Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը չի հավատում, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի իմացել՝ ԱՄՆ ուղևորության իր ավիատոմսը գնվել է 7 մլն դրամով:
«Իհարկե, չեմ հավատում, որովհետև Ավինյանը նստել է ինքնաթիռում բիզնես դաս, նա չէր կարող չնկատել, որ նա գտնվում է բիզնես դասում, որը արդեն իսկ ավելի թանկ էր»,-նշեց Աբգարյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ Տիգրան Ավինյանը տոմսի աարժեքը փոխհատwuցելու մասին սկսեց խոսել միայն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճից հետո, երբ վերջինս փաստաթուղթը հրապարակային ցուցադրեց։
«Կարծում եմ՝ դա տեղի է ունեցել` տեսնելով հանրության վերաբերմունքը:
Միայն տոմսի արժեքի վերադարձը ծիծաղելու է իրականում, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, ունի իր անունը՝ բյուջեի վատնում։ Բյուջեի վատնման հատկանիշներով պետք է ուսումնասիրություն անեն և պարզեն՝ ինչու է այդ պատվերը արվել այդքան թանկ գներով: Բյուջեի մսխումը և վատնումը հենց այն կետն է, որի հիման վրա ավագանին կարող է իմպիչմենտի ենթարկել քաղաքապետին»,-շեշտեց ավագանու անդամը:
Իզաբելլա Աբգարյանի համոզմամբ՝ գումար վերադարձները Տիգրան Ավինյանի կողմից հարկադրված քայլ էր։
«Ես կարող եմ այլ օրինակներ էլ բերել, եթե նայեք ուղևորությունները, թե տարվա ընթացքում ուր, ինչ կազմով և որտեղ են մնում, դուք կհասկանաք, որ բյուջեն վատնվում է:
Եթե նայենք իր հայտարարագիրը, կտեսնեք, որ բավականին ունեցվածք ունի, շատ լավ է, թող վերադարձնի, բյուջեն որքան գումար վերադառնա այդքան լավ»,- նշեց Աբգարյանը։