրվեցին նպատակային միասնական վաուչերներ (փաստաթուղթ, որը հնարավորություն է տալիս նպատակային օգտագործելու տրամադրված ֆինանսական միջոցը): Կամՙ կառավարությունը հատկացրեց 200 մլն լարի ընդհանուր գումար, տեղական իշխանության մարմինների ներկայացրած ծրագրերը ֆինանսավորելու համար: Այդ ծրագրերից սկսեցին օգտվել նաեւ ջավախեցիները: Կրթական-մշակութային ոլորտի մի կոնկրետ ակնկալիքը նահանգի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը ավելացնելու հարցն է, ինչպես նաեւ ձգտումը, ճկուն փոխհամաձայնության մթնոլորտում գտնել ջավախահայությանՙ վրացական հասարակության մեջ ինտեգրվելու ճանապարհին փոխադարձ ընդունելի լուծումներ: Ջավախայության հարգված ներկայացուցիչներն ասում են, որ նոր իշխանության բացությունը եւ հարցեր լուծելու ընդունակությունը լավատեսության հիմքեր են ստեղծում համագործակցության համար: Օրինակՙ կարեւոր հարցերից մեկը համարվող, Հայ եւ Վրաց եկեղեցիների միջեւ վիճարկվող հինգ թբիլիսյան եւ մեկ ջավախյան եկեղեցիների պատկանելության հարցը լուծելու գերբարդ գործում վարչապետ Իվանիշվիլին մեծ հարգանքի արժանի միջանկյալ լուծում է առաջարկել: Նա ասում է, որ այդ հարցը կլուծեն երկու եկեղեցիները, իսկ քանի դեռ չի լուծվել, ինքը պատրաստ է վերանորոգել եւ արդեն նորոգված հաջորդ սերնդին հանձնել դրանք: Սամցխե-Ջավախեթիի (Ջավախքի) մեծ մասը հայեր են, որոնց թիվը, պաշտոնական տվյալներով, կազմում է ավելի քան 150 հազար մարդ: Նահանգի մտավորականների մտահոգության հիմնական առարկան հայ համայնքի հայեցի դիմագիծը պահպանելու հարցն է, չնայած բոլորը նաեւ հասկանում են, որ նոր Վրաստանում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լիարժեքորեն ինտեգրվել վրացական հասարակությանը: Իմ զրուցակիցներից մեկը նույնիսկ ասում էր, որ հիմա խոսում են լիարժեք ինտեգրման մասին նախորդ տարիների, փաստորեն, ուծացման մասին խոսելուց հետո: Սա ընդունելի եւ հասկանալի է:
Թբիլիսիում պատկերն այլ է: Այստեղ է հավաքված վրացահայ մտավորականության մեծ մասը, այստեղ են գործում ազգային հասարակական գլխավոր կառույցները, այստեղ են պահպանվում Թիֆլիսի հայության հազարամյա ավանդույթները: Բայց Թբիլիսիի միայն չորս դպրոցներում են այսօր դասավանդում հայոց լեզու եւ միայն մեկ դպրոց է, որ կարելի է անվանել հայկական: Թբիլիսիի ռուսական դպրոցների ճնշող մեծամասնությունը ազգությամբ հայ աշակերտներ են: Սրանք իրողություններ են, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել: Վրացահայությունը վրացական հասարակությանը լիարժեքորեն ինտեգրվելու ճանապարհի զգալի մասը արդեն անցել է, թբիլիսահայությունըՙ ավելի առաջ: Այժմ խնդիրը վառ եւ վրաց միջավայրի համար ընդունելի հայազգի գործիչներ ի հայտ բերելն էՙ այդ գործին, մասնավորապես, երիտասարդությանը եւ միջին սերնդին նպատակամղելու ճանապարհով: Թբիլիսյան բուհերում այսօր սովորող մոտ 600 ջավախեցիների մեծագույն մասը հաջողությամբ է յուրացնում վրացերենով դասավանդվող առարկաները: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ ուսանողները այնուամենայնիվ ուզում են տեղափոխվել Երեւան եւ բարձրագույն կրթությունը շարունակել հայերեն: Սրանք անցման փուլի դժվարություններ են, եւ կոնկրետ դեպքերը կոնկրետ մոտեցումներ ու լուծումներ են պահանջում: Այսպես են կարծում վրացահայության հեղինակավոր ներկայացուցիչները, ովքեր ամեն օր կոնկրետ աշխատանք են տանում հայ-վրացական հարաբերությունների զարգացման եւ այդ հարաբերությունները կոնկրետ դրական բովանդակությամբ լցնելու համար:
Եթե Հայաստանի եւ Վրաստանի իշխանավորները գտնեն հնարավորություններ եւ գործադրեն համապատասխան ջանքեր հայ-վրացական համագործակցությունը մի նոր աստիճանի բարձրացնելու համար, դրանով գործնական քայլ կատարած կլինեն նաեւ Մաքսային միության տարածքին միանալու ուղղությամբ: Չնայած նախընտրական աշխուժությանը Վրաստանումՙ իմ բոլոր զրուցակիցները հավաստիացրել են, որ այնտեղ աշխատող հայաստանցիների ներդրումների եւ ձեռնարկատիրական աշխուժության համար որեւէ վտանգ կամ սպառնալիք չկա: Իմ զրուցակիցները հավաստիացրել են նաեւ, որ գործարար աշխուժությունը Վրաստանում շարունակվելու է նաեւ ապագայում, եւ տնտեսական կյանքին վերաբերող վրացական օրենքները շարունակելու են գրավիչ մնալ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի համար:
Եվ վերջին դրույթը: Վրաստանի տնտեսական կյանքում հսկայական ազդեցություն ունի Ադրբեջանը: Ադրբեջանական նավթային «Սոքար» ընկերությունը Վրաստանի խոշորագույն հարկատուն է: Ադրբեջանը Վրաստանին մեծածավալ վարկ է տրամադրել, ինչպես նաեւ ապահովում է էժան գազով: Սրանք փաստարկներ են, որոնք չեն կարող չազդել քաղաքական մթնոլորտի վրա: Բայց Հայաստանը կարող է եւ պետք է զարգացնի բազմաբնույթ համագործակցությունը Վրաստանի հետ, որովհետեւ նման համագործակցության համար թե՛ Վրաստանից են ազդանշաններ ստացվում եւ թե՛ տարածաշրջանային զարգացումներն են դա հուշում: Բաց թողնելով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու այս նոր հնարավորությունները, մենք կխորացնենք մեր երկրի մեկուսացվածությունը եւ հեռու կմնանք տարածաշրջանային ինտեգրացիայի ապագա բարեբեր պտուղներից: